«Նշվում է, որ Լաչինի միջանցքն իբրև հավելյալ ճնշման գործիք են ուզում օգտագործել ՀՀ-ի նկատմամբ». իրանագետը՝ իրանական արձագանքների մասին

Լաչինի միջանցքը փակ է շուրջ 9 օր: Իրավիճակի շուրջ միջազգային տարբեր գնահատականներ ու  հայտարարություններ են հնչել: Փորձագիտական շրջանակներն իրանական կողմից գուցե ոչ ուղիղ, բայց արձագանք են դիտարկում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ Թեհրանի երկխոսության համաժողովում ունեցած ելույթը, որում  նախարարն ընդգծել է «Կովկասի տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը»:

Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրավիճակի վերաբերյալ իրանական արձագանքներին՝ դրանք բաժանելով երկու հատվածի՝   պաշտոնական և լրատվական-փորձագիտական:

«Պաշտոնականը, ինչպես միշտ է Իրանի պարագայում, բավականին զուսպ էր. այսինքն՝ Իրանի արտգործնախարարը խոսեց տարածաշրջանում փոփոխությունների անթույլատրելի լինելու մասին, ինչը վերաբերում էր՝ ինչպես հաղորդակցության ուղիներին, այնպես էլ՝ միջանցք հասկացություններին:

Այսինքն՝ իրանական կողմը նախ փորձում էր հասկացնել, որ Lաչինի միջանցքը չպետք է փակ մնա, երկրորդը՝ Զանգեզուրի միջանցքի մասին չպետք է խոսք լինի. եթե բացենք Աբդոլահիանի հայտարարությունը:

Կարդացեք նաև

Փորձագիտական, սոցցանցային, նաև հանրային կարծիքի տիրույթում բավականին բացասական են Լաչինի միջանցքի փակվելուն առնչվող գնահատականները: Նշվում է, որ Լաչինի միջանցքն իբրև հավելյալ ճնշման գործիք են ուզում օգտագործել ՀՀ նկատմամբ՝ զիջումներ կորզելու համար և՛ նույն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, և՛ այլ հարցերի»,- նշեց իրանագետը՝ նկատելով, որ, այդուհանդերձ,  բոլոր հրապարակումներում արձանագրվում է՝ Իրանն այդ միջանցքի հարցում իր պաշտոնական կարծիքից հետ չի կանգնելու:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։

Դեկտեմբերի 12-ին հաջորդող օրերին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Արցախ մատակարարվող գազը, որը վերականգնեց միայն մի քանի օր անց։

Տեսանյութեր

Լրահոս