«Արցախում ապրող 120.000 մարդ գտնվում է ցեղասպանության վտանգի ներքո․ միջազգային հանրությունը խոսելու փոխարեն՝ պետք է գործի՛»․ Արցախի ՄԻՊ

«Այդ բնապահպանները որտե՞ղ էին, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից այսօր հերթական անգամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու փաստին։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ են օգտագործում ադրբեջանցիները մեկ նպատակով՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց։

«Ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։ Այս պահի դրությամբ Արցախում 120.000 մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական օժանդակության կարիք ունենա Երևանում, Գորիսում կամ այլ բժշկական հաստատություններում, ուղղակի չի կարող։ Էլ չենք խոսում դեղորայքային մատակարարումների և հումանիտար բազմաթիվ այլ խնդիրների մասին։

Սա ևս մեկ դրսևորում է Ադրբեջանի ցեղասպանական ու հանցագործ քաղաքականության»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին, որին մասնակցում է նաև ինքը, Ստեփանյանը նկատեց, որ բոլոր բանախոսները խոսում են ցեղասպանությունից, ներկայացնում, թե ինչ քայլեր պետք է արվեն այն կանխարգելելու համար, սակայն այս պահին ոչ թե պետք է խոսել, այլ գործել.

«Այս պահին Արցախում ապրող 120.000 մարդ գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի և սպառնալիքի ներքո։ Միջազգային հանրությունը խոսելու փոխարեն՝ պետք է գործի։ Միջոցառմանը ներկայացած մարդկանցից գրեթե ոչ մեկն Արցախ այցելություն չի իրականացրել, ես պետք է խնդրեմ նրանց, որ այդ մեխանիզմները գործադրեն, կիրառեն և լինեն նաև Արցախում՝ կանխելու ցեղասպանության վտանգը»։

Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանցիները նաև վրաններ են տեղադրել ճանապարհին։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այս պահին Արցախի ՄԻՊ աշխատակազմը տեղում դիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում․

«Սովորական վրաններ են, եթե չեմ սխալվում՝ 2-3 հատ, որոնք տարբեր հավաքների ժամանակ օգտագործվում են։ Բնապահպան կոչվածների թիվը կոնկրետ չեմ կարող ասել, մաքսիմում հասնեն 30-ի, պաստառներով եկել և նման պահանջներ են ներկայացնում։ Ես հստակ տեսնում եմ, որ այս գործողությունները նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ է ուղղված, ոչ միայն պաստառների վրա նշված գրառումներով, այլև տեղեկատվական դաշտում տարածվող իրենց նախապատրաստական նյութերով, նաև լրագրողների սադրանքները խաղաղապահների նկատմամբ։ Ադրբեջանի կողմից խնդիր է  դրված հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմին նաև, երևի թե հող պատրաստել 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների ժամկետը չերկարացնելու համար»։

Հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում, ի՞նչ զարգացումներ սպասել, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զբաղվում է ճանապարհի երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ, ինչը բնական է, քանի որ այդ ճանապարհի անվտանգության և անխափան գործունեության համար  պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։

Անդրադառնալով օրեր առաջ կրկին բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելուն և Արցախի արձագանքին, որ հնարավոր է՝ բնապահպանները գան և Արցախում միջազգային մոնիտորինգ իրականացնեն, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այդ մասով հստակեցում չկա․

«Համենայն դեպս ես չեմ տիրապետում նման տեղեկատվության, բայց ես կարող եմ իմ դիրքորոշումն արտահայտել։ Այդ գործողությունները նաև եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված դրույթներին են հակասում։ Ըստ այդմ ոչ մի մոնիտորինգ չպետք է թույլատրվի անցկացնել, որովհետև Արցախը, եթե ոչ՝ դե յուրե, ապա դե ֆակտո պահպանում է իր անկախությունը, Արցախում կան բնապահպանական մոնիտորինգ իրականացնող մարմիններ, որոնք պարբերաբար ստուգում են նաև հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունը բնության վրա, բացի այդ, հայտարարվեց, որ Արցախում պատրաստ են միջազգային փորձագետների ներգրավել, եթե անհրաժեշտություն կա դրանում, բայց որևէ ձևով թույլ տալ ադրբեջանցիներին նման քայլ իրականացնել՝ անընդունելի է։ Սա քայլերից մեկն է, որից հետո Ադրբեջանն ուրիշ բան է ուզելու․ դրանից հետո՝ մի ուրիշ բան։ Սցենարը, որ իրենք գծել են, և որով ցանկանում են առաջ գնալ, մեզ համար շատ պարզ է և պետք է կանխել այս սցենարը»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ներգրավված են խնդրի կարգավորման գործում, մասնակցում են բանակցություններին, Արցախի ՄԻՊ-ը պատասխանեց, որ հայաստանյան կողմը կոնկրետ այս միջադեպերի հետ կապված բանակցություններում ընդգրկված չէ։

«Ճանապարհի բացման հետ կապված բանակցություններում ներգրավված չէ, Արցախի իշխանություններից ներկայացուցիչներ են մասնակցում»։

Տեսանյութեր

Լրահոս