Հրատապ. Ստեփանակերտ-Գորիս մայրուղին շարունակում է փակ մնալ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին առավոտյան ժամը 10:30-ից փակ է. ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտոնական պարզաբանումներից՝ պատճառը դարձյալ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպաններն են:

Այս անգամ ադրբեջանցիների կրեատիվությունը մեկ քայլ առաջ է անցել. նրանք որոշել են նաև վրան տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում:

Ի դեպ, ադրբեջանական «բնապահպանների» միտինգին, ըստ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների, մասնակցում է նաև պահեստազորի կապիտան, որը ծնվել է Երևանում և տիրապետում է հայերենին: Սոցցանցերում «երևանցի» Թելման Քասիմովը հանդես է գալիս Иреван Агрыдаг անվան տակ: Ըստ տեղեկությունների՝ նա մինչև 1989 թվականը Հայաստանում է ապրել՝ Երևանի Կրիվոյ կոչվող թաղամասում:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ադրբեջանական հերթական սադրանքին անդրադառնալով՝ Ֆեյսբուքում մասնավորապես գրել է․

«Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»:

Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում իրավիճակին անդրադարձել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շեշտելով.

«Ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։ Այս պահի դրությամբ Արցախում 120.000 մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական օժանդակության կարիք ունենա Երևանում, Գորիսում կամ այլ բժշկական հաստատություններում, ուղղակի չի կարող։ Էլ չենք խոսում դեղորայքային մատակարարումների և հումանիտար բազմաթիվ այլ խնդիրների մասին։

Սա ևս մեկ դրսևորում է Ադրբեջանի ցեղասպանական ու հանցագործ քաղաքականության»։

Նկատենք՝  նման սադրանքները ոչ միայն իրավիճակն ապակայունացնելու փորձեր են, կամ «դեմարշ» ընդդեմ ՌԴ խաղաղապահների, այլև` զուտ բիզնես նպատակներ հետապնդող արշավներ: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց

«Իրականում խնդիրները շատ խորքային են: Դեռևս այս տարվա հուլիսին Իլհամ Ալիևը հստակ հրամանագրով, որը նաև հրապարակվել է արևմտյան մամուլում, վաճառել է Դրմբոն-Կաշեն հանքը հանքարդյունաբերությամբ զբաղվող բրիտանական ընկերությանը: Եվ այժմ իրենք ամեն բան անում են՝ մուտք գործելու այդ հանք, որովհետև իրենք պարտավոր են ապահովել մուտքն ու հասանելիությունը հանք:

Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ նրանք սադրանքի են դիմում, փորձում փակել ամենակարևոր կենսական ավտոճանապարհը և ցույց տալ, որ ամեն պահի կարող են խնդիրներ ստեղծել արցախահայության համար, այլև այն, որ այդ հանքն Ալիևը վաճառել է: Մինչդեռ այդ հանքը գտնվում է Արցախի վերահսկողության տակ:

Ի դեպ, այս ամբողջ արշավը, որ ընթանում է, ադրբեջանական ողջ քարոզչամեքենան ներկայացնում է հակառուսական, խաղաղապահների գործունեության դեմ: Ադրբեջանում գեներացվում է հանրային պահանջ, որպեսզի խաղաղապահները մինչև 2025 թիվը դուրս գան տարածաշրջանից:

Լավ կլինի, որ Արցախի իշխանությունները նախաձեռնողականություն ցուցաբերեն և ասեն, որ պատրաստ են՝ միջազգային հստակ մեխանիզմների միջոցով, խոսակցությամբ խնդիրները լուծելու համար: Որովհետև Ադրբեջանը ոչ միայն հանքն է վաճառել, կամ սադրանքների է գնում, այլև փաստացի արցախահայությանն ուզում է զրկել ապրուստի բոլոր տեսակի միջոցներից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս