«Հայաստանն Արցախի հետ չի կարող կապված լինել «միջանցքով», այն կապված է տարածքով. երբ օգտագործում ենք «միջանցք» բառը, ընդունում ենք, որ Արցախն արդեն անկլավ է». Հրանտ Խաչատրյան
16-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է։ Ադրբեջանն իր կեղծ «բնապահպանների» կողմից փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի գերության մեջ պահելով 120 հազար արցախահայության։
168.am–ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խոսելով «Լաչինի միջա՞նցք», թե՞ «Բերձորի ճանապարհ» եզրույթների վերաբերյալ առկա տարձայնությունների մասին, բացատրեց՝ երկար տարիների ընթացքում լեզվամտածողության մեջ պատկերներ են ստեղծվել «Լաչինի միջանցք» արտահայտության վերաբերյալ։ Կան խմբեր, որոնք մեղադրում են «Լաչինի միջանցք» ասողներին՝ հայտարարելով, թե Բերձորի միջանցք է։
«Այս տարաձայնությունները գալիս են նրանից, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախը հայտարարվեց Հայաստանի մաս։ Այդ ժամանակ մեր ամբողջ ջանքերը պետք է ուղղված լինեին Հայաստանի մաս ձևակերպումն իրացնելու ուղղությամբ։ 1994 թվականին «Լաչինի միջանցք» բառակապակցությունը մեջ ընկավ, ու բոլորը համարեցին, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ 1991 թվականի Հայաստանի անկախության հանրաքվեի ժամանակ Արցախն արդեն օտարվեց Հայաստանից։ Այստեղ չպետք է կենտրոնանալ, թե դա որքանով էր իրավական, իրավական էր այդ պահին գործող բոլոր միջազգային և հատկապես Խորհրդային Միության օրենքներով։ Այսինքն՝ մենք համաձայնեցինք, որ Արցախն օտարվել է Հայաստանից ու Հայաստանի հետ միավորվում է կյանքի այդ ճանապարհով։ Հետո գտնվեցին հայրենասեր մարդիկ, որ Լաչինի անունը փոխեցին՝ Բերձոր անվանեցին։ Մեր մտապատկերում դա մնաց՝ որպես միջանցք, այլ ոչ թե վերամիավորված Արցախը Հայաստանին կապող շրջաններից մեկը»,- նշեց Հրանտ Խաչատրյանը։
Շարունակելով միտքը, նա հիշեցրեց, որ այն ժամանակ միջազգային հանրությունը ողջունում էր Արցախի անկախությունը։ Փաստը եղել է այն, որ դե յուրե Արցախը միացել է Հայաստանին, որի նկատմամբ աշխարհն ունեցել է դրական վերաբերմունք, սակայն իր հետագա ծրագրերից ելնելով՝ չի ճանաչել այդ միավորը։
«Հայաստանի այդ ժամանակների ղեկավարությանը տարբեր ձևերով համոզել են, որ՝ եկեք Արցախն անջատեք, հետո ավելի լավ կլինի, քան պատկերացնում էինք վերամիավորված վիճակում։
Երկար տարիներ Բերձորի միջանցք չի ասվել, եղել է Բերձորի ճանապարհ, երբ ասվել է միջանցք՝ ոչ ոք չի կանխել, ասել են՝ դե, հիմա տերմին է, օգտագործում են։ Բայց երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բարձրացնում է արդեն «Զանգեզուրի միջանցքի» իրենց խնդիրը, երբ աշխարհում տարբեր ձևերով գտել են կողմնակիցներ, ովքեր այդ ծրագրին կֆինանսավորեն ու կաջակցեն ամեն ձևերով, մենք արդեն թեկուզ բնազդաբար պետք է հրաժարվենք «Բերձորի միջանցք» բառակապակցությունից։ Անտրամաբանական է, որ Արցախը Հայաստանի հետ կարող է կապվել «միջանցքով»։ Եթե մենք համարում ենք Արցախը Հայաստանի անբաժան մաս, ապա պետք է հասկանանք, որ Հայաստանն Արցախի հետ չի կարող կապված լինել միջանցքով, այլ կապված է տարածքով։ Այսինքն, երբ օգտագործում ենք «միջանցք» բառը, ընդունում ենք, որ Արցախն արդեն անկլավ է։ Սա մտածողության խնդիր է, որը պետք է շտկել»,- շեշտեց Հ. Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։