Մենք 1988 թվականի ոգին չունենք, կորցրել ենք. Բակուր Կարապետյան
«Ժողովուրդը որոշել է գալ Ստեփանակերտից, այդ կեղծ բնապահպանների հետ խոսել, համոզել: Ինձ թվում է՝ դա անիմաստ է, որովհետև նրանք ոչ թե բնապահպաններ են, որ ինքնակամ եկել են, այլ վարձու մարդիկ են, որոնք եկել են բնապահպանի անվան տակ՝ այդ ակցիան անելու: Դա պատերազմի մի ուղղություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ շեշտելով, որ գնում է նաև տեղեկատվական պատերազմ, ուստի, պետք է հասկանալ՝ ինչպես պայքարել սրա դեմ:
«Մենք 1988 թվականի ոգին չունենք, կորցրել ենք, պետք է գնալ Շուշիի, Մարտակերտից Քարվաճառի ճանապարհները փակել, թույլ չտալ, որ շարժվեն: Ու այսպես աշխարհով մեկ պետք է արվի: Պետք է աշխատի նաև դիվանագիտությունը: Սա կոմպլեքս է, պետք է պատրաստվենք ու կարողանանք անել, եթե չանենք՝ մենք կորած ենք: Ահավոր աղետ է սպասվում մեր ժողովրդին: 1988 թվականին կար այդ ոգին: Մենք՝ գրողներս, հատկապես՝ արցախցիները, մինչև 1988 թվականն անում էինք դա, պատրաստում էինք ժողովրդին, որ այդ շարժումը, զարթոնքը լինի: 1988 թվականի փետրվարին, երբ գնացի Արցախ՝ տեսա, որ մեր արածի հետևանքը կար, այսինքն, գրողների գործը կար:
Հիմա այստեղ, քանի որ կտրված է ժողովուրդը մշակույթից, գիր-գրականությունից, չէին զգում, իսկ ես անընդհատ ասում էի՝ շատ վտանգավոր է սա: Հիմա անհրաժեշտ է նաև համախմբման քայլեր անել: Դու քո ներսում պետք է ուժեղ լինես: Բանակը պետք է ուժեղ լինի: Ես նախորդ իշխանությունների ժամանակ էլ առաջարկել եմ ջոկատներ ստեղծել ամբողջ աշխարհում, որովհետև հարմար պահը գալու է, բայց չկարողացանք անել դա»,- նշեց Բակուր Կարապետյանը:
Հիշեցնենք՝ 13 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: