Ռուսաստանը պատրաստ է միջնորդության, սակայն հեռադիր պահվածք է որդեգրել՝ չպարտադրելով կողմերին բանակցային արագություն կամ տեմպ. եվրոպացի վերլուծաբան

Այսօր Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ ամենամյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին, ի թիվս ԱՊՀ այլ ղեկավարների, մասնակցում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:

Շաբաթներ առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ակնարկել էր, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք միջոցառմանը հնարավոր է բարձրաստիճան հանդիպում ՌԴ միջնորդությամբ:

Այսօր ավելի վաղ Պեսկովը հստակեցրեց, որ եռակողմ հանդիպում այս միջոցառման շրջանակում չի նախատեսվում, սակայն ոչ ֆորմալ հատվածում հնարավոր են երկկողմ շփումներ: «Եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել էր նա։ Ուշագրավ է հիշեցնել նաև այն հանգամանքը, որ Երևանն օրերս չեղարկեց իր մասնակցությունը նախապես հաստատված նախարարական եռակողմ հանդիպմանը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին, դա ընդհանուր առմամբ պատճառաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով, հավելելով, որ, ի պատասխան Ադրբեջանի առաջարկի, հայկական կողմը նոր առաջարկներ է փոխանցել ադրբեջանական կողմին:

Ավելի վաղ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը ևս տեղի չունեցավ այդ հանդիպմանը Մակրոնի մասնակցության՝ Երևանի պայմանի պատճառով:

168.am-ի հետ զրույցում, դիտարկելով բանակցային գործընթացը և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ վերջին դիվանագիտական գործընթացները ցույց են տալիս, որ արևմտյան բանակցային գործընթացը տապալվեց, և չնայած տպավորությանը, որ այն շարունակվի Մոսկվայում, ՌԴ միջնորդությամբ գործընթացը ևս դեռ չի հաջողվում: Ըստ նրա, չի բացառվում, որ ՌԴ միջնորդությամբ գործընթացը խնդիրների է բախվում միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով:

«Սակայն ակնհայտ է, որ միջանցքի փակման միջոցով Ադրբեջանն աննախադեպ ճնշում է փորձում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս չերկարաձգի Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այն տարբերակի, որն առաջարկվել է, Հայաստանն ակնկալում է միջազգային աջակցություն միջանցքի բացման հարցում, իսկ Ռուսաստանը կարծես պատրաստ է միջնորդության, սակայն հեռադիր պահվածք է այնուամենայնիվ որդեգրել՝ չպարտադրելով կողմերին բանակցային արագություն կամ տեմպ: Սա ունի մի քանի պատճառ. Նախ՝ Ռուսաստանին ինքնին ներկայումս այլ որևէ գոտում իրավիճակի շեշտակի փոփոխություններ պետք չեն, և ՌԴ-ն առավելապես հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանմամբ: Ռուսաստանն ավելի ու ավելի է պասիվանում, ինչը կարելի էր սպասել ուկրաինական զարգացումների կոնտեքստում: Սա հասկանում են այլ կենտրոններ, որոնք լարվածությամբ փորձում են արագացնել գործընթացները և օգտվել ինչպես Ռուսաստանի միջնորդությունից ի օգուտ իրենց, այլև համաշխարհային լարվածությունից:

Ակնհայտ է, որ ՌԴ-ն այս փուլում հատուկ առաջ չի մղում բանակցությունները և այն շահագրգռվածությունը չի ցուցաբերում, ինչ, օրինակ, ԵՄ-ն և ԱՄՆ-ը: Պարզապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցային դերակատարությունը չգոհացրեց կողմերին»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, ստեղծվող իրավիճակը, ՌԴ-ի չեզոք ներկայությունը տարածաշրջանում և կողմերի տրամադրություններն էականորեն սրում են իրավիճակը:

«Ըստ էության այսօր կողմերը հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ չկա միջնորդ, ու կա գերլարված իրավիճակ: Մյուս կողմից՝ կա լարում ադրբեջանա-իրանական հարաբերություններում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմին ուղերձներ փոխանցեց Ֆրանսիան՝ Մակրոնի, ԱՄՆ-ը՝ Սալիվանի միջոցով, սակայն մինչ այս պահը՝ առանց էական արդյունքների:

Կարծում եմ՝ եթե նույնիսկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունենան ոչ պաշտոնական շփումներ, դրանք էական արդյունքներ չեն կարող տալ, քան պլանավորված, շարունակական բանակցությունները: Այդ մասով իրավիճակը հուսադրող չէ, որը նոր լարումների հնարավորություն է տալիս: Սա այն իրավիճակն է, երբ եթե Արևմուտքը ցանկանում է, ապա գործնական քայլերով կարող է ազդել իրավիճակի վրա և կրկին իր կողմ փոխադրել բանակցային գործընթացը: Սակայն առաջիկայում դա տեղի չի ունենա, և պետք է սպասել դիվանագիտական նախաձեռնությունների արդեն հաջորդ տարի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս