Դրական սպասում ունեմ՝ մենք հաղթանակ ենք արձանագրելու ՄԱԿ-ի դատարանում. ունենք դիրքային առավելություն. Սիրանուշ Սահակյան

«Իրավաբանական, մասնագիտական թիմի աշխատանքը ես միշտ տարանջատել եմ կառավարության աշխատանքից: Եթե որոշակի առումով քննադատության առարկա ենք դարձրել քաղաքական կամ դիվանագիտական հարթությունում, ընդհուպ ռազմական ոլորտում աշխատանքը, ապա մշտապես բարձր և խիստ պրոֆեսիոնալ եմ համարել իրավական թիմի աշխատանքը: Այստեղ ռազմավարապես ճիշտ որոշումներ են կայացվում, ունեն բավարար կոմպետենտություն, և կարող եմ ասել՝ այս պահին բացառապես իրավական հարթակի միջոցով ենք կարողանում զսպել վայրի քաղաքականությունը, և իրավական հարթակն է, որ այլընտրանք է քաղաքական հարթության մեջ և որոշակի առումով կաշկանդում է դերակատարներին»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում միջազգային իրավական համագործակցության թիմի աշխատանքը:

Ըստ նրա՝ գործընթացը լավ նախապատրաստված էր, ի սկզբանե նաև ճիշտ էր ընտրված միջոցը, այսինքն՝ ընթացող դատավարության շրջանակներում իրապես կարելի էր տեսնել կապ Բերձորի (Լաչինի) միջանցքն արգելափակելու և խտրականության քաղաքականության միջև, ուստի հետևողական կերպով այս հարցը բարձրաձայնվեց:

«Իմ սպասելիքները մեծ են, և մենք ունենք նաև դիրքային առավելություն: Մի քանի շաբաթ առաջ ՄԻԵԴ-ում առաջին անգամ ունեցանք միակողմանի հաղթանակ, որովհետև ՄԻԵԴ-ը բավարարեց հայկական կողմի պահանջը և ամբողջովին մերժեց Ադրբեջանի պահանջը: Այս դատարանների իրավասությունները տարբեր են, սակայն նույնաբովանդակ խնդիրներ դրված են ՄԱԿ-ի դատարանում: Կարծում եմ՝ փաստակազմը դարձյալ խոսում է հայկական պահանջների օգտին, ուստի ես դրական սպասում ունեմ, որ մենք հաղթանակ ենք արձանագրելու ՄԱԿ-ի դատարանում:

Ինչ վերաբերում է ականապատ տարածքների վերաբերյալ Ադրբեջանի հայցին և հայկական կողմի այն դիտարկումներին, թե ականները տեղադրված են Հայաստանի ինքնիշխան տարածքում ինքնապաշտպանական նպատակներով, միջազգային իրավունքի մասնագետն ասաց՝ այդ փաստերը բարձրաձայնված են դատարանում, և դատարանն անխուսափելիորեն անդրադարձ է կատարելու դրանց, բայց դատարանի համար այլ կարևոր նշանակություն ունեցող իրավական հարցադրում կա, թե անգամ ականապատման փաստի հաստատման պարագայում որքանո՞վ է այն առնչվում ռասայական խտրականության խնդրի հետ:

Կարդացեք նաև

«Ինքնին ականապատում իրականացնելը ռասայական խտրականություն բացահայտող գործողություն չէ, մինչդեռ ՄԱԿ-ի դատարանը գործը քննում է ռասայական խտրականության համատեքստում: Դրա համար սրա կարևոր հարցադրումներից մեկը պատճառահետևանքային կապն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ նրա՝ նախ ադրբեջանական կողմը չի կարողանալու հիմնավորել Հայաստանի սահմաններից դուրս, և ինքը գրեթե անհնարին է համարում խտրականության համատեքստում ականապատման հարցը դնելը:

Հարցին՝ դատարանի վճիռը որքանո՞վ կարող է զսպել Ադրբեջանին, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ դատարանի վճիռն անխուսափելիորեն ազդեցություն ունենալու է, և Դատարանի վճռի գոյության պայմաններում այս խաթարումներն ընկալվելու և մեկնաբանվելու են որպես դատական ակտի միտումնավոր չկատարում:

«Դրանք ոտնձգություն են նաև այն միջազգային կառույցների դեմ, ում հովանու ներքո գործում է դատարանը: Եվ այստեղ մենք չենք ունենա բացառապես Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան փոխհարաբերություններ, կունենանք Ադրբեջան-միջազգային կառույց փոխհարաբերություններ: Եվ ես կարծում եմ, որ այս կառույցները սեփական հեղինակությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ ավելի կոշտ միջոցների կարող են դիմել՝ Բաքվի իշխանությունների վարքը միջազգային իրավունքին համապատասխանեցնելու տեսանկյունից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այս դատական ակտերը բավարար հիմք են, որ մի շարք չեզոք կամ անդեմ կեցվածք դրսևորող երկրներ կամ միջազգային կառույցներ գործողություններ իրականացնեն, որովհետև առանց իրավական որոշումների՝ նրանք իրենց պետությունը խոցելի են համարում և չեն ուզում վտանգել Բաքվի հետ ունեցած իրենց բարիդրացիական հարաբերությունները:

«Երբեմն կասկածի տակ են դնում հայկական կողմի փաստարկները՝ մատնանշելով, որ այդ մեղադրանքները երկկողմանի են, և մեզ համար դժվար է հասկանալ՝ որտեղ է արդարությունը: Այս ակտերի գոյության պայմաններում կարելի է շատ արդյունավետ դիվանագիտական աշխատանք կատարել և Հայաստանի կողմ բերել մեծաթիվ պետությունների և կառույցների: Այս դատական ակտն արդեն իսկ կունենա հաստատված փաստեր, ապացույցներ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ մի ուղղությունը կարող է լինել սա, երբ դատական ակտը կապիտալացվում է դիվանագիտական աշխատանքով, և երկրորդը՝ թեև միջազգային դատարանների դատական ակտերը կատարելու հարկադրող, կենտրոնացված մարմին գոյություն չունի, սակայն միջազգային իրավունքը ևս ունի մեխանիզմներ, երբ պետությունները կամ միջազգային կազմակերպությունները գործի են դնում իրենց քաղաքական ուժը, որպեսզի դատական ակտերն անկատար չմնան:

«Որպես կանոն՝ սկսում են գործել այդ կառույցի շրջանակներում աշխատող գործադիր կամ անգամ օրենսդիր ֆունկցիա իրականացնող մարմինները: ՄԱԿ-ի պարագայում դա կարող է լինել Գլխավոր ասամբլեան կամ, ինչո՞ւ ոչ, նաև Անվտանգության խորհուրդը: Եվ եթե Ադրբեջանը միտումնավոր հրաժարվի ՄԱԿ-ի դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշումը կատարելուց, ՄԱԿ-ի տարբեր մարմիններում քննարկման առարկա կդառնա Ադրբեջանի վարքը, և նրանք կարող են դադարեցնել նրա հետ առանձին ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ նաև տնտեսական: Դրա հնարավորությունն ունեն և կարող են կոչերից մինչև պատժամիջոցներ գործիքակազմը կիրառել ՄԱԿ-ի շրջանակներում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Խոսելով Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի արգելափակման ու դրա փաթեթավորման մասին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ «էկոակտիվիստների» ներդնումը ադրբեջանական հատուկ ծառայությունների պրոյեկտ է, բայց ոչ հաջողված, քանի որ միջազգայնորեն բացահայտվեց դրածո խմբի գոյությունը:

«Եվ այն խնդիրը, որը նրանք փորձում էին լուծել՝ տարանջատելով պետության գործողությունները մասնավոր նախաձեռնությունից, չստացվեց: Այս խմբերն ուղղորդվում և ֆինանսավորվում են պետության կողմից, և միջազգային իրավունքում գոյություն ունի նորմ՝ պատվիրակման արդյունքում այդ անձանց գործողությունների համար մարդու իրավունքների խախտումներով պատասխանատվություն կրելը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Սիրանուշ Սահակյանը շեշտում է՝ պետք է գիտակցել, որ գործ ունենք ոչ թե միջքաղաքային, միջմարզային ճանապարհի, այլ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի հետ, որը սպասարկում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական նշանակություն ունեցող ապրանքների տեղափոխումն ու մատակարարումը:

«Ուստի միջանցքի արգելափակումը անգամ հավաքների ազատության տեսանկյունից իր նախադեպը չունի, և այն անթույլատրելի է՝ հաշվի առնելով միջանցքների կենսական նշանակությունն այնտեղ ապրող քաղաքացիների համար: Եվ նաև միջազգայնորեն ընդունված է, որ Լաչինի միջանցքն ունի մարդասիրական նշանակություն, և հենց այս նշանակությունը բացառում էր այն արգելափակելը: Դրա համար Ադրբեջանի պատասխանատվությունն այստեղ երկակի է՝ նախ, որ չպետք է ուղղորդեր բնապահպաններին, և հենց հակահայկական երգերի կամ լոզունգների ներքո ժամանելը բացահայտում է նրանց իրական նպատակները, երկրորդը, եթե անգամ նրանք լինեին իրական բնապահպաններ, Ադրբեջանն ուներ այդ հավաքները մի քանի ժամ անց ցրելու պարտականություն, ինչը չի կատարել, ինչի ուժով էլ պետք է վրա հասնի միջազգային պատասխանատվություն մարդու իրավունքների խախտումների համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս