Փաշինյանի 2008 թվականի խաղաղության օրակարգը և «անձի երկվությունը»

Հունվարի 18-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Դուք ասացիք՝ խաղաղության օրակարգը ստորագրությունով չի սկսվում, այլ սկսվում է ստորագրությունից հետո, բայց եթե այդպես գնանք, խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է, և հարցերի որոշակի դիտանկյուն է, և այնպես չէ, որ այդ մտածողությունը հենց հիմա նույնիսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են խաղաղության օրակարգի կողմնակից, այնպես չէ, որ մենք որդեգրել ենք այդ մտածողությունըԴա էլ է ճանապարհ, և այդ ճանապարհն էլ հեշտ չէ: Եվ այդ ճանապարհին, որ ասում եք՝ դիմադրություն, իսկ ո՞վ է ասում, որ դիմադրությունը ենթադրում է պայքար, իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է»:

Այսինքն, ուզում է ասել, որ խաղաղությունը նախ մեր մտքում պիտի լինի, ավելին, դրան հասնելու իր առաջարկած ճանապարհը չի ենթադրում դիմադրության պայքար, որի մասին լսել ենք 30 տարի:

Բայց սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում դիմադրության պայքարի դերը, ազդեցությունը, բանակի մարտունակության ուժը խաղաղություն  պարտադրելու  հարցում:

Կարդացեք նաև

Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ «տարածաշրջանի խաղաղության համար մեր Զինված ուժերի մարտունակությունը շատ կարևոր է, առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ»:

Այլ հարց է, որ հետո հնարավոր պարտությունների և ձախողումների համար հիմք ստեղծելու համար Փաշինյանը շարունակել էր՝ «միայն մարտունակ բանակով նույնպես խաղաղություն հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ որևէ բանակ մարտունակ լինի, կգտնվեն ուրիշ բանակներ, որոնք ավելի մարտունակ են»։

Ավելի վաղ՝ 2022թ. հունվարի 24-ին  կազմակերպված ասուլիսի ընթացքում Փաշինյանը պնդել էր՝ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա:

«Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- ընդգծել էր նա:

Իսկ թե որքանով է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեր դիվանագիտությունը թեթևացրել Զինված ուժերի անվտանգային բեռն իրականում, ավելորդ է հիշեցնել, ամեն ինչ շատ ակնհայտ է: Իսկ գուցե այս ձևակերպման տակ այլ բա՞ն պետք է հասկանալ, օրինակ, որ Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման հարցում այլևս որոշիչ դեր չունեն, դիվանագիտությունը որոշել է՝ պիտի գնալ փաշինյանական խաղաղության դարաշրջանի հետքերով, ուրեմն՝ պիտի ամեն ինչ տանել դեպի դրան, և ոչինչ, որ վաղուց հասկացել են՝ խաղաղության օրակարգը ձախողված է, բայց մեկ է՝ այն չպետք է շինծու համարել:

«Խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ, այն առումով, որ ինքն իրողություն չէ, որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգը անհրաժեշտություն է ՀՀ-ի համար և ընդհանուր առմամբ։ Ես նկատի ունեմ, որ որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից և տեսլականից, այդ թվում՝ զորավարժությունները, ռազմական բնույթի սադրանքները»,- այս տարվա հունվարի 10-ին իր ասուլիսի ժամանակ շեշտել էր Փաշինյանը:

Մի կարևոր փաստ. Փաշինյանի այս խաղաղության օրակարգը կամ խաղաղության դարաշրջանի գաղափարը 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում չի ծնվել:

Նրա մտքում այս գաղափարը եղել է առնվազն 2008 թվականին, ինչի մասին հաստատում է Փաշինյանի՝  «Երկրի հակառակ կողմը» գրքի հետևյալ հատվածը, որտեղ  «Մահ կամ ազատություն» ենթավերնագրի ներքո ներկայացվում է հեղինակի և Մարկո անունով մի սերբի երկխոսություն:

… Դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել

– Բայց ճիշտը խոսենք. դուք լավ էլ կոտորել եք Կոսովոյի ալբանացիներին:

Մարկոն զարմացած հայացքով նայում է ինձ.

– Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է թողնեինք, որ իրենք մեզ կոտորե՞ն…

– Բայց դուք կոտորում էիք ոչ միայն ձեզ կոտորողներին, այլև խաղաղ բնակիչներին,- ասում եմ ես:

– Իսկ դու գնա ու տարբերիր. առավոտյան նա խաղաղ բնակիչ է, իսկ ճաշից հետո` շահիդ:

– Իսկ կանա՞յք, երեխանե՞րը…

– Լսիր, ախպերս, նրանց կանայք կին են, երեխաները` երեխա, իսկ մեր կանայք քո՞ւրջ են, երեխաները` առնե՞տ: Դու այնպես ես խոսում, կարծես ֆրանսիացի լինես: Հային ես ի՞նչ ունեմ բացատրելու: Քանի՞ թուրք է դատել քո քնձռոտ միջազգային դատարանը 15 թվի կոտորածի համար: Իսկ դու քեզ հարց չե՞ս տվել, թե ինչ գործ ունի թուրքը Բալկանյան թերակղզում, Կոսովոյում, ամենուր: Ի՞նչ է, հյուր ենք կանչել նրանց և հետո խնդրեցինք մնա՞լ` մեր առաջին հարսանեկան գիշերը վայելելու: Ճիշտ ես ասում` մենք ենք մեղավոր, մենք, որ մեր էսօրվա ճղճիմ կյանքը ավելի ենք սիրել, քան մեր ապագան, մեր արժանապատվությունը: Չենք ցանկացել մեզ զոհել, ու մեզ մորթել են ոչխարի նման, հա, ոչխարի նման:

Մարկոն լռեց: Ես էլ ոչինչ չասացի: Իմաստուն Ծերուկը մեր խոսակցությանը խառնվելու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում: Երևում է` այս թեմաների մասին նա տվել-առել էր Մարկոյի հետ: Ծերուկը փորձում էր ննջել, ինչքանով որ թույլ էր տալիս Մարկոյի բորբոքված ձայնը: Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանը ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային և դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի: Ի վերջո ես ընդհատում եմ լռությունը.

– Գիտե՞ս ինչ, Մարկո, ես քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում, շատ լավ հասկանում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնց կարգախոսը համընկնում է սերբականի հետ. մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի և տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երևանի մոտ` Սարդարապատում, և Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետև մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել և՛ Մասիսում, և՛ Սիսիանում, և՛ Վարդենիսում, և՛ Ղարաբաղում, և՛ Նախիջևանում, և՛ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը՝ նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից և կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում:

Մարկոն ոչինչ չասաց, ես շարունակեցի.

– Արի արդյունքներով նայենք. Կոսովոն դուք կորցրիք, Բոսնիան կորցրիք, Չեռնոգորիան կորցրիք: Սա հատուցումն է այն բանի, որ դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել: Բայց սխալ չհասկանաս. դու զինվոր ես, դու անմնացորդ նվիրվել ես քո գործին, և դու հերոս ես, քո ազգի հերոսը: Քո գործը հրամաններ կատարելն է, և դու այդ անելու համար ոչինչ չես խնայել: Բայց քեզ հրաման տվողները պետք է մտածեին քեզ հրաման տալուց առաջ, որովհետև նրանց գործը հրաման տալուց առաջ մտածելն է: Նրանք չեն արել իրենց գործը, նրանք դավաճանել են իրենց ժողովրդին:

– Միևնույն է, ամերիկացիք գ….ն են: Եվրոպացիք էլ,- դառնացած ասաց Մարկոն:

– Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես: Իմաստուն Ծերուկը այդպես էլ ոչինչ չասաց:

Ինչ է ստացվում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը ընդունում է՝ Հայաստանի Հանրապետություն չէր լինի, եթե Երևանի մոտ` Սարդարապատում, Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, մյուս կողմից, ասում՝ 1988-ին փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն: Բայց ո՞վ է պապերի վրեժը այսկերպ լուծել, իր ասած՝ «Սիսիանի, Մասիսի, Վարդենիսի թուրքերից»:  Եղել են Բաքվի, Սումգայիթի ջարդեր,  ղարաբաղյան շարժում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքար, պարտադրված պատերազմ, և Ադրբեջանի՝ մեզ պարտադրած Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթել ենք:

Արդյո՞ք Փաշինյանի այս ասածը այլ տողատակ ուներ, որին մոտենում ենք տարիներ հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ներքին տեղահանվածների մասին ամրագրված կետով, մեր թշնամիների հետ համատեղ կեցության Ալիև-Փաշինյան ցանկությամբ: Այդպե՞ս է, դրա համա՞ր էր դեռ 2008-ին  Փաշինյանը «զգուշացնում»՝  պետություն  չենք ունենա, եթե «փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից»: Մինչդեռ մի քանի տող առաջ ընդունում է՝ «եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային և դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր, դա կլիներ մեր վերջը»:

Ինչ է սա՝ անձի երկվությո՞ւն, եսերի պայքա՞ր, արկածախնդրությո՞ւն, երբ գիտես՝ ինչ է լինելու, եթե թշնամուդ դեմ չպայքարես և ճանապարհ բացես, բայց հորդորում ես անել, ավելին, անում ես դա: Այս թվարկածներից որն էլ ընտրենք, փաստը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցված իրականացրեց «Երկրի հակառակ կողմի» սցենարը կամ օպերացիան, որը դեռ ավարտին չի հասցվել: Պարզապես նա շատ լավ կարողանում է մանիպուլացնել հասարակությանը և ցույց տալ երկրի իր ուզած կողմը կամ իր ուզած կողմից ցույց տալ երկիրը:

«Երկրի հակառակ կողմը» իր գրքում մի հատված կա, որտեղ Փաշինյանը նկարագրում է, թե ինչպես են իր հայրենի Իջևանում գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի, և հետո հավաքված արյունով պատրաստում իջևանյան ամենահայտնի դելիկատեսը`գառան արյունով տժվժիկը:

«Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, և այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, և երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի և թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, և շատ չանցած` կերակուրը պատրաստ է,- գրում է նա և շարունակում,- Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն»:

Թվում է, թե՝ կերակուրի կամ դրա հետ կապված արարողակարգի նկարագրություն է, բայց 2020թ. 44-օրյա պատերազմում՝ մի քանի հազար, սեպտեմբերյան մարտերում 2 օրում՝ ավելի քան 200 զոհերից, ոչ մարտական պայմաններում վերջերս 15 զինծառայողի մահվան դեպքից հետո վերը նշված հատվածի վերջին տողը ծանր է կարդացվում, դժվար մարսվում, ընկալվում քիմքից դուրս, որովհետև իրականության մեջ ՀՀ իշխանությունների գործելաոճում, վերաբերմունքի մեջ առ երկիր, բանակ, զինվոր, սպա, մենք հենց սա ենք տեսնում՝ «շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն»:

Այս դեպքում, կերակուրի անունը կարող ենք դնել խաղաղության օրակարգ, որից չպետք է շեղվել, այն պետք է օբյեկտիվ գնահատել, քանի որ, ըստ Փաշինյանի, դրան  այլընտրանք չունի, և ամեն ինչ տեղը կընկնի…

Տեսանյութեր

Լրահոս