«Ինչպես հասնեն իրենց տուն՝ Արցախ. Սա է հիմնական խնդիրը, որով մարդիկ դիմում են մեզ». Արմինե Հայրապետյան
Արցախի Հանրապետությունն արդեն 47 օր է՝ շրջափակված է ադրբեջանական կեղծ «բնապահպանների» կողմից։ Դեկտեմբերի 12-ից Հայաստան եկած արցախցիները չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Երևանից, Գորիսից ու Հայաստանի այլ բնակավայրերից ևս կան քաղաքացիներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Նախորդ ամիս Հայաստանում մնացած արցախցիների խնդիրներով զբաղվել է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը։
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը 168.am-ին տեղեկացրեց, որ այժմ նրանց խնդրով զբաղվում է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը փոխանցեց, որ դժվար է ասել՝ արդյո՞ք Հայաստանում մնացած բոլոր արցախցիներն են իրենց դիմել, բայց հստակ գիտեն, թե քանի հոգի են դիմել։ Կան արցախցիներ, որոնք չեն դիմել, քանի որ բնակվում են հարազատ-բարեկամների տանը, կամ այստեղ ունեն իրենց տունը։
«Ճանապարհը հաղթահարելու խնդրով շատերն են դիմում։ Հիմնական խնդիրը, որով մարդիկ դիմում են ոչ միայն մեզ, այլև ցանկացած պետական մարմնի, հետևյալն է՝ ինչպես հասնեն իրենց տուն՝ Արցախ։ Սա գլխավոր հարցն է, որի պատասխանը չկա, որովհետև չկա որևէ մեխանիզմ, որևէ պատուհան, որով հնարավոր է այդ հարցի լուծումը ստանալ։ Մարդիկ ուզում են վերադառնալ իրենց տուն, բայց որևէ հնարավորություն չկա։ Մարդկանց մեծ խումբ է դիմել Կարմիր խաչին, նաև պետական մակարդակով են դիմել, նույնն էլ ռուս խաղաղապահներին, բայց կոնկրետ ինչ-որ բան չկա։
Բոլորն էլ տեսան, թե ինչպես երեխաներին կարողացան հասցնել Ստեփանակերտ, բացի այդ տարբերակից, այլ տարբերակ չկա, իսկ այդ տարբերակը նորմալ չէ, քանի որ ադրբեջանցիները ներխուժել էին երեխաների մեքենա, նրանց նկարահանել։ Կրկնում եմ՝ մարդկանց համար հիմա գլխավոր խնդիրը` հասնել Արցախ՝ իրենց տուն»,- նշեց Արմինե Հայրապետյանը։
Ըստ Արմինե Հայրապետյանի, գլխավոր՝ ճանապարհի խնդրից զատ, կան նաև այլ խնդիրներ, որոնց մի մասը լուծվել է, կա՛մ լուծվել է մասամբ, կա՛մ էլ առհասարակ չի լուծվել։
Օրինակ, տղան մոր հետ եկել է Երևան, մայրը քիմիա է ստացել, դժբախտաբար, մահացել է, ու որդին չի կարողացել նրա դին տեղափոխել Արցախ՝ Մարտունի։ Կամ` մայրը երկու երեխաների հետ Երևանում է, իսկ մի երեխան հոր հետ Արցախում է։
«Մարդիկ պետք է Արցախ հասնեն գլխավոր մայրուղով, բայց մենք տեսանք, թե այդ ճանապարհով Արցախ գնալիս ինչ եղավ երեխաների հետ։
Ինչ վերաբերում է կեցությանը, ապա ով դիմել է մեզ՝ ապահովել ենք, դիմած քաղաքացիների 90 տոկոսը տեղակայված է Գորիսում, խոսքը մոտ 500 հոգու մասին է, երեխաների թիվը չեմ կարող նշել, ովքեր մնացել են Երևանում դրա համար ունեն պատճառ՝ շարունակական բուժաջակցություն են ստանում։ Եթե իրենք ունեն առողջության հետ կապված խնդիրներ, ապա պետությունը հոգում է նրանց կեցության հարցերը հենց Երևանում, մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն Գորիսում։
Նախ՝ այդպես համայնք է ձևավորվել, այսինքն՝ նույն իրավիճակում գտնվող մարդիկ են, որոնք հաղորդակցվում են իրար հետ, և ստեղծված իրավիճակն ավելի հեշտ են հաղթահարում։ Բացի այդ, դա հնարավոր վերջին կետն է, որտեղից արագ կարող են հասնել Արցախ։ Մարդկանց մոտ այդ զգացողությունը, որ Գորիսից մինչև իրենց տուն 1 ժամվա ճանապարհ է, իրենց բավականին կոփում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին, որոնք հնարավորություն չունեն իրենց կրթությունը շարունակել Արցախում, սովորում են այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ տեղավորվել են։ Եղել են նաև երեխաներ, որոնք չեն ցանկացել գնալ Հայաստանում դպրոց, նրանց ուսուցումն Արցախից կազմակերպվել է zoom-ի միջոցով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։