
Պետք է իշխանություններին պարտադրել՝ դիմել ՄԱԿ և ԵԽ. Լարիսա Ալավերդյան

Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից. ադրբեջանցիները կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կյանքի ճանապարհ է և միակը, որն Արցախը կապում է Հայաստանին:
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի զրույցում շեշտեց իրավական լծակներ գործադրելու անհրաժեշտությունը:
«Պետք է պարտադրել ՀՀ իշխանություններին, որպեսզի դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Եվրոպայի խորհրդին, որի անդամն ենք. անհապաղ հրավիրվեն հատուկ նիստեր, որի օրակարգում կներառվի այդ հարցը:
Հայաստանի բուն իշխանավորը չի անելու դա: Դրա համար անհրաժեշտ է, որ դա լինի պարտադրանք ժողովրդի կողմից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ նկատելով, որ այդ պարտադրանքը հնարավոր է ակցիաների միջոցով:
Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերը, որոնք հստակեցնում են իրենց վերաբերմունքը, պետք է պահանջեն հանդիպում օրվա իշխանության վարչապետի հետ և իրեն պարտադրեն:
Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ մինչ օրս քաղաքական ողջ գործիքակազմը չի օգտագործվել:
Այս համատեքստում անդրադառնալով խորհրդարանի գործառույթներին՝ նա հավելեց. «Խորհրդարանն արդեն ապացուցել է, որ այլ ազգի խորհրդարան է. այդտեղ չի ստացվում: Քանի որ անցյալ տարվա ընտրությունների ժամանակ նրանք, ովքեր չեն գնացել ընտրության, նրանք այս իշխանությանը բերել են աբսոլյուտ իշխանության, և այդ առումով, մենք տանուլ ենք տվել պառլամենտը անցյալ տարվա հունիսին:
Դրա համար կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը պահանջեն հանդիպում օրվա վարչապետի հետ և պարտադրեն՝ դիմել ՄԱԿ՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար, և Եվրոպայի խորհուրդ»: