Իրանի նոր գերագույն առաջնորդի ուղերձի հիմնական դրույթները
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ. իրանական լրատվամիջոցները, ապա նաև տարածաշրջանային ու միջազգային լրատվականները հրապարակեցին այս ուղերձի մի քանի հատվածներ, որոնք մեջբերում ենք ստորև.
«Ինձ բաժին հասավ պատիվը այցելելու նրա մարմինը (խոսքը սպանված հոր՝ Խամենեի մասին է) նահատակվելուց հետո։ Ես տեսա անսասանության գագաթը և լսեցի, որ նա իր առողջ ձեռքով սեղմել էր բռունցքը։
Անհրաժեշտ է, որ ազգի տարբեր շերտերի և քաղաքացիների միջև եղած միասնությունը, որը սովորաբար հատկապես դժվար ժամանակներում է առավել ակնառու դառնում, չխաթարվի։ Դա հնարավոր է ապահովել վիճահարույց հարցերից հրաժարվելու միջոցով։
Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։ […] Ընթանում են ուսումնասիրություններ նաև այլ ճակատներ բացելու հնարավորության վերաբերյալ, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և որտեղ նա առավել խոցելի է։ Այդ ճակատների ակտիվացումը կիրականացվի ռազմական դրությունը պահպանելով և հաշվի առնելով երկրի շահերը։
Մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից, հատկապես՝ Մինաբի նահատակների։
Մենք ձգտում ենք բարեկամական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ և թիրախավորում ենք բացառապես ռազմական բազաները, և հարկադրված կլինենք շարունակել այդ գործողությունները։ […] Ամեն դեպքում մենք թշնամուց կպահանջենք փոխհատուցում, իսկ եթե նա հրաժարվի, ապա կվերցնենք նրա ունեցվածքը այն չափով, որը անհրաժեշտ կհամարենք։ Եթե դա հնարավոր չլինի, ապա նույն չափի ունեցվածք կկործանենք։
Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի խիզախ մարտիկներին։
Ես նույնպես ձեզ հետ միասին հեռուստատեսությամբ տեղեկացա հարգարժան Փորձագետների խորհրդի քվեարկության արդյունքների մասին։ Ինձ համար շատ ծանր է զբաղեցնել այն տեղը, որտեղ նստել են երկու մեծ առաջնորդներ՝ մեծ Խոմեյնին և նահատակ Խամենեին (իմ հայրը)։
Խամենեին տեսախցիկի առաջ չի հայտնվել․ նրա ուղերձը պարզապես ընթերցվել է հեռուստատեսությամբ և հրապարակվել իրանական լրատվամիջոցների կողմից»։
Fars News Agency հայտնել էր, որ ելույթը նվիրված է լինելու «յոթ կարևոր թեմաների» և պարունակում է հատուկ դրույթներ հեղափոխության «նահատակ առաջնորդի» (խոսքը նրա մահացած հոր մասին), ժողովրդի, զինված ուժերի, գործադիր մարմինների և «դիմադրության ճակատի» դերի ու պարտականությունների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և թշնամիների հետ դիմակայության վերաբերյալ։
Ավելի վաղ CNN-ի տվյալներով՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․ նրա ոտքը վնասված է, ինչպես նաև ունի մի քանի թեթև վնասվածքներ, այդ թվում՝ կապտուկներ աչքի շուրջ։



