Մենք պատահական չենք տեսնում այս բլոկադան, սա ցեղասպանության վաղ ազդանշան է․ ՀՀ ՄԻՊ

«Արդեն 3 օր է, ինչ բլոկադան շարունակվում է: Անձինք երկուստեք՝ և՛ ՀՀ, և՛ Արցախի կողմից սահմանափակված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքով, հումանիտար խնդիրներ են առաջացել՝ մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել: Դժվարին իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող անձինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց բնապահպան համարող ադրբեջանցիների գործողություններին, որոնք, արդեն չորրորդ օրն է, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը:

Շեշտելով, որ այդ ակցիայի հետևանքով վտանգված է արցախահայության հիմնական իրավունքների ու ազատությունների ամբողջական  սպեկտրը, ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև անելիքներին, մասնավորապես նա տեղեկացրեց, որ ժամեր հետո կհրապարակեն Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ զեկույցը, որտեղ կներկայացվի իրավիճակը, կվերլուծվի միջազգային իրավական պարտավորությունների լույսի ներքո ադրբեջանական կողմի իրականացրած և շարունակվող խախտումները:

«Հաջորդիվ մեր փաստերը պետք է ներկայացնենք միջազգային՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող հաստատություններին, կազմակերպություններին, բայց նաև առանձին պետությունների դերակատարներին, կառավարություններին՝ ուշադրություն հրավիրելով հարցին, որովհետև մենք պատահական չենք տեսնում այս բլոկադան, սա տրամաբանական, հաջորդական քաղաքականության օրինակ է, որի իմաստը Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի բնաջնջումը: Սա, ըստ էության, ցեղասպանության վաղ արձագանք է, ազդանշան է»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:

Հարցին՝ միջազգային հանրության կողմից կոնկրետ, առարկայական հայտարարություն չկա, ինչո՞ւ չկա, չէ՞ որ հումանիտար աղետի շեմին է Արցախը, ՀՀ ՄԻՊ-ը այսպես արձագանքեց. «Իրականում մի քանի պետություն արտահայտել է  իր դիրքորոշումը. հասցեական նկարագրել են իրավիճակը, և ամենակարևոր շեշտադրումը՝ վերահաս հումանիտար աղետի մասին նշում են կատարել, իսկ մյուս ուղղություններով պետք է շարունակենք աշխատել: Ամեն րոպե, ամեն ժամ բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր գործընկեր կազմակերպությունների հետ, և հասնենք նրան, որ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ստանան, և չստացվի, որ ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» հավաքների իրավունքի ազատության իրացման պայմաններում ուղղակի  անձանց կյանքի իրավունքն է վտանգվում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս