Տապալենք Նիկոլին, և Հայաստանը ոչ միայն կլինի միջազգային մամուլի գլխագրերում, այլև կվերադարձնի իր երբեմնի արժանապատիվ անունը համաշխարհային քաղաքական օրակարգում. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Մանվել Գալստյանը նրան հարցրել է.
«ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ քննադատել են Նիկոլի իշխանության բիրտ ուժի կիրառումը, իսկ ռուսական ալիքներն ինտենսիվ լուսաբանում են այս պայքարը։ Ի՞նչ եք կարծում, սա չի՞ խոսում նաև շարժման հաջողության մասին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Գիտե՞ք, Պենտագոնի ղեկավարության դռներից մեկի վրա գրված է․ «Բարոյական հաղթանակները հաշիվ չեն»։ Անշուշտ, շարժումը գրանցել է մի շարք տակտիկական և օպերատիվ հաջողություններ, բայց եկեք չզբաղվենք ինքնահանդարտեցմամբ և հիշենք, որ շարժումն ունի ռազմաքաղաքական նպատակ, որին հասնելու համար պայքարը պետք է շարունակել՝ անվախ, անվրդով և անկոտրում։
Ինչ վերաբերում է դրսի ուշադրությանը կամ արձագանքներին, իհարկե, լավ է, որ շարժման նկատմամբ առկա է տեսանելի ուշադրություն։ Հավատացնում եմ Ձեզ՝ տապալենք Նիկոլին, և Հայաստանը ոչ միայն կլինի միջազգային մամուլի գլխագրերում (դրանց կյանքի տևողությունը և կարևորությունը նշանակալի չեն), այլև կվերադարձնի իր երբեմնի արժանապատիվ անունը համաշխարհային քաղաքական օրակարգում։
Դրսի հարգանքը վերականգնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել ինքնահարգանքը, հայ ազգի ինքնագնահատականը։ Կհարգեի՞ք հրեաներին, եթե նրանց վարչապետը Հուդան լիներ։ Կհարգեի՞ք հույներին, եթե նրանց վարչապետը Հերոստրատը լիներ։ Կհարգեի՞ք իտալացիներին, եթե նրանց ղեկավարը Բրուտոսը լիներ։
Իսկ մինչև Փաշինյանի բաղձալի պաշտոնանկությունն աշխարհը մեզ վերաբերվելու է «ասա՝ ո՞վ է վարչապետդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքով:
Մանրամասները՝ տեսանյութում: