«Ժողովուրդը հիմա գետի պես արտահոսում է Հայաստանից, մեկն էլ չկա, որ կանգնեցնի, հակառակը՝ աջակցում են. ազգը պիտի սկսի պայքարել, թե չէ մեկընդմիշտ կկործանվի». Խնապատի գյուղապետ
Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը նույնիսկ 90-ականների թեժ պատերազմի ժամանակ երբեք չի դատարկվել՝ մեկ բնակիչ անգամ դուրս չի եկել գյուղից։ Իր պատմության մեջ առաջին անգամ գյուղը հայաթափվել է սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում։
168.am-ի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ 9 ամիս ադրբեջանական շրջափակման դեմ պայքարելով, երբեք չեն մտածել, որ բռնի կտեղահանվեն իրենց հայրենիքից, քանի որ բոլորն էլ շրջափակման օրերին միակարծիք են եղել՝ սոված իրենց տանը կնստեն, բայց երբեք Արցախից դուրս չեն գա։ Սակայն ադրբեջանական ցեղասպանության վտանգի ներքո, բռնի տեղահանվեցին Արցախից։
«90-ականներին մի մարդ անգամ մեր գյուղից դուրս չի եկել՝ ո՛չ մեծ, ո՛չ մանուկ, մի թուրք էլ մեր գյուղ չի մտել։
Իմ բոլոր բնակիչների հետ էլ այսօր կապի մեջ եմ, ամեն մեկը մի տեղում ապրում է՝ սկսած Սյունիքից՝ մինչև Տավուշ ու Ամասիա։ Մարդիկ անգործ իրենց տանը նստած են, մեկը բարեկամի տանն է, մեկին ժամանակավոր կացարան են հատկացրել, մեծ մասը, սակայն, վարձով են բնակվում։ Արցախահայության ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք աշխատատեղ չունեն, կարծում եմ՝ այս պահին քչերը կցանկանան զբաղվել անասնապահությամբ, որովհետև այդ մարդիկ դեռ չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է կատարվում։ Ընտանիքներ կան, որ տուն են վարձում, մեկ ամիս մնում են, տանտերը գալիս-ասում է, թե վարձը 300 հազարից դարձնում է 400 հազար, մարդիկ ստիպված դուրս են գալիս ու այլ վայր տեղափոխվում։ Չգիտեն՝ ինչ են անելու, արցախահայությունն այս ճակատագրին արժանի չէր»,- նշեց Խնապատի գյուղապետը։
Ըստ նրա, կան արցախցիներ, որոնք ունեն մասնագիտություն, տարբեր տեղեր են գնացել հարցազրույցի, որպեսզի աշխատանքի տեղավորվեն, սակայն որևէ տեղից նրանց չեն կանչել՝ անգործ են։
«Ոչ մի արցախցու մտքի ծայրով էլ չի անցել, որ դուրս կգա իր հողից։ Պատկերացրեք, այսօր էլ մեր ժողովուրդը երանի է տալիս շրջափակման ծանր օրերին, ասում են՝ ավելի լավ է իրենց տանը սոված-ծարավ ապրեն, քան այստեղ՝ ուրիշի տանն ու դռանը։ Այս ամենին զուգահեռ՝ հիմար խոսակցություններ են լսում, թե արցախահայությունը չի պայքարել, թողել ու փախել է, բա որ չի պայքարել, այդ 600 զոհը թուրքը մեկ օրում ինչպե՞ս է տվել։ Չի կարելի այսպես պետական մակարդակով ժողովրդին իրար դեմ լարել, սա խայտառակություն է։
Արցախն Ադրբեջանը չի օկուպացրել՝ նվիրել են»,- նշեց Սամվել Շարմանյանը։
Խնապատի գյուղապետը դժվարացավ ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում բռնի տեղահանված արցախահայությանը կամ Արցախին։
«Ժողովուրդը հիմա գետի պես արտահոսում է Հայաստանից, գնում են, ու մեկն էլ չկա, որ կանգնեցնի այդ արտահոսքը, հակառակը՝ աջակցում են, որպեսզի արտահոսքը շատ լինի ու արագ, նկատի ունեմ ՀՀ իշխանությանը։
Հայ ազգն արդեն այն տեսակի է զոմբիացել, որ պայքարել չեն էլ ուզում։ Մի բան պիտի փոխվի, ազգը սկսի պայքարել, թե չէ մեկընդմիշտ կկործանվի լրիվությամբ։ Արցախը նվիրեցին, Սյունիքն ու Տավուշը կնվիրեն, տակն ի՞նչ է մնալու, միայն Երևա՞նը։ Ասում էին՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք, բա ո՞ւր է, հանգի՞ստ են ապրում, դե չեմ զարմանա, որ ասեն՝ Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք, Վայոց ձորը տանք՝ հանգիստ ապրենք։ Մեզ հետ շատ դաժան վերաբերվեցին, շատ դաժան»,- եզրափակեց Սամվել Շարմանյանը։
Հիշեցնենք, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանները փակեցին Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այնուհետև ապրիլի վերջին Ադրբեջանն անցակետ դրեց Հակարիի կամրջի մոտ, որտեղից մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմը մի խումբ արցախահայերի առևանգեցին ու տեղափոխեցին Բաքվի կալանավայրեր՝ տարբեր անհեթեթ մեղադրանքներով, նրանցից մեկն էլ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն է, որին Ադրբեջանի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի ամբողջ շրջափակման ընթացքում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնվել են սովի։ Գրանցվել են նաև սովամահության դեպքեր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ թիրախում պահելով խաղաղ բնակչությանը, սպանվեցին տասնյակ երեխաներ, նույնիսկ Արցախի նախորդ երեք պատերազմների ժամանակ այդքան մեծ թվով երեխա չի սպանվել։ Սեպտեմբերի 20-ից սկսած՝ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականւթյան արդյունքում արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հողից՝ որտեղ դարերով ապրել են իրենց նախնիները։