Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում ազդեցությանը ցանկանում է հստակ ձև ու կառուցվածք հաղորդել. վերլուծաբան

Մամուլում չեն դադարում տեղեկությունները, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Երևան-Բաքու գործընթացում, հետևաբար՝ Հարավային Կովկասում բեկում մտցնելու ուղղությամբ:

«Ռոյթերսը», հղում անելով քաջատեղյակ հինգ աղբյուրների, գրել է, որ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Բաքվի հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում, որպեսզի Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի որոշ դաշնակիցներ միանան Աբրահամի համաձայնագրերին:

«Ի տարբերություն արաբական երկրների, սակայն, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրներն արդեն իսկ սերտ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, ինչը նշանակում է, որ համաձայնագրերի ընդլայնումը հիմնականում խորհրդանշական կլինի՝ հնարավորություն տալով խորացնել կապերն առևտրի և ռազմական համագործակցության ոլորտներում»,- ասել են «Ռոյթերսի» անանուն աղբյուրները։

Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի, Աբրահամի համաձայնագրերին միանալու համար Վաշինգտոնը նախապայման է դնում Ադրբեջանի առջև՝ պահանջելով նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Կարդացեք նաև

Ըստ կայքի աղբյուրների՝ այդ հարցը քննարկվել է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ, դրանից հետո էլ՝ գարնանը, Ուիթքոֆի օգնական Արյեհ Լայթսթոունն է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այդ մասին նաև հարցազրույց էր տվել՝ ասելով. «Ես խոսում եմ մի շարք երկրների՝ «Խաղաղության Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք, մեր կարծիքով՝ շատ-շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է՝ ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»:

«Ռոյթերսը» նշել է՝ 2020 թվականի սեպտեմբերին Սպիտակ տան սիզամարգում ստորագրված պատմական այդ փաստաթղթերը հիմա արդեն ավելի հեռուն գնացող նշանակություն ունեն Թրամփի վարչակազմի համար։ Եթե տարիներ առաջ դրանց նպատակն էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մի կողմից՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի ու Սուդանի միջև, ապա հիմա ընդլայնման երկրորդ փուլը, կարծես թե, վերածվում է ԱՄՆ-ի և Իսրայելի փափուկ ուժի կիրառման, հարաբերությունների սերտացման մեխանիզմի:

«Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն էլ ժամեր առաջ իր «X»-ի էջում գրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին:

«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա: Տեղեկություններ են տարածվում նաև, որ Վաշինգտոնում սպասվում է Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում:

Փաշինյանի աշխատակազմն այսօր ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնհայտորեն ցանկանում է որևէ արդյունք արձանագրել Հարավային Կովկասում: Ըստ նրա, դրա մասին են փաստում ամերիկյան վարչակազմի տարբեր առաջարկների ու նախաձեռնությունների մասին անընդհատ տարածվող տեղեկությունները:

Սիմոնովի դիտարկումների համաձայն, խոսքն ապաշրջափակման հարցով չհաստատված տեղեկություններն էին, անընդհատ անդրադարձերը, որ կողմերը մոտ են համաձայնությանը, և ԱՄՆ-ը լուրջ ջանքեր է ներդնում, թեև հրապարակային դաշտում հստակ չէ, թե ամերիկյան միջնորդությունն ինչպե՞ս է տեղի ունենում:

«Սակայն ներկայումս նույնիսկ մանրամասներն էական չեն՝ նշելու համար, որ Թրամփի աշխատակազմն ամենայն հավանականությամբ Ռուսաստանի հետ բանակցություններում մոտալուտ համաձայնության տապալման սցենարից հետո փորձում է համաձայնության հնարավորություններ գտնել այլ ռեգիոններում վարչակազմի աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար: Սակայն, բացի այդ, Թրամփի վարչակազմն իրականացնում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ հավատարիմ մնալով իր ավանդական շահերին ու թիրախներին:

Այս ամենն արվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքերն ամրապնդելու համար, իսկ Աբրահամի համաձայնագրերը պետք է դառնան միջոց այդ ճանապարհին: Ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Իսրայելի վարչապետն աշշխատում է, որպեսզի Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրին: Իսկ թե դրանում կոնկրետ ի՞նչ դրույթներ են լինելու, դա որքանո՞վ է նման լինելու այն համաձայնագրերին, որոնք կնքել է Թրամփի վարչակազմը նախագահության նախորդ ժամկետի ընթացքում, բարդ է ասել: Սակայն կարելի է ասել, որ սա միտված է Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության վերաձևմանը, դրան կառուցվածք ու ձև, կայունություն հաղորդելուն:

Ըստ ամենայնի, այդ համաձայնագրերը յուրաքանչյուր երկրի դեպքում կունենան առանձնահատուկ շեշտադրումներ, ոլորտներ, կբանակցվեն երկկողմ ձևաչափով»,- նկատեց Սիմոնովը:

Նա նշեց, որ Երևան-Բաքու գործընթացում ԵՄ ձախողումից, Ռուսաստանի մերժումից հետո Թրամփի վարչակազմն ակտիվ միջնորդություն է իրականացնում:

«Մենք տեսնում ենք, որ տեղեկությունները վերաբերում են կարգավորման մի շարք ճյուղերին, ինչպես նաև մի հարցի, որը զուտ ամերիկյան օրակարգ է։ Աբրահամի համաձայնագրերը, որոնցով, ինչպես ասացի, ԱՄՆ-ն ձգտում է այս ռեգիոնում իր ազդեցության հստակությանը, բնականաբար, կտա նոր խորություն, եթե ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերը չխախտվեն այլ հանգամանքներով: Սակայն ներկայումս թվում է, որ, ինչպես ավելի վաղ, գլխավոր խոչընդոտները կողմերի միջև են, իսկ միջնորդի հարցում այս պահին հակամարտող կողմերը տարաձայնություններ չունեն»,- նկատեց Սիմոնովը:

Տեսանյութեր

Լրահոս