Հայաստանի մասնատումն անխուսափելի է. առանց Հայաստանի՝ Արցախը ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին պետք չէ. Արման Աբովյան

Արդեն 3-րդ օրն է, Ադրբեջանը փակ է պահում Արցախը Մայր Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, Ադրբեջանն անջատել է Արցախի գազի մատակարարումը, Արցախում փակված են դպրոցները և 120 հազար Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող հայ հայտնվել է հումանիտար աղետի մեջ։

Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից հրաժարված Հայաստանի իշխանությունը, մասնավորապես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր հրաժարվեց ընդունել հայտարարություն, որով կփաստեր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, փոխարենը՝ կոչ արեց Ռուսաստանին լուծել Արցախում ապրող հայ քաղաքացիների առաջ ծառացած խնդիրները՝ զուգահեռաբար բարձրաձայնելով միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընդունած հայտարարության մասին՝ նշեց՝ նմանատիպ հայտարարությամբ մի ողջ ազգի հետևողականորեն տանում են դեպի ոչնչացում։

Ըստ Աբովյանի՝ իր համար անհասկանալի է, թե յան ազգանունը կրողն ինչ օգուտ կարող է ունենալ այդ հայտարարությունից, որով Արցախը հայկական պահելու պարտավորությունն իր վրայից գցում է Ռուսաստանի վրա։

Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահները Արցախում են Հայաստանի և ոչ թե՝ Արցախի ստորագրությամբ։ Խաղաղապահը հայերին պաշտպանելու համար նվազագույնը, որ պետք է ունենա, դա Հայաստանի իշխանության կողմից աջակցությունն է. օրինակ՝ դիվանագիտական։ Խաղաղապահի գործառույթի մեջ է մտնում թույլ չտալ բախում, ինչը ցանկանում է Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանը. նրանք ուզում են, որ ռուսներին ներքաշեն բախման մեջ, հետո դա օգտագործելով՝ մեղադրեն ոչ թե անաչառ խաղաղապահ, այլ կողմ լինելու մեջ և պահանջեն ռուս խաղաղապահների հեռացում իրենց տեղակայման վայրերից։ Այդ սցենարով Ադրբեջանը կչեզոքացնի այն ռուսական պատնեշը, որը կանգնած է վայրենի ադրբեջանցիների և արցախցիների միջև։ Որպեսզի ռուս խաղաղապահները մաքսիմալ կոշտ պատասխան տան ադրբեջանցիներին, Հայաստանը պետք է ներգրավվի գործընթացում. Օրինակ, հայտարարի, որ պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունը դա ցույց չի տվել, չի ցուցաբերել կամք՝ Արցախը հայկական պահելու համար, չունի իրավունք որևէ մեկի վրա մուննաթ գալու և որևէ բան պահանջելու։

Վերլուծաբանի փոխանցմամբ՝ իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանում մի իշխանություն է, որ ոչ միայն չի խոսում Արցախի Հանրապետության մասին, այլ խոսում է ադրբեջանցիների պես ԼՂ բնակչության մասին՝ չհայտարարելով երբեք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Դա չանելով՝ Հայաստանի այս իշխանությունն Ադրբեջանին տվել է լեգիտիմ իրավունք՝ փակելու Լաչինի միջանցքը, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը Պրահայում ընդունել է, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ ՀՀ այս իշխանության ներկայացուցիչները սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգը, հայ ժողովուրդն էլ հարվածի տակ ընկած՝ գնում է կոտորվելու. կոտորվելու է գնում հայը՝ որպես ազգ, ոչ թե՝ միայն Արցախում ապրող մեր հայրենակիցները»,- ասաց Աբովյանը։։

Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի փակումը պետք է գցել ոչ թե խաղաղապահների վրա, այլ պարզապես հասկանալ՝ դա ինքնասպան խաղաղության դարաշրջանի ուղղակի հետևանքն է։

«Այն գործընթացը, որն այսօր տեղի է ունենում, սպասելի էր, և, եթե դրա մասին իշխանությունը չգիտեր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իշխանություն, ինչո՞ւ, եթե չգիտեն, թե ինչ գործընթացներ են տեղի ունենալու ու չեն կանխել դրանք. պետք է կանխեին, օրինակ, ռուսական կողմի հետ լրացուցիչ փաստաթղթերի ստորագրմամբ, հայկական կողմից առաջարկ ներկայացնելով, որ խաղաղապահների գործառույթներն ընդլայնվեն. ոչինչ չի արվել։ Ոչինչ չեն արել, բայց պահանջում են Ռուսաստանից, որը նայում է ու ասում՝ Հայաստանին Արցախը պետք չէ։ Անխուսափելի են վատագույն զարգացումները. Հայաստանի մասնատումն անխուսափելի է, որովհետև Արցախի խնդիրն առանց Հայաստանի՝ ո՛չ թուրքերին, ո՛չ ադրբեջանցիներին հետաքրքիր չէ»,- խոսքը եզրափակեց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս