««Պասերով» խաղալով՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանի թիմն Արցախին զրկում են ինքնապաշտպանության հնարավորությունից». Կարեն Վրթանեսյան

Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը խոսում է Բերձորի ճանապարհին՝ Շուշիի հատվածում անցակետեր՝ ռենտգեն սարքեր տեղադրելու մասին։

Փետրվարի 28-ին, Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։

Դրա (Լաչինի միջանցքի.- Զ.Խ.) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտություն։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետի ստեղծում»։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկություններին, դրանց հնարավոր հետևանքների և Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց, որ իրականում Լավրովն անցակետեր տեղադրելը չի հերքել, դա այդպես է ներկայացվել հայկական մեդիատիրույթում, թե իբր Լավրովը հերքել է։

Կարդացեք նաև

«Լավրովն ասաց, որ ադրբեջանցիները չեն դնի, նրանք չեն կանգնի, բայց իրենք կունենան հնարավորություն այդ սարքերով ամեն ինչ դիտելու։ Նրա խոսքից ստացվեց, որ այդ սարքերը կտեղադրեն ռուս խաղաղապահները, գործը կանեն խաղաղապահները, տեղեկատվություն կստանան նաև ադրբեջանցիները։ Սա էր Լավրովի ասածը։

Այսինքն՝ ըստ էության Լավրովն էլ հաստատեց, որ ռենտգեն սարքեր տեղադրելու պահանջը կա, և ամենայն հավանականությամբ դրվելու է»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի մեկնաբանությամբ՝ այս ամենը նշանակում է, որ այն գործընթացը, որը սկսել էր Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության բանակի կազմաքանդում, ադրբեջանցիներն այդ գործընթացն արդեն անմիջապես իրենց վերահսկողության տակ են առնում։

«Այնպես են անում, որպեսզի հանկարծ Արցախ զենք չմտնի, Արցախի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները վերացնում, ապամոնտաժում են։ Ըստ էության ձեռք ձեռքի տված, պասերով խաղալով՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանի թիմն Արցախին զրկում են ինքնապաշտպանության հնարավորությունից»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, մասնավորապես՝ փետրվարի 28-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Արցախն ու Ադրբեջանը թող բանակցեն իրենց հարցերի շուրջ, և դրանից բխող մեր հարցին, թե բանակցություններում Արցախին միայնակ թողնելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց.

«Ադրբեջանի նպատակն Արցախի լրիվ հայաթափումն է, եթե ստացվի՝ նաև Հայաստանը։ Նրանք անընդհատ ձգտելու են այդ նպատակին, անընդհատ ինչ-որ պահանջներ են առաջ քաշելու, անտանելի պայմաններ են ստեղծելու և այլն։ Իրենց վերջնական նպատակն Արցախն ամբողջովին դատարկելն է, առհասարակ հայկական ներկայությունն այս տարածաշրջանում վերացնելը։ Իրենք աշխատում են այդ տրամաբանության մեջ, և Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները, ի դեմս նույն Ալեն Սիմոնյանի, ադրբեջանական գործընթացի մի մասն են, իրենք ըստ էության Հայաստանում ներկայացնում են Ադրբեջանին և Թուրքիային»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս