«Ադրբեջանը ագրեսոր և ռազմական հանցագործություններով աչքի ընկնող երկիր է, պետք է միջազգային համապատասխան արձագանք լինի»․ Արցախի ՄԻՊ
«Արցախում իրավիճակը շարունակում է օրեցօր ավելի վատթարանալ, նկատի ունեմ՝ հումանիտար առումով»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների կողմից երեկ էլ Արցախ՝ գազի մատակարարումը դադարեցնելը, որը նաև տեղի էր ունեցել այս տարվա մարտ ամսին, իր հետ բերել է հումանիտար բազմաթիվ խնդիրներ։
«Մարդիկ զրկված են տաք ջրի հասանելիությունից, ջեռուցումից, կրթության իրավունքի իրացումից, որովհետև դպրոցների մեծ մասը հիմա փակված են, խոսքը նաև բժշկական հաստատությունների մասին է, մարդկանց բնականոն կյանքն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներին է վերաբերում»,- ասաց Արցախի օմբուդսմանը։
Ստեփանյանի խոսքով՝ ճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ զրկված են նաև սննդամթերքի և դեղորայքի մատակարարումներից։
«Արդեն երրորդ օրն է։ Իհարկե պաշարներ կլինեն, բայց պետք է ֆիքսենք, որ օրվա կտրվածքով մոտ 400 տոննա կենսական նշանակության ապրանք էր մուտք գործում Արցախ, արդեն երրորդ օրն է, այդ մատակարարումներ չկան, ինչն իր հետ բազմաթիվ հումանիտար խնդիրներ է բերելու»։
Այս ամենի ֆոնին Արցախի ՄԻՊ-ն աններելի է համարում միջազգային կառույցների անտարբերությունը․
«Անտարբերությունը, որ տեսնում ենք միջազգային կառույցներից, ուղղակի աններելի՛ է։ Տարբեր հարթակներում, տաք-տաք դահլիճներում խոսում են մարդու իրավունքների մասին, բայց աշխարհում այսօր կա կետ, որտեղ 120.000 մարդ պատանդ է ինչ-որ բռնապետի, բայց կոնկրետ գործողություններ չենք տեսնում։
Ինչպե՞ս է ստացվում, որ մի երկրի պարագայում միջազգային սանկցիաներ պետք է կիրառվեն, իսկ մյուս երկրի պարագայում՝ ոչ։ Ես այս ամենի տակ աշխարհաքաղաքական, տնտեսական ու քաղաքական շահեր եմ տեսնում, ինչն աշխարհի տարբեր երկրներին զերծ է պահում իրավիճակը հստակ գնահատելուց։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը կարողանում է համարձակություն ցուցաբերել և իրավիճակը հստակ գնահատել, իսկ մյուս պետությունները՝ ոչ, ուրեմն անկեղծություն չկա, չեն ուզում պատմության ճիշտ կողմում կանգնել։
Ադրբեջանը ագրեսոր և ռազմական հանցագործություններով աչքի ընկնող երկիր է, և միջազգային արձագանքը պետք է համապատասխան լինի»։
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի հետ, նրանց է փոխանցել Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի հավաքած ամբողջական ինֆորմացիան և հույս ունի, որ դրանք կօգտագործվեն Հայաստանի դիվանագիտական խողովակներով»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում