«Սա դիմակայելու խաղ է, թե ով կարող է առաջինը ընկրկի ճնշումների դեմ՝ Ադրբեջա՞նը՝ միջազգային ճնշումների, թե՞ մեր ժողովուրդը՝ Ադրբեջանի ճնշումների». Գևորգ Իսկաջյան
Արցախը, 6-րդ օրն է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից։ Դեկտեմբերի 12-ից՝ ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը՝ Արցախը կտրել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուց։
168.am-ի հետ զրույցում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանն անդրադառնալով այս պահին Արցախում տիրող իրավիճակին և սփյուռքի անելիքներին, նախ ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հայտարարեց, որ արդեն 6 օր է՝ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, որևէ բան չի մտնում Արցախ և դուրս չի գալիս՝ սկսած սննդից մինչև բժշկական ծառայություններ։
«Պիտի ասեմ, որ այս ամենն Արցախում մարդկանց ուժեղ կամքը չի կոտրում, պատրաստ են ամեն ինչի դիմակայել ու ամեն ինչ անել։ Արցախցիներն իրենց երկրի ու իրենց իրավունքները որևէ պարագայում չեն զիջելու, սա մեզ համար ամենակարևորն է»,- նշեց Գևորգ Իսկաջյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր խոսել է Լոս Անջելեսի իր ընկերների հետ, նրանք արդեն սկսել են բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչը շատ կարևոր է։
«Միջազգային ճնշումներն ազդում են ադրբեջանցիների վրա՝ սա դիմակայելու խաղ է, թե ով կարող է առաջինն ընկրկի ճնշումների դեմ՝ Ադրբեջա՞նը՝ միջազգային ճնշումների, թե՞ մեր ժողովուրդը՝ Ադրբեջանի ճնշումների: Այսօր իսկ արդեն բողոքի ակցիա է եղել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ, հարյուրավոր երիտասարդներ են մասնակցել։ Այսօր Երևանում կան տարբեր հյուպատոսարաններ, դեսպանատներ, մարդիկ պետք է գնան դրանց մոտ, իրենց խոսքն ասեն, ճնշեն, որպեսզի նրանք էլ Ադրբեջանին ճնշեն։
Այս ամենից զատ՝ պետք է միջազգային լրատվամիջոցներով բարձրաձայնեն խնդիրը, երեկ ես հարցազրույց եմ տվել «The Washington Post»-ին, տարբեր տեղերից փորձում են կապ հաստատել մեզ հետ։ Ամեն օր մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք ուզում են տեղեկանալ, թե ինչ է կատարվում Արցախում։ Սա մեզ համար լավ է, սակայն մեր երիտասարդությունը, հայրենակիցները պետք է աշխարհով մեկ խնդրի մասին բարձրաձայնեն և ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Գ. Իսկաջյանի, նրանք, ովքեր այսօր փողոցում են, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ, Արցախում գտնվող մարդկանց շատ են քաջալերում ու հույս տալիս։ Սակայն պետք է ավելի շատ ակցիաներ լինեն, ավելի մեծ թվով մարդիկ պետք է փողոց դուրս գան։
«Արցախը Հայաստանի մի մասն է, արցախցիները հայ ժողովրդի մի մասնիկն են, եթե արցախցիները ցավում են, մենք նույնպես պիտի ցավենք, լինի սփյուռքում, Երևանում, թե այլ վայրում»,- շեշտեց նա։
Արդեն մեկ տարի է՝ ինչ Գևորգ Իսկաջյանը Միացյալ Նահանգներից վերադարձել է Արցախ։ Նման որոշում նա կայացրել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ասում է՝ պատերազմից հետո երկար է մտածել, թե ինչ կարող է անել իր հայրենիքի համար, որպեսզի նրան օգտակար լինի։
«Այդ ժամանակ մտածեցի, որ ամենալավ ձևն այն է, որ գամ Արցախ և այստեղ աշխատեմ։ Ամբողջ աշխարհում ունենք Հայ Դատի գրասենյակներ, բայց Արցախում չունեինք, ցանկացանք բացել, քանի որ գիտեինք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Ադրբեջանը տարբեր ճնշումներ կփորձի գործադրել մեր ժողովրդի նկատմամբ։ Հետևաբար, ուզում էինք պատրաստ լինել, որպեսզի աշխարհին մեր խոսքն ասեինք, ուժերը կենտրոնացնեինք։ Հիմա այդ օրերը սկսվել են, և մենք պատրաստ ենք ամեն ձևով աշխատել»,- եզրափակեց Գևորգ Իսկաջյանը։