«Եթե հնարավոր լիներ՝ կտեղափոխվեին». Ավանեսյանը՝ Արցախից հիվանդներին սանավիացիայով տեղափոխելու մասին

«Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխվեր»,- ասաց ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սանավիացիան չի՞ կարող շտապ բուժօգնության կարիք ունեցողներին տեղափոխել Երևան: Սանավիացիայի ուղղաթիռներով  Տավուշի մարզի գյուղեր էին գնում:

Նախարարը լրագրողի հարցին հակիրճ պատասխան տալուց հետո հրաժարվեց պատասխանել ճշտող հարցին և անմիջապես տեղեկացրեց, որ բնակիչները, ովքեր հիմա Գորիսում են և չեն կարողանում տուն հասնել, նրանց թվում են նաև մեծաթիվ երեխաներ, իրենք ուժեղացրել են Գորիս բժշկական կենտրոնի ողջ ծառայությունների սպեկտրը, հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կարիքները հասցեագրել:

«Այն գյուղական համայնքները, որոնք կտրված են, Արցախի առողջապահական համակարգը չի կարողանում նրանց կարիքներն այս պահին հոգալ, միասնական թիմով՝ մարզային առողջապահական համակարգի հետ, բնակավայրեր հասցրել ենք թե՛ դեղորայք, թե՛ անհրաժեշտ բոլոր պարագաները շտապօգնության ծառայության միջոցով: Անմիջական կապի մեջ եմ Արցախի ԱՆ ժամանակավոր պաշտոնակատարի հետ, մեր մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ, անում են ամեն ինչ, որպեսզի ծանր պացիենտների վիճակը վերահսկելի լինի: Կարծում եմ, այս պահին ճիշտ է դադարեցնել պլանային բոլոր միջամտությունները և ռեսուրսները և ուժերն ուղղել միայն անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- նշեց Առողջապահության նախարարը՝ հավելելով, որ ռեսուրսների խնայողաբար օգագործումը շատ կարևոր մեխանիզմ է:

«Սա Արցախի միակ, կյանքի ճանապարհն է,  ամենօրյա ձևով բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայք պետք է հասցնել այնտեղ:  Այս իրավիճակը չի կարող երկար տևել»,- նշեց նախարարը:

Կարդացեք նաև

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. «Ոչ թե գրավոր պատասխան ենք ակնկալում, այլ քայլեր, հստակ գնահատական և ճնշում  ենք ակնկալում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նման դեպքերում պետք է բոլոր խողովակներն օգտագործի և Ադրբեջանում տեղակայված իրենց ռեգիոնալ օֆիսը պետք է քայլեր ձեռնարկի՝ ճնշում գործադրելու և առողջապահական կարիքները հոգալու համար հնարավորություն տա, որ պացիենտներին տեղափոխենք Երևան»,- ընդգծեց Առողջապահության նախարարը:

Լրագրողները հարց ուղղեցին նաև մամուլում շրջանառվող տեղեկության մասին, թե իշխող ուժը դժգոհ է նախարարի աշխատանքից, և առաջիկայում հնարավոր է՝ հրաժարական տա, Անահիտ Ավանեսյանը արձագանքեց. «Ես հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս