«Ձերբակալումներն անհիմն են՝ ձերբակալման որոշումներում կասկածանքը՝ «քոփի-փեյսթ» եղանակով նույնն է». Վահան Հովհաննիսյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ սրբազանի գլխավորությամբ երեկ բողոքի ակցիա էր իրականացնում ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շարժման մասնակիցներն ավելի քան 6 ժամ մնացին նախարարության շենքի մոտ, որը շրջափակված էր ոստիկանական մեծաթիվ ուժերով, շենքի մոտ տեղակայվել էին նաև ԱԱԾ հատուկ աշխատակիցները։
Արարատ Միրզոյանն այդպես էլ չընդունեց ոչ Բագրատ սրբազանին, ոչ էլ շարժման մասնակիցների ներկայացուցիչներին: Հանդիպման պահանջը մերժվեց, ինչից հետո իրավիճակը նախարարության մոտ խիստ լարվեց։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք սկսվեց, ինչի հետևանքով որոշ քաղաքացիներ վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ, ըստ պաշտոնական տեղեկությունների՝ բուժօգնություն ստանալու համար դիմել էին նաև ոստիկանության ծառայողներ։
Ոստիկանություն բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցներ, այդ թվում՝ նաև հոգևորականներ: Նրանցից մեկը՝ Դանիել սարկավագը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Բերման ենթարկված 28 անձանց մի մասն այս պահին շարունակում է մնալ ձերբակալվածների պահման վայրում։ Ըստ փաստաբանների, ձերբակալվածների մասին որոշում պետք է կայացվի մինչև կիրակի օրվա վերջ. կամ ազատ կարձակվեն, կամ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ կդիմեն դատարան:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, մեղմ է ասել, թե քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, դա հավասարազոր է ոչինչ չասելուն:
«Ամենաճիշտը՝ հանցագործ ուժի կիրառում ասելն է։ Բոլորի ձերբակալման որոշումներում կասկածանքը՝ «քոփի-փեյսթ» եղանակով նույնն է, շշերի, քարերի, ճայթուկների նետելը։
Տեսեք՝ ինչ է գրված ձերբակալման որոշման մեջ, որ անձինք կոչեր են հնչեցրել գրավել ԱԳՆ շենքը։ Բոլորս ուղիղ եթերում նայում էինք ակցիան, արդյո՞ք որևէ անձ նման կոչ արել է։ Եթե մենք նայում ենք շարժման տրամաբանությանը, գաղափարախոսությանը, ապա այն հաշտության, խաղաղության շարժում է, դրա մասին բազմիցս ասվել է, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է ԱԳՆ շենքի գրավումը համահունչ լինել շարժմանը։ Այստեղ էական հակասություն չկա, ինչից հետևում է, որ այս ձերբակալումներն ակնհայտորեն անհիմն են»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանի բնորոշմամբ, գործ ունեն սադրիչ արարքի հետ, երբ ոստիկանությունը գնահատելով իր և ակցիայի մասնակիցների ուժը և տեսնելով, որ այդ պահին ոստիկանական ուժերն ավելի գերակշիռ են, քան ակցիայի մասնակիցների թիվը, գնացել է նման գործողությունների։
«Ոստիկանության հետ համագործակցող կամ գործակալական ցանցի ինչ-որ աշխատակից նետել է շիշ, որին հետևել է ոստիկանության կողմից շշերի նետումը, ինչն էլ հիմք է հանդիսացել քաղաքացիներին բերման ենթարկելուն։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ներխուժել էր ռադիոտուն, իրավական գնահատական չտրվեց, իսկ այս դեպքում, երբ քաղաքացիների խնդրանքը վերաճեց պահանջի, նրանց բերման ենթարկեցին։ Ի՞նչ խնդրանք էր, քաղաքացիական արդարացի պահանջ՝ պաշտոնատարից որոշակի հարցերի պատասխաններ ստանալու վերաբերյալ։ Այնտեղ հավաքված մարդիկ ընդամենը խնդրում էին պատասխաններ, երբ պաշտոնյաները ներքև չիջան, խնդրանքը վերաճեց պահանջի, ինչը չի ենթադրում, որ ԱԳՆ շենքը գրավելու կոչ է հնչել, շենքը քաղաքացիները գրավում էին, որ ի՞նչ անեին»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։