Այսօր Լեռնային Ղարաբաղի վանքերը վերանվանվում են, յուրացվում է Հայ եկեղեցու անցյալը. Զատուլին

Ուզում եմ միաժամանակ ուշադրություն հրավիրել՝ ինչպես են այսօր Լեռնային Ղարաբաղի տարածքում վերանվանվում վանքերն ու յուրացվում Հայ եկեղեցու անցյալը։

Դրա մասին Միջազգային ռուս-հայկական «Լազարև ակումբի» վեցերորդ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Տեսություն է առաջ քաշվել, թե դրանք ոչ թե հայկական, այլ ալբանական վանքեր են։ Իսկապես, ժամանակին եղել է ալբանական եկեղեցի, որը հայկական եկեղեցու մաս է եղել, իսկ ուդիները մոտ տասը հազար են, այսօր նրանց փորձում են ներկայացնել որպես այն եկեղեցու օրինական ժառանգորդներ, որն իբր հայկական չէ։

Ժամանակին, երբ մեր խաղաղապահները 2020 թվականին մտան Ղարաբաղ, հայկական կողմի խնդրանքով Դադիվանքի վանական համալիրում ստեղծվեց առանձին պահակետ, որը չէր մտնում պատասխանատվության գոտու մեջ, բայց ստեղծվել էր, քանի որ հայկական կողմը պնդել է այդ վանքի պահպանման կարևորությունը։

Այսօր, գիտեք, այնտեղ ոչ մի պահակետ չկա, և այս վանքն արդեն անվանափոխվել է, ադրբեջաներեն տառադարձությամբ այլ անունով է անցնում։ Սա ուղղակի հանցագործություն է մշակութային և պատմական ժառանգության դեմ, և ըստ իս՝ սա անպայման պետք է ներառվի մեր վերջնական հայտարարության մեջ»,- շեշտել է Կոնստանտին Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս