
«Մենք պատրաստվում ենք ապագա բարենպաստ պայմաններին. Հայաստանը մշտապես այս վիճակում չի մնալու». Արտակ Բեգլարյան

Արցախի Միությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի, Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ սկսել են հավաքագրել տվյալներ՝ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար:
Արտակ Բեգլարյանը մանրամասնելով այս նախաձեռնությունն ու քայլերը, ասաց՝ անում են այն նվազագույն քայլերը, որոնք պետք է անեին, թեպետ ցանկությունը մեծ է, որպեսզի այդ քայլերն ավելի մեծ լինեին՝ բովանդակության ու ծավալի տեսանկյունից։
«Առաջին հերթին տարբեր դեպքերի փաստագրում ու վավերագրում ենք իրականացնում, թե ինչ է կատարվել։ Եվ երկրորդ հերթին՝ այդ փաստագրումների հիման վրա տարբեր արցախցիների դիմումների ու վկայությունների հիման վրա պատրաստում ենք անհատական գանգատներ ու զեկույցներ, որոնք ուղարկում ենք միջազգային ատյաններ. Սա վերաբերում է և՛ Եվրոպական դատարանին, և՛ Եվրոպայի խորհրդի ու ՄԱԿ-ի մասնագիտացված տարբեր կառույցների՝ կիսադատական, ոչ դատական ատյաններին։
Մենք խնդիր ունենք փաստաթղթավորելու խախտումները և միջազգային մակարդակում ամրագրելու մեր իրավունքներն այս փուլում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմա որոշումները չի կատարելու, բայց տարիներ անց, երբ վճիռները լինեն, դրանք կարևոր իրավական ու դիվանագիտական հիմք են ստեղծելու հետագա աշխատանքների համար՝ առաջին հերթին՝ ՀՀ-ի կողմից։
Մենք պատրաստվում ենք ապագա բարենպաստ պայմաններին։ Ադրբեջանը նույն վիճակում չի լինելու, Հայաստանն էլ մշտապես այս վիճակում չի մնալու, և որպեսզի մենք ապագայում ունենանք շատ ամուր իրավական հիմքեր՝ քաղաքական, դիվանագիտական, հենց այսօրվանից դրա համար պետք է աշխատենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Նա անձամբ բավարարված չէ ներկայիս աշխատանքի ծավալներով, քանի որ բավարար նյութական ու մարդկային ռեսուրսներ չունեն, բայց կարծում է՝ գոնե այն, ինչ կարողանում են անել ընկերներով ու համատեղ ջանքերով, անպայման պետք է շարունակեն անել։
«Այն, ինչը մենք ենք անում, առաջին հերթին պետության անելիքն էր՝ Հայաստանի, բայց քանի որ ՀՀ իշխանությունն իրենից կախված բավարար քայլերը չի անում, հակառակը՝ պնդում է, որ պատրաստ է միջազգային ատյաններից հետ վերցնելու բոլոր գանգատները, մենք պետք է աշխատենք։ Իհարկե, լավագույն տարբերակն այն կլիներ, որ պետությունն աներ՝ իրավական, քաղաքական ու դիվանագիտական դաշտում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Եթե պետությունը չի անում և երբեմն անում է հակառակ գործողությունները, սա չի նշանակում, որ իրավապաշտպան համայնքը որևէ բան չպետք է անի»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից կա որոշակի ակտիվություն. առաջին փուլում նրանք լրացնում են իրենց տվյալները, ներկայացնում որոշակի փաստաթղթեր։ Դրանից հետ նրանց տվյալները վերլուծվում են, որոշ չափով մշակվում, իսկ արդեն երրորդ փուլում կապ են հաստատում շահառուների հետ, որոնք մանրամասն ներկայացնում են իրենց վկայությունները։
«Այնուհետև ամբողջական փաստաթղթերն ու գանգատները մշակվում են միջազգային մասնագետների հետ, որոնք կամավոր կերպով մեզ օգնում են։ Իսկ վերջին փուլով դրանք ներկայացնում են միջազգային ատյաններ։ Մինչև այս պահը, գործընթացն արել ենք ոչ հրապարակային կերպով, մի քանի ամիս է՝ մենք աշխատում ենք։ Արդեն 2 խումբ ներկայացվել է դիմումներ մեր կողմից, սա արդեն 3-րդ խումբն է»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից արցախահայերը ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվեցին։ Այսօր արցախահայերի գույքն Ադրբեջանի կողմից կա՛մ ոչնչացվում է, կա՛մ էլ յուրացվում։