«Լայնածավալ գործողությունների հավանականությունն առաջիկա ամիսներին մեծ չէ, բայց ադրբեջանցիները կարող են փորձել կետային առաջխաղացումներ ապահովել». Շիրազ Խաչատրյան

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական կեղծ պատրվակով, Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՌԴ խաղաղապահներն ավելի քան 3 ժամ բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, ինչից հետո ճանապարհը բացվել էր։

Սա, ըստ էության, անսպասելի չէր, քանի որ ադրբեջանցի իշխանամերձ փորձագետները դեպքից մի քանի օր առաջ ակտիվացրել էին Լաչինի միջանցքում մաքսակետ տեղադրելու հնարավորության թեման, ավելին, հնարավոր էին համարել էսկալացիան՝ մինչև նոր տարի, բնականաբար, չմոռանալով «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը:

Բացի այս, Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուց առաջ մի քանի օր ադրբեջանական մամուլը գրել էր Իրանից «հատուկ նշանակության» մարդկանց կամ իբր դիվերսիոն խմբի անդամների՝ Ստեփանակերտ մուտք գործելու մասին՝ Լաչինի միջանցքով:

Ադրբեջանական մամուլն ամենօրյա ռեժիմով նաև ՌԴ-ին զգուշացնում էր՝ խաղաղապահների առաքելությանը վերաբերող հաղորդագրություններում չօգտագործել հայկական տեղանունները:

Կարդացեք նաև

Ադրբեջանի իշխանությունների ծրագրած այս քայլն ո՞ւմ էր ուղղված՝ Հայաստանի՞ն, Ռուսաստանի՞ն, թե՞ Իրանին, կամ նրանցից ո՞ւմ ինչ չափով, ի՞նչ խնդիր էին լուծում, ի՞նչ բնույթի սադրանքների սպասել: Այս և այլ հարցերի շուրջ 168.amը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

Ակնհայտ է, որ ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարինտակ ճանապարհահատվածի փակման գործընթացը կապված չէր միայն Արցախում ընդերքի շահագործման խնդիրների հետ և հիմքում լրիվ այլ հաջորդական քայլերի մի ամբողջ շղթա է։ Ադրբեջանն այսպիսի քայլերով և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հարցեր է փորձում լուծել։ Այսպիսի ակցիաները հենց այնպես չեն կարող կազմակերպվել, և իրականում ակցիան թշնամու հատուկ ծառայությունների կազմակերպած օպերացիաներից է։ Եթե կարճաժամկետում թշնամին փորձում է ահաբեկել արցախահայությանը, նաև հումանիտար ու տնտեսական աղետի առաջ կանգնեցնել երկիրը, ապա երկարաժամկետ պլաններում ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը չերկարացնելուն ուղղված խառը միջոցառումներ է ձեռնարկում՝ տարբեր սցենարային գործելակերպով։

Ձեր մատնանշած ադրբեջանական ամենօրյա հաղորդագրությունները, Իրանից «հատուկ նշանակության» մարդկանց Ստեփանակերտ մուտք գործելու մասին ապատեղեկատվությունները, ՊԲ կազմալուծման վերաբերյալ սպառնալիքներն ու նմանօրինակ բազմաթիվ պրովոկացիաներ առաջին հերթին ուղղված են ռուսների դեմ:

Մասնավորապես, նրանց հետ խնդիրները սակարկելու, միջանցքի կամ մեկ այլ կարևոր ենթակառուցվածքի նկատմամբ հսկողություն սահմանելու հիմքեր ունենալու համար: Իսկ երկարատև ժամանակահատվածում փորձում են ռուս խաղաղապահ առաքելության գոտում բազմահատորանոց պրոբլեմների փաթեթ հավաքել, առաքելության ժամկետը չերկարաձգելու տարբեր պատրվակներ ստանալով։ Այնպես որ, առաջիկայում ևս Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջև հեռակա վեճերը շարունակվելու են։

Որպես հարցի լրացում՝ հնարավո՞ր են արցախյան թևում մարտական որոշակի գործողություններ, տեղային մարտեր:

– Բացի ամենօրյա ապատեղեկատվությունների տարածումից, ինչպես գիտեք՝ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների առաքելության գոտում ռազմական սադրանքների գնացել է: Փառուխի, Քարագլխի, Եղծահողի և մեր ստորաբաժանումների ՄՏՎ-ների թիրախավորումները, այլ բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից ռազմական էսկալացիաները ապացույցն են այն բանի, որ մարտական որոշակի գործողությունների հավանականություն հնարավոր է, մանավանդ՝ ռուս-ադրբեջանական, արցախաադրբեջանական տեղեկատվական փոխհրաձգությունների կուլմինացիոն այս ժամանակահատվածում։

– Ի՞նչ սպասել հայկական սահմանային հատվածներում՝ հաշվի առնելով ոչ միայն առկա իրողությունը, այլ նաև եղանակային պայմանները:

– Ներկա իրավիճակում Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրը բավականին փխրուն է, և սահմանային հատվածներում իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարներով։ Շատ փորձագետներ հավանական չեն համարում առաջիկա ամիսներին մարտական գործողությունները՝ «խաղադրույք» կատարելով հենց եղանակային պայմանների հանգամանքի վրա։ Բայց հետևելով ադրբեջանական զորքերի տարբեր ստորաբաժանումների կողմից՝ արդեն մշտական դարձած մարտավարական վարժանքներին, հատուկ տակտիկական զորավարժությունններին, բավականին վտանգավոր սցենարների կարելի է սպասել։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական տարբեր ստորաբաժանումները «մարտական գործողությունների վարումը սաստիկ ցրտի պայմաններում» անվանումով զորավարժություններ են անցկացրել: Եվ չնայած լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն առաջիկա ամիսներին մեծ չէ, բայց որ ադրբեջանցիները կարող են փորձել կետային առաջխաղացումներ ապահովել, դրանում կասկածներ չունեմ։

Փորձագետների կարծիքով, Ադրբեջանը նոր պատերազմի ռեսուրս չունի, բայց գիտենք, որ կա Թուրքիայի աջակցությունը: Ըստ Ձեզ՝ կա՞, ամեն դեպքում, կարմիր գիծ, որի դեպքում Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին ռազմական որևէ հարցում:

– Որքան էլ նման գնահատականներ հնչեն, որ ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմի ժամանակ, նաև՝ վերջին սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում մարդկային և սպառազինության կորուստներ է ունեցել, ակնառու է հետպատերազմյան ժամանակահատվածում նրանց արագ վերականգնման գործընթացը։

Տեսնում ենք՝ 44-օրյա պատերազմից հետո հատկապես Արցախի գրավյալ տարածքներում, Նախիջևանում կառուցվել են ադրբեջանական ավելի քան 3 տասնյակ զորամասեր, խոշոր ենթակառուցվածքներ, օդանավակայաններ, 2 տարվա ընթացքում ադրբեջական կողմը և՛ սեփական ուժերով, և՛ թուրքական զորքերի հետ համատեղ անցկացրել է շուրջ 2 տասնյակ մարտավարական, տակտիկական խոշոր զորավարժություններ, ադրբեջանական զինված ուժերի արդիականացման ոլորտում համագործակցության շրջանակներում ադրբեջանական բանակը թուրքական բանակի մոդելին հարմարեցնելու համար վերակազմավորման աշխատանքներ է տարել ու տանում, կազմավորվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք Թուրքիայում են կրթություն ստանում։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանցի զինվորականներին տրամադրել ու սովորեցնում է Bayraktar և Bayraktar Akinci ԱԹՍ-ների կիրառման նրբությունները և այլն։ Օրինակները բազմաթիվ են։ Մոտ մեկ ամիս առաջ էլ Թուրքիայի օրենսդիր մարմինը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների տեղակայման մանդատը, ըստ որի՝ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը 2022 թվականի նոյեմբերից կերկարաձգվի ևս մեկ տարով: Այսինքն՝ ներդաշնակեցված համագործակցում են իրար հետ, և չեմ պատկերացնում մի այնպիսի իրավիճակ, որ Թուրքիան նույնիսկ տարածաշրջանային լուրջ բախումների դեպքում որևէ ռազմական աջակցություն չցուցաբերի իր եղբայր Ադրբեջանին։

Ի՞նչ ենք արել մենք, քանի՞ անգամ ենք զորավարժություն անցկացրել, քանի՞ զորամաս ենք բացել, քանի՞ մարտավարամասնագիտական լուրջ վարժանքներ ենք անցկացրել։ Հարցս հռետորական է։ Բայց հույսը դնել հակառակորդի ռեսուրս ունենալ-չունենալու վրա, հույսը դնել Աստծո վրա, և ամեն ինչում դանդաղել, այդ դեպքում միակ մեղավորը մենք ենք լինելու։

– Անկախ նրանից, որ ադրբեջանական զինուժը ՀՀ սահմանային գրեթե բոլոր ուղղություններում առաջխաղացումներ ունի, ամեն դեպքում, կա՞ ուղղություն, որ մենք գերիշխող դիրքում ենք՝ Տավուշից բացի:

– Մեր առաջնագիծը հատկապես 44-օրյա պատերազմից, դրան հաջորդած ադրբեջանական մի քանի էսկալացիաներից հետո բավականին խոցելի է դարձել, ռազմավարական և մարտավարական շատ կարևոր բարձունքներ հիմա թշնամու ձեռքում են, և մեր դիրքերն ու հենակետերը թշնամու դիտարկման տիրույթում են։ Հատկապես խոցելի են Վարդենիսից մինչև Մեղրի ձգվող շփման գծի հատվածները, որոնք մինչև 44-օրյա պատերազմի ավարտը փաստացի չունեին առաջնագծի կարգավիճակ, իսկ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները հանձնելուց հետո, երբ ձևավորվեց նոր շփման գիծ, ՀՀ իշխանությունները պատշաճ կահավորում և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ չիրականացրեցին, դրա համար էլ տարբեր ժամանակափուլերում, նույնիսկ թեթև մարտական բախումների ժամանակ մենք ունեցանք և ունենում ենք ավելի շատ զոհեր և անգամներ ավելի վիրավորներ։ Իսկ տավուշյան և այլ հատվածներ, որտեղ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել ու ավելի ամուր դիրքեր են դրվել, քիչ ավելի խոցելի են և ավելի ապահով։

– Գլոբալ առումով խոսեցինք մեր սահմանային հատվածների խոցելի վիճակից՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջխաղացումների հետևանքով, բայց Դուք վերջերս եք վերադարձել դիրքերից՝ բավականին բարդ հատվածներում տեղակայված, ի՞նչ կարող եք ասել դիրքերի կահավորման խնդիրների մասին, իհարկե, թույլատրելի սահմանում:

– Կարճ ասեմ՝ շատ անելիքներ կան, պետք է գիշեր-ցերեկ աշխատել։ Բազմաթիվ մարտական դիրքեր մինչ այս պահը ոչ պատշաճ են կահավորված, մեր զինծառայողների շարժը, բոլոր քայլերը թշնամին նույնիսկ անզեն աչքով հետևում է, տեղեր կան, որ անգամ հրաձգային միջոցներով կարող են մերոնց թիրախավորել։ Եթե անգամ հակառակորդը գերիշխող դիրքերում է, ապա անհրաժեշտ են քողարկիչներ, պետք է մեր զինվորների համար արդյունավետ մարտ վարելու հնարավորություններ ստեղծվեն, անվտանգ շարժեր կազմակերպելու խնդիրներ ունենք, և այլն։ Չեմ ուզում շատ ծավալվել, բայց մի բան կարող եմ ասել՝ առաջնագծում ինժեներական աշխատանքների, կահավորման հետ կապված խնդիրների լուծման դանդաղումը բերել ու բերելու է առաջին հերթին նոր մարդկային, նաև դիրքային կորուստների։

Բանակի առջև այսօր թշնամուն կասեցնելու խնդիր դրվո՞ւմ է:

– Հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց չեմ ուզում մտածել և չեմ պատկերացնում, որ ներկա իրավիճակում կարող է հակառակ այլ խնդիր դրվել մեր զինված ուժերի առջև։

– Ի դեպ, վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանկարծակի և ոչ հանկարծակի ակտիվ այցեր է կատարում տարբեր զորամիավորումներ: Դրանք կարո՞ղ ենք համարել, այսպես ասած, պլանային այցեր, թե՞ տողատակում անվտանգային, քաղաքական կամ պաշտպանական ինչ-որ հարցեր կան, իսկ գուցե ընդամենը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի համար շահառունե՞ր են փնտրում:

– Պաշտպանական գերատեսչության ղեկավարի և բարձրաստիճան այլ սպաների այցելությունները տարբեր զորամիավորումներ պետք է մշտական բնույթ կրեն։ Մինչև սեփական աչքով տեղերում չտեսնեն, թե զինված ուժերում ինչ խնդիրներ կան, բազմաթիվ հարցեր կմնան չլուծված։ Պետք է ավելի հաճախ այցելել առաջնագծի տարբեր հատվածներ։ Նորմալ եմ համարում այդպիսի այցելությունները, եթե, իհարկե, դրանք լոկ քարոզչական բնույթի չեն։

– Վերադառնանք Արցախի և ՀՀ-ի շուրջ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումներին, նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն Ադրբեջանին ապառազմականացման առաջարկ է արել, և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Անվտանգային և ռազմական ի՞նչ ռիսկեր է սա ենթադրում ՀՀ-ի տարածքների հետ կապված, նաև՝ Արցախի:

– Փաշինյանը հայտարարում էր, որ՝ «եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ»։ Սա ինքնին աբսուրդ հայտարարություն է, քանի որ ինչքան էլ միջազգային երաշխիքներ լինեն, Պաշտպանության բանակը շատ կարևոր արտաքին անվտանգության գործառույթ է իրականացնում, Արցախի ժողովրդի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է, և պետք է խոսել ոչ թե դրա կազմալուծման, այլ ընդհակառակը՝ դրա ընդլայնման ու լուրջ բարեփոխումների մասին։

Փաշինյանի առաջարկի մեջ խնդիրը նաև այն է՝ այսպես կոչված, ապառազմականացված գոտին ո՞ւմ տարածքների հաշվին է ձևավորվելու, և ընդհանրապես ինչպե՞ս է ապահովվելու այդ գոտու անվտանգությունը։ Իմ կարծիքով, մեր տարածքների հաշվին մեր զորքերն են անտեղի հայելային ետ քաշվելու, բայց անվտանգային բոլոր ռիսկերն այդ դեպքում պահպանվելու են, 3 կմ-անոց ապառազմականացված գոտին խոցելի է։ Այսօր էլ արցախաադրբեջանական շփման տարբեր ուղղություններում թշնամու հետ միջդիրքային հեռավորություններ կան, որտեղ հեռավորությունը պայմանական 2 կամ 3 կիլոմետր է, բայց դա չի խանգարել կամ խանգարում թշնամուն՝ հնարավոր ռազմական էսկալացիայի դիմել: Այնպես որ՝ հերթական չմտածված ու ոչ հայանպաստ առաջարկ-տարբերակն է։

Նախիջևանի մաքսակետը կապվեց Ադրբեջանի հետ, սրանով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, արդյո՞ք սա միջանցքային տրամաբանության մեջ գործողություն է:

– Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության փակումը և մաքսային պետական ​​կոմիտեի վերացման մասին որոշումը ավելի շատ կարելի է դիտարկել Ադրբեջանի ներքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Նախորդ շաբաթվանից հետաքրքիր իրադարձություններ են ծավալվել այնտեղ, ներքաղաքական վերադասավորումների լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, կադրային ջարդեր, և իրական թիրախը ինքնավար հանրապետության երկարամյա ղեկավար Թալիբովն է, որն անսահմանափակ իշխանություն ունի Նախիջևանում, բայց նաև սերտ կապեր ունի թուրքական իշխանությունների հետ։

Նախիջևանում իշխանության և բիզնեսի բոլոր լծակները նրա ձեռքում են, ու Բաքվի կենտրոնական իշխանությունը համառ պայքարի մեջ է մտել այնտեղի իշխանությունների դեմ։ Բաքուն ցանկանում է չեղարկել Նախիջևանի ինքնավարությունն ու այս հանրապետության շրջաններն անմիջականորեն ենթարկեցնել երկրի մայրաքաղաքին։

Տեսանյութեր

Լրահոս