«Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություն ունի՝ ճանապարհը փակվի, և մեր հարյուր-հազարավոր հայրենակիցները հայտնվեն գերության մեջ»․ Էդգար Ղազարյան
Արդեն 3-րդ օրն է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան էլ ադրբեջանցիները դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով փակ են դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որն այսօր միացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա իրականացնելն ընդամենն այդ կառույցի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա սևեռելու համեստ փորձ է, իսկ ստեղծված իրավիճակի համար մեկ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։
«Իրենք են ստեղծել այս վիճակը, դա իրենց գործունեության հետևանքներն է, և իրենք են պատասխանատու լուծել այս խնդիրը։ Այսօր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցիները, ընդ որում, ոչ թե Ադրբեջանի քաղաքացիները, այլ Ադրբեջանի պետությունը։ Որպեսզի Ադրբեջանի պետությունը բացի այդ ճանապարհը, պետք է պետական մակարդակում որոշում կայացվի։ Այսինքն՝ կամ Ադրբեջանի պետությունը այդ քայլն անի, կամ Հայաստանի պետությունը պետք է այդ քայլն անի, որովհետև այդ ստեղծված իրավիճակից տուժողները մեր քաղաքացիներն են։
Հիմա, եթե Ադրբեջանի նախագահը չի ուղարկում իր ոստիկանական ուժերը՝ այդ ճանապարհը բացելու համար, ուրեմն Հայաստանի կառավարությունը պետք է ուղարկի իր ոստիկանական ուժերը այդ ճանապարհը բացելու համար»։
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են՝ նշված հատվածը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, և նրանք պետք է քայլեր ձեռնարկեն ճանապարհը բացելու համար, Էդգար Ղազարյանն ասաց՝ դա ընդամենը դեմագոգիկ հայտարարություն է՝ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար․
«Ռուսական զորամիավորումներն այնտեղ ունեն խաղաղապահի կարգավիճակ։ Խաղաղապահների սկզբունքը ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ չեզոքությունն է և ուժի չկիրառումը, և Ադրբեջանն օգտվում է այդ հանգամանքից, իրենք գիտեն, որ խաղաղապահներն ուժ չեն կարող գործադրել։ Ուժ կարող է գործադրել ոչ թե միջազգային կազմակերպության խաղաղապահ առաքելությունը, այլ պետությունները՝ իրենց Զինված ուժերի ստորաբաժանումների միջոցով։ Հիմա եթե Ադրբեջանը չի գնում իր քաղաքացիներին այնտեղից հանի, ապա Հայաստանը պետք է դա անի։
Հարց է առաջանում, եթե դա Երևանում անում են, Լաչինում ինչո՞ւ չեն անում։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշում չի կայացնում այդ ճանապարհը բացելու, նշանակում է, որ ինքն է փակել այդ ճանապարհը։ Հիմա, որ մենք քաղաքում ճանապարհ փակենք, ինքը բացելու որոշում է կայացնելու, որովհետև ինքը չի փակել, իսկ այդ ճանապարհն ուրեմն ինքն է փակել։ Ուրեմն ինքը պայմանավորվածություն ունի Իլհամ Ալիևի հետ, որ այդ ճանապարհը փակվի, Ադրբեջանը վերահսկողություն հաստատի, և մեր հարյուր-հազարավոր հայրենակիցները հայտնվեն գերության մեջ, դա իրենց պայմանավորվածությունն է ակնհայտ։ Հետևաբար, եթե դա այդպես է, իսկ դա այդպես է, ուրեմն մի ձև գոյություն ունի՝ Հայաստանում պետք է որոշում կայացնողը փոխվի, ուրիշ մարդ լինի Հայաստանի վարչապետ, որը կկայացնի այլ որոշում՝ ժամանակ տա այնտեղ գտնվող ադրբեջանցիներին, որից հետո հատուկ գործողություն արվի, մաքրվի այդ տարածքը․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում