«Ապառազմականացման գոտի ստեղծելու առաջարկ ենք փոխանցել Ադրբեջանին․ նրա զորքը պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու վերաբերյալ ևս նման առաջարկ է արվել․
«Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում