Հայկական նիհիլիզմի առանձնահատկությունները

Մեր ժամանակների տեղեկատվության ահռելի մեծ ծավալը, այդ թվում՝ որպես տեղեկատվություն ներկայացվող քարոզչությունը հանրային-քաղաքական հարաբերություններում դեֆորմացրել են տարբեր երևույթների գնահատման չափանիշները։ Դա մեծապես ազդել է քաղաքականության բովանդակության վրա, որն առանց այդ էլ առանձնապես բովանդակալի չէր ու չէ՛։ Քաղաքականությունն էլ, որ իր վրա է կրում հանրային արձագանքի ազդեցությունը, որպես հեշտ ճանապարհ, ոչ թե փորձում է հանրությանը հասցնել ավելի բարձր նշաձողերի, այլ հակառակը՝ ինքն է գահավիժում դեպի այն ցածր չափորոշիչները, որոնցով գնահատվում է այս կամ այն երևույթը, իրադարձությունը։

Բանականությունը, հաշվենկատությունը, պրագմատիզմն ու զգայականությունը, հիմնավորվածությունն ու մակերեսայնությունը և էլի բազմաթիվ չափորոշիչներ մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ խառնվել ու խեղվել են անթույլատրելիության աստիճանի։

Այնտեղ, որտեղ պետք է հաշվենկատություն ու սառը հաշվարկ, մենք ցուցաբերում ենք գերէմոցիոնալություն, ինչպես, օրինակ՝ արտաքին քաղաքական հարաբերություններում այս կամ այն երևույթի գնահատման դեպքում։

Հարաբերություններում, որտեղ պետք է զգայականություն ու արժանապատվություն, մենք երբեմն գերադասում ենք չոր, անպատեհ հաշվարկը, ինչպես պատահել է, օրինակ, պատերազմի զոհերից ոմանց ծնողների պարագայում։

Կարդացեք նաև

Երբ պետք է գնահատել կոնկրետ հարցերի լուծման առումով որևէ մեկի պրոֆեսիոնալիզմը, մենք խորանում ենք նրա «հանցավոր անցյալի» մեջ, բայց երբ անհրաժեշտ ենք համարում արդարացնել ներկայիս հանցանքը, հղում ենք կատարում պրոֆեսիոնալիզմին։

Ասում ենք՝ մտավորական, բայց թույլ ենք տալիս, որ այդպես կոչվողը մոնետիզացնի իր այդ կարգավիճակը՝ պալատական քծնանքի ոլորաններում։

Ընդունում ենք տգիտության իշխանությունը՝ մերժելով մտքի ու հեղինակության իշխանությունը, հեղինակություն ենք դարձնում անպատիվներին, պատվազրկելով արժանիներին։

Առանձին վերցրած երևույթների, անհատների, իրադարձությունների խեղված գնահատումը հանգեցնում է նրան, որ մենք խեղում ենք նաև մեր պատմությունն ու անցյալը։ Կեղտոտ քարոզչությանը տուրք տալով՝ նախկին իրական, շոշափելի հաղթանակները ներկայացնում ենք՝ որպես պատահականություն, իսկ ներկայի առավել քան իրական ու ողբերգական պարտությունները համարում ենք անխուսափելի ու արդարացնելի։

Գնահատման չափանիշների խեղումն արժեքային համակարգի դեգրադացիայի ածանցյալն է ու հետևանքը։ Մենք՝ որպես հասարակություն, չունենք կոնսենսուս գոնե մի քանի անքննելի արժեքների՝ հայրենիքի, պետության, պետականության, արժանապատվության վերաբերյալ։ Եվ չունենալով արժեքային փոխհամաձայնություն, մենք լայն իմաստով չենք դավանում ոչնչի։ Այո, այդ հարցում առաջնային ու մեծագույն մեղավորություն ունի իշխանությունը, որի գուցե ամենախորքային արատը որևէ «իզմ»-ի չդավանելու ինքնախոստովանությունն է։ Բայց հանդուրժելով այդ իշխանությանը՝ մենք էլ ինքնախոստովանում ենք, որ մեր հերթին՝ որպես հասարակություն, չենք դավանում որևէ «իզմ»-ի։ Մեր դավանածը լավագույն դեպքում նիհիլիզմն է, որը մեզ ամեն օրվա հետ մոտեցնում է, ամենայնի թվում՝ նաև պետություն չունենալու հանգրվանին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս