
«Իմ պաշտպանյալը թույլ է, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում. բովանդակային առումով չկա փորձաքննություն». Վարազդատ Հարությունյան

«Սրբազան շարժման» աջակից Աղվան Արշակյանը, ով արդեն 1 ամսից ավելի է՝ կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի։
Կալանավորված երիտասարդը նախկինում ունեցել է քաղցկեղ, բուժվել է, և կալանավայրում հայտնվելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ փակ պայմաններն ու նրա ունեցած առողջական խնդիրներն անհամատեղելի են։
Աղվան Արշակյանի փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանը, նրան վերջին անգամ այցելել է շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին։
«Իմ պաշտպանյալը թույլ է, գլխապտույտներ, ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում։
Նրան որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, մենք գրել ենք Քրեակատարողականի բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին, պահանջել, որպեսզի անեն Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ, քանի որ նրա խնդիրը քաղցկեղով պայմանավորված խնդիր է։ Առողջական վիճակից նման ցանկացած փոփոխություն ենթադրում է ՄՌՏ հետազոտություն, որպեսզի հասկանան՝ որևէ պրոցեսի առկայություն կա՞, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը մերժել է անել այդ հետազոտությունը, որևէ հիմնավորում չեն գրել, միայն ասել են, որ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ հսկողության բոլոր սարքավորումները կան։ Բնականաբար, այդ ամենը չկա. օրինակ, երբ պաշտպանյալիս ճնշումը տատանվում է, կա ապարատ, որն ընդամենն արձանագրում է, որ նրա ճնշումը տատանվում է։ Լավագույն դեպքում նրան հարցնում են՝ կուզե՞ս՝ ճնշման դեղ տանք։ Ճնշման խնդիրը չէ, ոչ էլ ճնշման դեղի, հիպերտոնիկ չէ, որ ճնշման դեղ տան ու կարգավորեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարազդատ Հարությունյանը։
Նա շեշտեց՝ իր պաշտպանյալը պետք է վերահսկողության ներքո գտնվի, քանի որ ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։
Հարցին՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց՝ պետությունը, քննիչը, որը միջնորդել է, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց, ավելին՝ դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատաբժշկական քննություն անցկացնել, որը մինչև այսօր չկա։
«20 օր չեն նշանակել, միայն մեր միջնորդությունից հետո են նշանակել, բայց բովանդակային առումով չկա փորձաքննություն, բժշկական ՊՈԱԿ-ն անհրաժեշտ գործողություններ չի անում»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման ենթարկեցին, ձերբակալեցին, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին, նրանց թվում էր նաև Աղվան Արշակյանը։
ՔԿ հաղորդագրության համաձայն, նրանք պատրաստվել են Հայաստանում իրականացնել «ահաբեկչություն ու իշխանազավթում»։