Ինչպես և սպասվում էր, անգամ թույլատրելի հարցի պատասխաններ հնարավոր չէ ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից: Այն, որ տարբեր քրեական գործերով հանրային հետապնդումներ կան հարուցված Հ ԶՈՒ բարձրաստիճան և ավագ մի շարք սպաների նկատմամբ, նորություն չէ, դրան ծանոթ ենք Դատախազության և Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրություններից, անգամ, ըստ դրանց, կարող ենք զբաղեցրած պաշտոն և անուն-ազգանուն ասել, կամ՝ քրեական գործերը 44-օրյայի պատերազմի շրջանակո՞ւմ են, թե՞ ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումների, այս պահին կալանավորվա՞ծ են, թե՞ նրանց նկատմամբ խափանման այլ միջոց է կիրառվել: Այսինքն, այս պատասխանը ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ աշխատանք, անհարգալից վերաբերմունք սեփական գերատեսչության և լրատվամիջոցի նկատմամբ:
Բացի ամենօրյա ապատեղեկատվությունների տարածումից, ինչպես գիտեք՝ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների առաքելության գոտում ռազմական սադրանքների գնացել է: Փառուխի, Քարագլխի, Եղծահողի և մեր ստորաբաժանումների ՄՏՎ-ների թիրախավորումները, այլ բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից ռազմական էսկալացիաները ապացույցն են այն բանի, որ մարտական որոշակի գործողությունների հավանականություն հնարավոր է, մանավանդ՝ ռուս-ադրբեջանական, արցախաադրբեջանական տեղեկատվական փոխհրաձգությունների կուլմինացիոն այս ժամանակահատվածում։