Ոստիկանությունը կոծկում է Դանիել Իոաննիսյանի խուլիգան պահվածքը. կրակոցներ ու պարկուճներ` Սևանի ափին
Թեպետ փաշինյանական-ՔՊ-ական իշխանությունը հրաշալի գիտի ու պետք եղած ժամանակ լիուլի կիրառում է քաղաքական հովանավորության` որպես կոռուպցիայի ամենավառ դրսևորման խաղաքարտը (իհարկե, միայն նախկինների համատեքստում.- Գ.Ս.), սակայն աչք է փակում, երբ քաղաքական կոռուպցիայի շահառուները յուրայիններն են։
Խոսենք ամենավերջին ու ամենաթարմ փաստով։
168.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականների միակ ու անկրկնելի, իրավունքի բոլոր ճյուղերի կարկառուն մասնագետ, իրականում իրավունքի ու իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող, պաշտոնյաներ ընտրող ու ատեստավորող բոլոր հնարավոր հանձնաժողովների անդամ, Հայաստանում պարեկային ձախողված ծառայության ներդրման ջատագով ու հեղինակ, եվրոպական բոլոր կառույցների և այս իշխանությունների սիրելի կրթությամբ ֆիզիկոս «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը, ով մարդու իրավունքների ամենացցուն ու տևական խախտումների մասին հանկարծ ու պատահաբար է իմանում, այնքան է կտրվել գետնից ու իրականությունից, այնքան է աճել, որ թքած ունի օրենքի և օրինականության, հասարակական կարգի պաշտպանության նորմերի վրա, ու իրեն կարող է թույլ տալ արարք, որի պարագայում Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ համակարգի հովանավորությունը չվայելող ցանկացած ոք վայրկենապես կհայտնվեր ճաղերի հետևում։
Փաստեր ստուգող ու իր ստեղծած համանուն հարթակում դրանք խրոխտ կերպով տեղադրող ու մեդիաներին դասեր տվող Դանիել Իոաննիսյանը մոռանում է, սակայն, որ Հայաստանի նման երկրում ամեն բան շատ արագ բացահայտվում է։
Այսպես` 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով` նախորդ կիրակի օրը Դանիել Իոաննիսյանը Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքում իրեն հրաձգարանում է պատկերացրել ու մի քանի ընկերների հետ միասին հրազենի կիրառմամբ զվարճանքի (իսկ միգուցե այլ գործողության, դա թող իրավապահները պարզեն,- Գ.Ս.) նոր տեսակ է հորինել։
Դանիել Իոաննիսյանն իրեն պատկանող հրազենի 2 տեսակներով` ակոսափող և հարթափող, չգիտես՝ ալկոհոլի՞, թե՞ հոգեներգործուն այլ միջոցների ազդեցության տակ (դա էլ թող փորձաքննությունը պարզի.- Գ.Ս.), այնքան է այդ տարածքում անկանոն կրակոցներ արձակել, որ դեպքի վայր են ժամանել այդ ձայները լսած պարեկները ու տեղում հայտնաբերել կրակված պարկուճներ։
Սա` այս գործը կոծկող ՆԳՆ-ի, նախարար Արփինե Սարգսյանի ու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի համար, որ իրենց հովանավորության համար որպես արդարացում չբերեն, թե տարածքն ամայի է եղել։ Փաստորեն, այնքան էլ ամայի չի եղել, եթե պարեկները ձայները լսել են։
Հիմա` ամենաուշագրավը։
ՆԳՆ-ն` իր ոստիկանությամբ ու դրա ղեկավարով, իհարկե, քաջ տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել, բայց քանի որ գլխավոր գործող անձը Դանիել Իոաննիսյանն է եղել, վարչականով արագ փակել են թեման, անգամ նյութերը քննչական մարմնին չեն փոխանցել, ուշադիր… Որ հանկարծ քրեական վարույթ չնախաձեռնվի` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Դանիել Իոաննիսյանը շուտով ընտրություններ պիտի դիտարկի, իրեն ներկայացնի ընտրությունների թափանցիկության առաջամարտիկի դիրքերից, ՔՊ-ին դեռ շատ է պետք գալու քարոզչական դաշտում, հետևաբար՝
ա) ինչո՞ւ նեղացնել իրենց սիրելի աշխատողին,
բ) ինչո՞ւ առիթը բաց թողնել վերջինիս ավելի մեծ կախվածության մեջ գցելու համար։
Հիմա հարցեր՝ Արամ Հովհաննիսյանին ու նրա վերադաս Արփինե Սարգսյանին.
- Ինչո՞ւ է կոծկվել Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ենթադրյալ առնվազն խուլիգանության դեպքը (որովհետև մենք չգիտենք` ինչ է տեղի ունեցել այնտեղ,- Գ.Ս.)
- Ինչո՞ւ պարեկների հայտնաբերած ու արձանագրած նյութերը չեն հասել Քննչական կոմիտե
- Ինչո՞ւ այս մասին չկա որևէ հաղորդագրություն
- Եվ, ի վերջո, ի՞նչ կլիներ որևէ այլ քաղաքացու հետ, եթե այդ քաղաքացու անունը չլիներ Դանիել Իոաննիսյան ու հատկապես` եթե այդ քաղաքացին ի հավելումն՝ նաև ընդդիմադիր կողմնորոշում ունենար։
Հարցերը հռետորական չեն։
Այս ցցուն դեպքը հատկապես պետք է հետաքրքրի այն միջազգային կազմակերպություններին ու կառույցներին, ովքեր փող են տալիս Դանիել Իոաննիսյանին, ֆինանսավորում են նրա գործունեությունը, և ում զեկույցներ է ուղարկում վերջինս։
Նրանք պետք է իմանան, որ փող են տալիս մեկին, ով ունի խուլիգանական պահվածք, օգտվում է իշխանության հովանավորությունից, կոռուպցիոն թելերով կապված է նրանց հետ ու արդեն իսկ գտնվում է իշխանության մամլիչի տակ։ Արդյո՞ք արժանահավատ կարող են լինել նրա կողմից ուղարկված զեկույցները, թող եզրակացնեն նշյալ կազմակերպությունները։
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարկման, երբ տեղեկացանք, որ այսօր կառավարության որոշմամբ՝ Դանիել Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: