Արցախում ադրբեջանական շրջափակմանը դիմակայում են՝ սեփական հողում ապրելով ու աշխատելով
Արցախի Հանրապետությունում դժվարությամբ, բայց փորձում են հաղթահարել ադրբեջանական շրջափակման դժվարությունները և առաջ շարժվել։
Արցախի Հանրապետության Ասկերանի ու Մարտունու շրջանի գյուղերը՝ չնայած ադրբեջանական կրակոցներին, շարունակում են իրականացնել բերքահավաքը։
168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ղեկավար Օլեգ Հարությունյանն ասաց, որ գյուղում ապրողը չի կարող իր հողը չմշակել։
«Աշնանացանը դեռ չենք սկսել, բայց մարդիկ իրենց բանջարանոցներից բերքը հավաքում ու օգտագործում են, ավելցուկն էլ վաճառում են»,- նշեց Օլեգ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կրակոցներին, Թաղավարդի գյուղապետն ասաց, որ այդ կրակոցների հետ կապված ամենօրյա տեղեկագիրը Տեղեկատվական շտաբը տալիս է, ինքն այդ առումով ավելացնելու որևէ բան չունի։
«Անվտանգության վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց գյուղապետը։
168.am-ի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանը նույնպես ասաց, որ դժվարություններով, բայց մարդիկ փորձում են իրենց հողը մշակել, ստացած բերքի մի մասն էլ իրացնել։
«Բերքահավաքը մենք անում ենք, սադրանքներ չեն եղել, մենք էլ փորձում ենք նորմալ իրականացնել։ Մարդիկ բերքը հավաքում են, որ մասը պահեստավորում են, որ մասն էլ՝ իրացնում։ Իհարկե, դժվարությամբ, բայց իրացնում են, վառելիքի խնդիր կա, փառք Աստծո, շուկա կա, բայց վառելիքն է խնդիր»,- նշեց Սամվել Շարմանյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախին մատակարարվող գազի անջատումներին, Խնապատի գյուղապետն ասաց, որ գյուղը գազիֆիկացված է եղել դեռևս 80-ականներից, հետևաբար՝ գազի անջատման հետևանքով գյուղում առաջանում են որոշակի խնդիրներ։
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետությունը, արդեն 211-րդ օրն է, գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Իսկ հունիսի 15-ից սկսած որևէ հումանիտար բեռ չի մտնում Արցախ. ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։