«Ներմուծվող ապրանքների պակասի հետ կապված խնդիրներ կան, բայց դե յոլա գնում ենք, դիմադրում ենք». Խնապատի գյուղապետ

26 օր է՝ Արցախը դիմակայում է ադրբեջանական շրջափակումը։ Որոշ ապրանքատեսակների պակաս արդեն կա, սակայն 120 հազար շրջափակված արցախահայության կամքն ադրբեջանական ահաբեկչության պայմաններում չի կոտրվում։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ այս պահին լուրջ խնդիրներ չունեն, միակ խնդիրը դիզվառելիքի պակասն է։

«Այս պահին դեռ լրջագույն խնդիրների չենք բախվել։ Սննդի հետ կապված այդպես խնդիրներ չունենք, մարդիկ իրենց հավաքած բերքով ապրում են, մարդիկ անասուն են պահում, հավ ունեն, նկատի ունեմ՝ այս առումով չեն նեղվում։ Ճիշտ է, ներմուծվող ապրանքների պակասի հետ կապված խնդիրներ կան, բայց դե յոլա գնում ենք, դիմադրում ենք»,- նշեց Սամվել Շարմանյանը։

Ըստ գյուղապետի, 90-ականներին Արցախում իրավիճակն ավելի բարդ էր, բայց այն ժամանակ էլ այլ բան կար։ Ասում է՝ կոլտնտեսություններ կային, որոնք պահեստներ ունեին, որտեղ ամեն ինչ կար, ու արցախահայությունը յոլա էր գնում, սակայն ժամանակ առ ժամանակ 90-ականներին ներկա իրավիճակից էլ բարդ իրավիճակներ են եղել։

Կարդացեք նաև

«Դիզվառելիքի խնդիրն է, որից մի քիչ նեղվում ենք, թե չէ վառելափայտ կա, մարդիկ չեն դժգոհում դրանից։ Մի կողմից էլ՝ լավ է, որ այս օրերին թշնամին չի կրակում գյուղի ուղղությամբ, տարօրինակորեն ամբողջովին լուռ է»,- եզրափակեց Սամվել Շարմանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս