Լեմկինի ինստիտուտի գնահատականը կարևոր նշանակություն կարող է ունենալ. հայկական կողմին մնում է կարծիքն օգտագործել հայկական շահերն առաջ տանելու համար. Արմեն Մարուքյան
Այս տարվա նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Հայաստանը նախապես աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և հօգուտ նրա հանել իր թեկնածությունը։ Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին համատեղ հաղորդագրություն էին տարածել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ Դրա արդյունքում Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտների, իսկ Ադրբեջանը՝ 32 հայ պատանդառված զինծառայողների։
Ադրբեջանն այս տարեսկզբից բուռն նախապատրաստական և քարոզչական աշխատանքներ է կատարում՝ հրավիրում է միջազգային համաժողովներ, մինչդեռ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն օրերս ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին աջակցությունը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) անցկացման հարցում։
«Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որը ղեկավարվում է այն նախագահի կողմից, որը պարբերաբար արտահայտում է հայերի նկատմամբ ցեղասպանության գաղափարախոսությունը։ Այդ թվում` նրանց անվանում է շներ, շնագայլեր և ահաբեկիչներ։ Ներկայում Ադրբեջանն անօրինական կերպով պահում է շուրջ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ընտրված իշխանության 8 անդամին»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին՝ նշելով, որ «նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանն անդրադառնալով Լեմիկինի ինստիտուտի հայտարարության կարևորությանը և դրա ազդեցությանը՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը, որպես ցեղասպանության բնագավառում պրոֆեսիոնալ միջազգային կառույց, իր օբյեկտիվ գնահատականներով մշտապես հանդես է եկել բոլոր նմանատիպ հանցագործությունների հետ կապված։
«Վերջին շրջանում, հատկապես Արցախում տեղի ունեցող զարգացումների հետ կապված՝ հստակ քաղաքական և առավելապես միջազգային իրավունքի դիրքերից գնահատականներ է հնչեցրել Արցախի շրջափակման վերաբերյալ։ Ինստիտուտը հստակ նշել է, որ դա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիայի բնութագրիչների համապատասխան կարելի է որակել՝ որպես ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ ժամանակին նման զեկույցներ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն էր նաև հրապարակել։ Այս մասնագիտական գնահատականները չափազանց կարևոր են այն աստիճան, որ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր երկրների ներկայացուցիչներ հղում են կատարում այս մասնագիտական կարևոր կարծիքներին»,- նշեց Արմեն Մարուքյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP) համաժողովին ընդառաջ՝ Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարությունը չափազանց կարևոր մասնագիտական խոսք է։
«Ցավալին այն է, որ Հայաստանը թույլ տվեց, այսինքն՝ վետո չկիրառեց, որպեսզի Բաքվում տեղի չունենա համաժողովը։ Դրա փոխարեն՝ գերեվարված մեր մի քանի հայրենակիցներին Բաքուն ազատ արձակեց, իբրև «գնահատական», ինչը որևէ կերպ ամրագրված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այդ հայտարարությամբ հստակ ամրագրված է, որ ռազմագերիները և պահվող անձինք առանց որևէ նախապայմանների պետք է ազատ արձակվեն, բայց փաստացի այդ մի քանի գերիներն ազատ արձակվեցին Բաքվում համաժողովն անցկացնելու դիմաց»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմեն Մարուքյանը նաև ընդգծեց՝ նոյեմբերին կայանալիք համաժողովին ընդառաջ՝ Բաքուն նախապատրաստում է նոր թեզեր ընդդեմ Հայաստանի, թե «Հայաստանն էկոլոգիական սպառնալիք է տարածաշրջանում» Մեծամորի ատոմակայանի փակման հարցն են շրջանառում, բարձրացնում են նաև Արցախում իբրև «ապօրինաբար» շահագործված ռեսուրսների հարցը։
«Այս ամենի տեսանկյունից Լեմկինի ինստիտուտի գնահատականը չափազանց տեղին է, որտեղ հստակ նշվում է Ադրբեջան պետության ցեղասպան բնույթը, ցեղասպանական պետություն լինելու էությունը։ Հայկական կողմին մնում է այս մասնագիտական կարծիքը վերցնել արտաքին քաղաքական զինանոցում և օգտագործել։ Սա կարող է անել հայկական սփյուռքն իր կառույցներով, Հայ Դատի գրասենյակներով և ազգային իշխանության պարագայում, սա կարող է լինել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։ Կրկնում եմ՝ այս մասնագիտական կարծիքները չափազանց կարևոր նշանակություն կարող են ունենալ հայկական շահերն առաջ տանելու, պաշտպանելու տեսակետից»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։