Վրաստան-Արևմուտք ճգնաժամի խորացումը նեղացնելու է ՀՀ-ի մանևրի հնարավորությունները․ վրացագետ

«Վրաստանում սպասվող ընտրությունները վերջին 20 տարվա ամենաբարդ ու մրցակցային ընտրություններն են լինելու՝ հնարավոր հետընտրական զարգացումներով»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, դրանց արտաքին քաղաքական հետևանքներին ու ասպեկտներին։

Մելիքյանի խոսքով՝ Վրաստանում կայանալիք ընտրություններն էականորեն կապված են Հայաստանի հետ, քանի որ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ (բարդ հարաբերություններն Արևմուտքի հետ), կարող է ունենալ տարածաշրջանային հետևանքներ։

Վրացագետի դիտարկմամբ՝ սպասվող ընտրությունները լինելու են մրցակցային և վերջին 20 տարիների ընթացքում ամենաբարդը, ուստի այստեղ շատ կարևոր է, սպասելի է, որ հետընտրական գործընթացներ են լինելու, միգուցե ընտրություններից առաջ ևս պրոցեսներ տեղի ունենան։

Ըստ նրա՝ հետընտրական գործընթացները կախված են նրանից, թե ինչպիսի արդյունք կունենան ընտրությունները, ինչպես կդիրքավորվի Արևմուտքը։

Կարդացեք նաև

Մելիքյանի խոսքով, եթե գործընթացները նեգատիվ սցենարով զարգանան, է՛լ ավելի խորանա ճգնաժամը Վրաստան-Արևմուտք հարաբերություններում, ապա պարզ է, որ դա ՀՀ-ի վրա չի կարող չանդրադառնալ՝ ավելի նեղացնելով ՀՀ-ի մանևրելու հնարավորությունները։

«Վերջին տարիներին մենք օգտվում էինք մի իրավիճակից, երբ մի կողմից Վրաստանի այս իշխանությունները կարողանում էին կառուցել քիչ թե շատ կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ այն իմաստով, որ կար տնտեսական համագործակցություն, կոնֆլիկտայնությունը մինիմալի է իջել, չնայած Վրաստանի՝ Ռուսաստանի հանդեպ տարածքային պահանջներին, բայց քաղաքականը անջատվել էր տնտեսական և այլ հարցերից, ու քիչ թե շատ կոնֆլիկտը պակասել էր, Լարսը բաց էր, աշխատում էր, ենթակառուցվածքները դեպի Լարս վերանորոգվում էին, մոդեռնիզացվում էին, ինչը մեր տնտեսության համար կարևոր էր։ Կար դինամիկա ԵՄ-ի հետ հարաբերություններում, Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ Բայց այն, ինչ այսօր է տեղի ունենում, ընտրությունները կարող են բարդացնել՝ նեղացնելով մեր մանևրի հնարավորությունները։

Եթե պատկերացնենք սցենար, որ ընտրությունների արդյունքում հարաբերություններն Արևմուտքի հետ մինիմալի են հասցվում, կամ արտաքին վեկտորը փոխվում է, որի մասին շատ են խոսում, ապա կավելանա տարածաշրջանային երկրների դերակատարությունը՝ Թուրքիան, Ադրբեջանը կարող են այս ամենից օգտվել, ինչը բացասական կանդրադառնա մեր վրա։ Մյուս կողմից՝ եթե փոխվեց իշխանությունը, և նոր քաղաքական ուժը գա իշխանության, և լարվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, կլինի մյուս նեգատիվ սցենարը։ Մեր պետական շահերի տեսանկյունից կարևոր է, որպեսզի այն բալանսը, որն այս տարիների ընթացքում կար Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ դրանով իսկ պայմանավորված Թուրքիան և Ադրբեջանը ևս բալանսավորված էին Չինաստանով, պահպանվի»,- ասաց Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս