Ի՞նչ երաշխիքներ չստացավ Փաշինյանն Արևմուտքում ու ինչո՞ւ վերադարձավ Պուտինի հովանի
Նոյեմբերի 23-ին Երևանում Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդեց նախօրեի երկկողմ հանդիպումը Բիշքեկում։ Փաշինյան-Պուտին հանդիպումները մշտապես հայտնվում են փորձագիտական հանրության խոշորացույցի տակ, սակայն այս անգամ ոչ այնքան ուշագրավ է բուն հանդիպումն առանձին վերցրած, որի ընթացքում քննարկվեց ռեգիոնալ իրադրությունը, բնականաբար, ընթացքը դեպի, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր, որքան գործընթացը՝ ավելի լայն առումով։
ՀՀ իշխանությունները փաստորեն որոշեցին վերադառնալ Պուտինի հովանու ներքո ընթացող գործընթաց։ Թե որքան այս գործընթացը կտևի, ինչ արդյունքներ կտա, կամ ՀՀ իշխանությունները երբ կորոշեն ևս մեկ բանակցային շրջադարձ անել՝ ամեն անգամ զրոյացնելով ՀՀ միջազգային հեղինակությունը, բարդ է կանխատեսել, սակայն բարդ չէ նկատել, որ փաշինյանական իշխանության ակնկալիքներն Արևմուտքից մնացին չբավարարված։
168․am-ի ռուսական մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, դեպի Արևմուտք շրջադարձի անընդհատ փորձեր դեռ վստահաբար լինելու են։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական օպերացիայից անմիջապես հետո Երևանի ու Բաքվի դիրքավորումը Բրյուսելյան դաշտում ակնհայտ էր, որին, ինչպես երևաց, Մոսկվան շատ հանգիստ վերաբերվեց։
Նրա խոսքով, դժվար չէ կռահել, թե այդ գործողությունը սկսելուց առաջ Մոսկվայում որքան հաշվարկներ էին արվել ու ինչ սցենարներ գծվել, Մոսկվան դրանց բոլորին պատրաստ էր։
«Ի՞նչ պայմանագրեր ու գործարքներ ստացավ Ադրբեջանը ԵՄ-ից ու Խաղաղության պայմանագրի կնքման տեսքով ի՞նչ բոնուսներ կստանար ԵՄ-ից, հստակ էր, իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը, որն Արևմուտքին ցույց տվեց, որ պատրաստ է նույնիսկ բարձրաձայն քննադատել, վարկաբեկել իր դաշնակից Ռուսաստանին, ՌԴ-ի ղեկավարած կառույցները՝ ՌԴ-ի համար ամենածանր օրերին, պատրաստ է հյուրընկալել ԿՀՎ ղեկավարների, պաշտոնյաների, նրանց նախաձեռնությունները, պատրաստ է ռազմական համագործակցության, պատրաստ է երաշխիքներ ընդունել: Երևանը ցանկանում էր անվտանգության երաշխավոր միջնորդ և ի՞նչ ստացավ՝ հերթական էսկալացիան, մի քանի աջակցող հայտարարություն՝ առանց գործնական էֆեկտի, ստացավ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը չունի որևէ ազդեցություն ու գործառույթ, բացի տվյալներ արձանագրելը։
Սակայն, եթե նույնիսկ արձանագրում անելու պահը լինի, ԵՄ-ն պահպանելո՞ւ է չեզոքություն, թե՞ աջակցելու է Հայաստանին։ Իհարկե, չեզոքություն է պահպանելու, և դրա ականատեսը դարձել ենք գոնե մեկ դրվագով։ Այն անվտանգային երաշխիքները, որոնք Փաշինյանը ցանկանում էր ստանալ Արևմուտքից, այս դեպքում կարևոր չէ՝ ԱՄՆ-ի՞ց, թե՞ ԵՄ-ից, չստացավ, մի քանի անգամ հայտարարեց, որ երաշխավոր միջնորդի կարիք կա Խաղաղության համաձայնագրի համար, կրկին ոչ մի արձագանք։ Եվ փաստորեն, այս ամենից հետո որոշվեց, որ ներկայումս այդ երաշխավորը Պուտինն է։ Իրականում ՀՀ իշխանությունները ռիսկային քայլ արեցին՝ թողեցին Մոսկվան, գնացին Բրյուսել բանակցելու, և այդ միջնորդը չկարողացավ ապահովել ռեգիոնի և ՀՀ սահմանների անվտանգությունը։
Բայց սա սպասելի էր․ այս մասին Մոսկվայից շատ են խոսել բոլոր մակարդակներից, որ Արևմուտքը չի կարող հետսովետական տարածքում դառնալ Ռուսաստան, որը տեղում հարց լուծող է»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով, որ իր համար հասկանալի է, որ լուծման շատ տարբերակներ ու մոտեցումներ կարող են ընդունելի չլինել, բայց ՌԴ-ն մշտապես գործում է իր հնարավորությունների սահմաններում։ Ռուսաստանյան մեր զրուցակիցը գտնում է, որ ՀՀ իշխանություններն ԱՄՆ-ից չստացան այնպիսի ուժեղ ազդակներ, առաջարկ ու աջակցություն, որի կարիքը ՀՀ-ն ունի Ադրբեջանի օրեցօր աճող հավակնությունները զսպելու համար։
«ՀՀ-ն երևի թե կցանկանար, որպեսզի Արևմուտքը Հայաստանին աջակցեր այնպես, ինչպես Ուկրաինային։ Սակայն Ուկրաինան դարձավ Արևմուտքի գործիքը ՌԴ-ի դեմ, եթե ՀՀ-ն ևս այդ նույն թափով դառնար, հայտարարեր, որ խզում է իր դաշնակցային բոլոր կապերը ՌԴ-ի հետ, դուրս գար ՌԴ-ի հետ հարաբերություններում թշնամական դաշտ, գուցե ինչ-որ բան ստանար։
Եթե ԱՄՆ-ը որոշեր ռեգիոնում խաղադրույքներ անել ՀՀ-ի վրա, դա կլիներ այլ իրավիճակ, սակայն ԱՄՆ-ը կարծես այլ որոշում ունի, որն Ադրբեջանի կողմում է։ Ուստի ՀՀ իշխանությունները ստիպված տապալեցին սպասվող հանդիպումը՝ հստակ իմանալով, որ Մակրոնն անընդունելի միջնորդ է Ալիևի համար, վերջինս այդ մասին ավելի վաղ հայտարարել էր։
Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանը չցանկացավ բանակցել Արևմուտքում և չստացավ այն երաշխիքները, ինչ ցանկանում էր։
Բայց այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ Մոսկվայում այդ ամենը տեսնում են, բացասական ընկալում կա, մեծ անվստահություն ՀՀ-ի նկատմամբ, և դա իրենից ենթադրում է, որ Մոսկվան այդ գործընթացում միմիայն իր շահերն է առաջ մղելու»,- նկատեց նա։