Արցախը երկրորդ Մուսա լեռն է, մենք կարող ենք դեռ դիմանալ, միայն թե հայ ժողովուրդը կարողանա համախմբվել. արցախցի ակնաբույժ

28 օր է, ինչ Ադրբեջանի կեղծ «էկոակտիվիստները», իբր բնապահպանական իմիտացիոն պարտվակով փակ են պահում Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովող միակ կյանքի ճանապարհը, որը շատ լուրջ հումանիտար աղետ է առաջացրել Արցախում:

Արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ՝ ցավոք սրտի, այսօր արդեն լիարժեք չեն աշխատում խանութները, քանի որ եղած ապրանքը սպառվել է: Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատներում:

«Չնայած նրան, որ կառավարությունն արդեն հայտարարել է, որ օգտագործում է պետական պահուստային ապրանքները, բոլորս գիտենք, որ դրանք ևս անսպառ չեն, և քանի որ չգիտենք՝ ինչքան կտևի այս իրավիճակը, ստիպված ենք ամեն ինչ օգտագործել հաշվարկված և խնայողաբար:  Բլոկադայի առաջին օրերին դադարեցվել էր նաև Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որի պատճառով  ուսումնական հաստատությունները, մի շարք հիմնարկներ ու հացի գործարաններ դադարեցին գործել: Սակայն, երևի թե միջազգային ճնշումների ազդեցության տակ թշնամի պետությունը հետ կանգնեց արցախահայությանը ճնշելու այս մեթոդից, և գազամատակարարումը վերականգնվեց:

Երբ մտովի զուգահեռ ենք անցկացնում  արցախյան առաջին պատերազմի և դրան նախորդող ժամանակահատվածի հետ, ապա այն ժամանակ ավելի բարդ էր և՛ իրավիճակը, և՛ պարենային դրությունը: Չկար հաց, գազ, ջուր, էլեկտրականություն, փայտ էինք վառում և վառարանի վրա պատրաստում ուտելիքն ու թեյը, իսկ կերակուր պատրաստելու ջուրը  բերում էինք քաղաքից դուրս գտնվող որևէ աղբյուրից: Մաքրության համար էլ ժողովուրդը  հավաքում  էր անձրևաջրերն ու ձյունը, և այդ  ամենը հրետակոծության,  «ալազանի» և «գրադի» պայթյունների, ավերածությունների և մարդկային զոհերի, վիրավորների համար  արյան ձեռքբերման, ուտելիքի հոգսերով ու մեծ, անմարդկային մեծ հոգու ցավի և այն հաղթահարելու ջանքերի տառապանքով: Պատերազմից հետո երևի կարելի էր ժողովրդին «դժոխքից արտաքսվածներ» անվանել»,- մեզ հետ զույցում ասաց Նարեկ Միքայելյանը:

Կարդացեք նաև

Ակնաբույժը պատմեց  իր մանկական հիշողություններից մի դրվագ, անկրկնելի և ցավոտ մի պատառիկ, որը հաճախ է վերհիշում. «Գիշերով ազդարարել էին վիրավոր ազատամարտիկի համար արյան փոխներարկման անհրաժեշտություն, և քանի որ հայրս պատերազմում էր, և ընտանիքի տղամարդը ես էի (այն ժամանակ 9 տարեկան էի), մորս հետ գնացինք զինվորական հոսպիտալ՝ արյուն տալու: Հետո մի կոնֆետ-շոկոլադ տվեցին մայրիկիս՝ արյունը վերականգնելու համար՝ այն տարիներին կոնֆետ ընդհանրապես չկար: Ճանապարհին մայրս ինձ տվեց այդ կոնֆետը, սակայն ես չվերցրի այն, քանի որ հասկանում էի, որ դա տրված էր արյան դիմաց: Մայրս կեսգիշերին այդ կոնֆետը բաժանեց մեր չորս երեխաների մեջ: Այդպես հաղթահարեցինք և՛ շրջափակումը,  և՛ պատերազմական  տարիները:

Համարյա ոչինչ չկար վաճառքի, ժողովուրդը իսկապես սով էր ապրում, բայց կար ոգեղեն նպատակ, կար անպայման պայքարելու և հաղթելու աննկուն ոգի, կար համայն հայության նպատակը և աջակցությունը: Այդ պատճառով և այդ ոգին տարավ մեզ հաղթանակի:  Այժմ համեմատաբար փոխվել են ժամանակները, իհարկե, փոխվել է մարդկանց ապրելակերպը և մտածելակերպը, փոխվել են պահանջմունքները, փոխվել են սերունդները, բայց մեկ բան անփոփոխ է՝ արցախցու ազատատենչ ոգին, որը հանուն նպատակի և անկախության՝ պատրաստ է դիմանալ ամեն դժվարության,  դիմանալ, երբ ուրիշները չեն կարող այլևս դիմանալ և դիմադրել: Երևի դա չեն գնահատել մեր թշնամիները, չեն հասկացել, որ Արցախը երկրորդ Մուսա լեռն է և միգուցե ավելին: Այնպես որ, մենք կարող ենք դեռ դիմանալ, միայն թե հայ ժողովուրդը կարողանա համախմբվել, և այն ժամանակ մեր կամքին և մեր ուժին ոչ ոք չի կարող դիմակայել»,- նկատեց Նարեկ Միքայելյանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր շրջափակման պատճառով Արցախում գործող բուժհիմնարկները ևս անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Բուժհիմնարկներում դադարեցվել են բոլոր տեսակի պլանային վիրահատությունները, քանի որ առկա է անհրաժեշտ դեղորայքի և նյութերի դեֆիցիտ: Ամբուլատոր ծառաությունն աշխատում է գերլարված ռեժիմով, քանի որ շրջափակման պայմաններում շատերի մոտ առկա հոգեկան ապրումների ֆոնին դիտվում է մի շարք խրոնիկ հիվանդությունների սրացում: Այս ամենից անմասն չի մնացել նաև ակնաբուժական ծառայությունը:

«Ունեինք շատ հիվանդներ, որոնք հերթագրված էին աչքի տարբեր հիվանդությունների կապակցությամբ վիրահատությունների համար, սակայն իրավիճակից ելնելով՝ նրանց վիրահատությունները հետաձգվեցին անորոշ ժամանակով. դրանց մեջ կային կատարակտայով հիվանդներ, որոնց մոտ կատարակտայի պատճառով զույգ աչքերում բացակայում էր առարկայական տեսողությունը, կային հիվանդներ՝ աչքերի տարբեր գոյացություններով, որոնք ևս պիտի վիրահատվեին: Շրջափակման պայմաններում շատ է հաճախացել աչքի տարբեր բորբոքային հիվանդություններով տառապող հիվանդների քանակը՝ կապված սեզոնային սուր շնչառական վարակների առկայությամբ, որոնք շատ հաճախ բարդանում են աչքի թաղանթների բորբոքային հիվանդություններով, օրինակ՝ իրիդոցիկլիտներով կամ պանուվեիտներով, որոնք շատ տարօրինակ ձևով դժվար են  ենթարկվում դեղորայքային բուժման: Շրջափակման պատճառով մի շարք հիվանդներ, որոնք տեղում տարբեր տեխնիկական անբավարար պայմաններից ելնելով պարբերաբար հետազոտվում և բուժվում էին Երևանում, չեն կարողանում ստանալ լիարժեք ակնաբուժական և ոչ միայն ակնաբուժական բուժում:

Ինչպես, օրինակ՝ շաքարային դիաբետով պայմանավորված՝ դիաբետիկ ռետինոպաթիայով հիվանդները պարբերաբար ուղեգրվում էին Երևան՝ գործիքային հետազոտությունների և ներակնային սրսկումներ ստանալու նպատակով: Ներկայումս այս գործընթացը չի իրականացվում, որը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում տեսողական ֆունկցիայի վրա, և շատերի մոտ կարող է կուրության պատճառ հանդիսանալ: Բարեբախտաբար, երեկ հաջողվեց Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ  Երևան տեղափոխել աչքի մելանոմայով տառապող մեկ հիվանդի: Հուսանք, որ այս ամենը երկար չի տևի, և Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը կրկին կգործի»,- եզրափակեց ակնաբույժը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս