«Հիմա իմ ամբողջ խնդիրն է՝ արագ ապաքինվել ու աշխատանք գտնել». Արցախահայ Տաթևիկի բուժման ու հետազոտության համար գումար է անհրաժեշտ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը և դրան հաջորդած արցախահայերի բռնի տեղահանումն անհետևանք չի մնացել: Կորցնելով հայրենիքը, տունն ու հարազատներին, արցախահայերից շատերն են հայտնվել հոգեբանական խոր ճգնաժամի մեջ։
Ստեփանակերտից բռնի տեղահանված 34-ամյա Տաթևիկ Գրիգորյանն Արցախն ու հայրիկին կորցնելուց հետո հոգեբանական լուրջ խնդիրներ ունի։
Տաթևիկը հայրիկին կորցրել է սեպտեմբերի 25-ին, երբ տեղի ունեցավ բենզապահեստի պայթյունը: Մինչև նոյեմբերի սկիզբը նա համարվել է անհետ կորած, միայն նոյեմբերի 6-ին ԴՆԹ անալիզից հետո հաստատվել է զոհվելու փաստը։
168.am-ի հետ զրույցում Տաթևիկը պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվել են սեպտեմբերի 28-ին, գաղթի ճանապարհով մի կերպ հասել են Գորիս, այնուհետև՝ Երևան, որտեղ ամուսնու, երկու անչափահաս տղաների և մայրիկի հետ բնակվում են վարձով։
«Ինքս առողջական խնդիրներ ունեմ, ստամոքսի խոց ունեմ, անցել եմ հետազոտություն, հիմա դեղեր եմ խմում, վեց ամիս հետո պետք է նորից անցնեմ հետազոտություն։
Ունեմ նաև հոգեբանական խնդիրներ, որոնք ի հայտ եկան հայրիկիս զոհվելուց հետո, հիմա այցելում են հոգեբանի և նյարդաբանի մոտ։
Հունիսին նորից պետք է անցնեմ հետազոտություն, սակայն բավարար գումար չունեմ, չգիտեմ՝ ինչ է լինելու։ Մենք Ստեփանակերտում ունեինք մեր տունը, Ասկերանում ամուսնուս պապիկը նվիրել էր տուն, որը ծառայում էր՝ որպես ամառանոց։ Ամուսինս Արցախում վերահսկողական ծառայությունում էր աշխատում, ինքս բանկային ոլորտում էի աշխատում, մայրիկս հաշվապահ էր։ Այսինքն՝ մենք սոցիալական խնդիր չունեինք, մի բան էլ մենք էինք օգնում մարդկանց շրջափակման ժամանակ, քանի որ մեծ այգի ունեինք։ Բայց հիմա կորցրել ենք ամեն ինչ ու մենք օգնության կարիք ունենք»,- նշեց Տաթևիկ Գրիգորյանը։
Տաթևիկն աշխատանք է գտել մանկապարտեզում, երկու շաբաթ աշխատել է, սակայն առողջական խնդիրները թույլ չեն տվել շարունակել, ստիպված դուրս է եկել ու մնացել է առանց աշխատանքի։ Տան վարձը մի կերպ են վճարում, քանի որ միայն ամուսինն է աշխատում՝ տաքսի է վարում, աշխատած գումարով էլ հազիվ օրվա հացն են գնում։
«Օրվա դեղերը հազիվ հասցնում եմ, դե պարզ է, մեկ ամբողջական ամսվա միանգամից չեմ կարողանում գնել, սակայն օրվա դեղերը հասցնում եմ։
Մեր բռնի տեղահանվելուց հետո, արցախցիները գնում էին ԴՆԹ հանձնելու, որպեսզի պայթյունից զոհված իրենց հարազատներին գտնեին։ Ինքս չէի կարողանում գնալ, քանի որ ուժ չունեի, հետո Դատախազությունից զանգահարեցին, գնացի հանձնեցի՝ նոյեմբերի 2-ին հանձնեցի, 6-ին հատատվեց հայրիկիս զոհվելը, նա 63 տարեկան էր…
Մի քանի բանկերին ինքնակենսագրական էի ուղարկել՝ աշխատանքի համար, հայրիկիս հուղարկավորության ժամանակ զանգեցին, որ գնայի հարցազրույցի, չէի կարող գնալ, այդպես էլ այլ բանկերից մինչև օրս արձագանք չկա»,- նշեց Տաթևիկ Գրիգորյանը։
Արցախցի երիտասարդ կնոջ ցանկությունն այսօր մեկն է՝ բուժվել ու գտնել աշխատանք, որպեսզի կարողանա ամուսնուն օգնել ընտանիքը պահել։ Ուրախությամբ արձանագրում է, որ բուժման կուրսերը դրական արդյունք տալիս են, եթե գումար լինի՝ հետազոտվի, ու հետագայում էլ բուժումը շարունակի, ապա շուտով լիարժեք կապաքինվի։
Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաև Տաթևիկի եղբոր տղան, հաջորդ օրն ուղղաթիռով նրան ուղարկել էին Երևան ու սպասել, որ հորը կգտնեն, սակայն այդպես էլ չէին գտել, ստիպված սեպտեմբերի 28-ին, գրեթե առանց իրերի, երեխաներին նստեցրել էին մեքենան ու դուրս եկել Ստեփանակերտից։
«Մեզ հետ ոչինչ չենք վերցրել, փոքր մեքենայով էինք, մի հատ ծածկոց ու վերմակ էլ վերցրեցի, որ ճանապարհին երեխաներս չմրսեն։ Ամեն ինչ թողեցինք ու դուրս եկանք, հիմա ոչինչ չունենք։
Հիմա իմ ամբողջ խնդիրն է՝ արագ ապաքինվել ու աշխատանք գտնել, մայրս երեխաներին կպահի, ես կաշխատեմ, քանի որ այստեղ մայրիկիս ասում են, որ տարիքն արդեն մեծ է, հաշվապահի աշխատանք չկա։
Մայրս ուժեղ կին է, կարողացավ ուժեղ մնալ ու մեզ էլ ասում է՝ պետք է ապրենք։
Երեխաներս 6 և 8 տարեկան են, բայց արդեն երկու պատերազմ տեսել են։ Մեծս 44-օրյա պատերազմը շատ լավ հիշում է։
Հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ նրանք էլ այդ ամենը հաղթահարեն, ու փորձենք ապրել»,- եզրափակեց Տաթևիկ Գրիգորյանը։
Հ.Գ. Տաթևիկ Գրիգորյանի անունով Արարատ բանկում կա հաշվեհամար նրան օգնել ցանկացողների համար՝ 15100269213692