Պատերազմի օրերին «Եղնիկներ» գնալու Արցախի նախագահի խնդրանքը ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումը մերժել էր. ԱԱԾ-ում «քրեական վարույթ չի նախաձեռնվել»

 2020 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր.

«Հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը և Թալիշը, ու վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ «Եղնիկներ» կոչվող տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, ես ահազանգել եմ, որ չունենք մարդկային ռեսուրսներ։

Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ներողություն եմ խնդրում, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն։

Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումների և նաև Արցախից եկած, հրաժարվում էին գնալ «Եղնիկներ»։

Կարդացեք նաև

Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, առաջնագիծ գնալու ժամանակ երկրի նախագահին թողել են մենակ:

Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետև առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։

Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը, և դրա շնորհիվ «Եղնիկներն» ամբողջովին մեր վերահսկողության տակ են»։

168.am-ը այս առնչությամբ 2022-ի նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի նախագահի նշված հայտարարությունն արդյոք դարձե՞լ է քննության առարկա, պարզվե՞լ են Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ ստորաբաժանումներին ուղղված խնդրանքը մերժելու, ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, մարտի դաշտից փախուստի դիմելու փաստերը, դրանց պատճառները, և կա՞ արդյոք հարուցված գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ»:

Դեկտեմբերի 5-ին մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ԱԱԾ-ն հայտնել է.

«Արայիկ Հարությունյանի՝ Ձեր կողմից նշված հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում իրականացվել է ծառայողական քննություն»:

Թե ինչ արդյունքներ է արձանագրել ծառայողական քննությունը, ԱԱԾ-ն չի գաղտնազերծել: Արդյո՞ք սրանից կարող ենք ենթադրել, որ պատասխանատվություն որևէ մեկը չի կրել, իսկ գուցե Արցախի նախագահի խնդրանքը մերժելը ունեցել է օբյեկտի՞վ պատճառներ…

Տեսանյութեր

Լրահոս