Լաչինում ջրցանով ցույց ցրելու կարիք կա. Էռնեստ Ավանեսով
«Էս ծուռ, շատերիդ ծռած երկրում, ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք: Օրինակ, ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ լենտեր կտրում»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:
Նա հարցրեց, թե պատկերացնո՞ւմ են ներկաներն այս պահին Ստեփանակերտում հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը:
«Մինչ այս լսարանում ձեզանից շատերն իրենց հետևից փողկապներ են քարշ տալիս, շատ մարդիկ վստահաբար հիշում են 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երբ չեկով հաց էին գնում, վառելիք ստանում: Արցախում հիմա այդ վիճակն է: Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև: 2015թ. ցուցերը ցրելու համար ջրցան էին բանեցնում մեզ վրա: Հասկանում եմ, եկել, ասում ենք՝ ջրցանով էլ ցույց չենք ցրելու, բայց ինձ թվում է՝ Լաչինում դրա կարիքը հիմա կա»,- նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ ոչ մի արտաքին գործընկերոջ կոչ չի անում, իր կոչը Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանություններին է ուղղված, որ ամեն ինչ անեն՝ ճանապարհը բացելու համար, որովհետև Արցախը Հայաստան է:
Հիշեցնենք՝ 9 օր է, ինչ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին: