«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռը, և դա գրված է որոշման մեջ, ունի իրավաբանորեն պարտադիր կատարման բնույթ: Ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար: Սա նշանակում է, որ հասցեատեր պետությունը անմիջապես այդ պահից պետք է քայլեր ձեռնարկի այն կատարելու ուղղությամբ»,- այսօր «Արմենպրեսում» մամլո ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Իմ սպասելիքները մեծ են, և մենք ունենք նաև դիրքային առավելություն: Մի քանի շաբաթ առաջ ՄԻԵԴ-ում առաջին անգամ ունեցանք միակողմանի հաղթանակ, որովհետև ՄԻԵԴ-ը բավարարեց հայկական կողմի պահանջը և ամբողջովին մերժեց Ադրբեջանի պահանջը: Այս դատարանների իրավասությունները տարբեր են, սակայն նույնաբովանդակ խնդիրներ դրված են ՄԱԿ-ի դատարանում: Կարծում եմ՝ փաստակազմը դարձյալ խոսում է հայկական պահանջների օգտին, ուստի ես դրական սպասում ունեմ, որ մենք հաղթանակ ենք արձանագրելու ՄԱԿ-ի դատարանում:
Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը: