«Ավելի վճռական ու արմատական քայլեր են պետք, այստեղ անելիք ունի Հայաստանը, ՀՀ իշխանությունը, նաև սփյուռքը՝ իր կառույցներով». Արմեն Մարուքյան
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայեր կանգնած են ցեղասպանության առջև։ Այս մասին բարձրաձայնել են ոչ միայն հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները, այլև միջազգային կառույցի որոշ ներկայացուցիչներ՝ հորդորելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանն ասաց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը միանշանակ հումանիտար աղետ է։ Հումանիտար իրավունքի դիտանկյունից, այն, ինչ անում է Ադրբեջանը, այսպես կոչված, «էկոլոգների» միջոցով՝ ուղղակի միջազգային հանցագործություն է։
«ՄԱԿ-ի Ցեղասպանության Կոնվենցիայի դիտանկյունից՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի, մենք տեսնում ենք, որ հայերի նկատմամբ, որպես ազգային խմբի, առնվազն էթնիկ զտման մտադրությունն ակնհայտ է, որ անմարդկային պայմաններ ստեղծեն արցախահայությանն այնտեղից դուրս մղելու համար։ Այսինքն՝ այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեն, որ արցախահայությունը կամ հպատակվի, հնազանդվի Ադրբեջանին, դառնա Ադրբեջանի քաղաքացի, ինչը դժվար է պատկերացնել, որովհետև անգամ խորհրդային տարիներին դա չհաջողվեց անել։ Հիմա, երբ Արցախը 30 տարուց ավելի անկախ պետություն է, անկախ միջազգային ճանաչված-չճանաչված լինելուց, այս պահին դա անհնար է, հետևաբար՝ խնդիրն Արցախի հայաթափման մեջ է, և Ցեղասպանության Կոնվենցիայի որոշակի կետերի համապատասխան կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ են ստեղծվել, ինչն ակնհայտ հանգեցնում է միջազգային հանցագործությանը մոտ հատկանիշների»,- նշեց Արմեն Մարուքյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի նման պահվածքը նոր չէ, և միշտ էլ այդ պետությունն իր ստեղծման պահից եղել է հակահայկական, ցեղասպանական պետություն, սկսած 1918 թվականից, խորհրդային շրջանում կատարված ցեղասպանական ակտերը հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ հանրապետությունը հայ ժողովրդի նկատմամբ միշտ էլ ունեցել է ցեղասպանական նկրտումներ, և պետք չէ զարմանալ, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքներին, Արմեն Մարուքյանն ասաց, որ կարելի է դրական համարել քննարկումները, սակայն հայ ժողովրդի ակնկալիքները բոլորովին այլ էին, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առնվազն պետք է բանաձև ընդուներ, սակայն հասցեական դատապարտումով որևէ փաստաթուղթ չընդունվեց։
«Եղան ելույթները, ինչն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար քայլ է միջազգային հանրության կողմից։ Կարծում եմ՝ ճնշումը պետք է մեծացվեր այն աստիճան, առաջին հերթին՝ Հայաստանի կողմից, որպեսզի ամեն ինչ որևէ փաստաթղթով ամրագրվեր, այլ ոչ թե լիներ նիստի քննարկումների համատեքստում, այլ բանաձևի ընդունում, որը կստիպեր Ադրբեջանին կատարելու քայլեր, հակառակ դեպքում կիրառվեր Անվտանգության խորհրդում առկա գործիքակազմը՝ սանկցիաներից՝ ընդհուպ մինչև ավելի կոշտ միջոցներ, և այլն։ Սա ակնհայտ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն մարդկությանը, այսինքն՝ Ադրբեջանը ծաղրում է միջազգային իրավունքը, նորմերը»,- շեշտեց Արմեն Մարուքյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ նման հայտարարություններով խնդիր չի կարող լուծվել, հաշվի առնելով այն գործարքները, որոնց մեջ գտնվում է Ադրբեջանը կոնկրետ ԵՄ-ի հետ, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի շրջանակներում հայտարարությունները որևէ եղանակ չեն կարող փոխել։
«Ավելի վճռական ու արմատական քայլեր են պետք, առաջին հերթին այստեղ անելիք ունի Հայաստանը, ՀՀ իշխանությունը, նաև սփռյուռքը՝ իր կառույցներով, այդ թվում՝ արցախահայությունը։ Համազգային լուրջ շարժում է անհրաժեշտ այս խնդիրը լուծելու համար և ոչ թե սիտուատիվ լուծելու համար, որ նորից փակեն ու խաղարկեն, ինչպես գազամուղի հետ են անում։ Վերջնական ու երկարաժամկետ կարգավորում է պետք, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այդ փաստաթղթով և՛ Ադրբեջանը հստակ պարտավորություն ունի, և՛ ՌԴ-ն։ Այդ պարտավորությունը խախտվում է երկու կողմերից էլ, ՌԴ-ն տվյալ պարագայում կարող է նաև համաչափ ուժ կիրառել, այդ խաղաղապահ «էկոլոգներին» ճանապարհահատվածից դուրս մղելով, և ճանապարհից այն կողմ, որքան ուզում են, թող իրենց ցույցը շարունակեն։ Այդ ճանապարհը պիտի բաց լինի, և դրա անվտանգությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածով դրված է ռուս խաղաղապահ զորակազմի վրա»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է: