Փաշինյանի իշխանությունը կստանա Իրանի պատասխանը. Իրանը դա չի մոռանա… Գագիկ Մինասյան

Պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն է։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։

«Պատերազմի կուսակցությունը մի՞թե այն կուսակցությունը չէ, որի իշխանության ժամանակ մենք ունեցել ենք պատերազմներ։ Պատերազմի կուսակցությունն այն կուսակցությունն է, որի իշխանության ժամանակ ունեցել ես պատերազմներ, և այդ պատերազմների քանակով այս ազգակործան պատուհասի ղեկավարած կուսակցությունը հենց պատերազմի կուսակցություն է։ Բայց պատերազմները լինում են երկու տեսակի՝ պարտվողական կամ հաղթական։ Այս ազգակործանի ժամանակ բոլոր պատերազմները եղել են պարտվողական։

Այս ազգակործանի օրոք մենք ամենածայրահեղ պատերազմներն ենք ունեցել, բոլորը եղել են պարտվողական, բոլորի հետևանքով մեր լույս տղաները գնացել են և զոհվել են, զոհվել են կանխավ այնպիսի պատերազմի ժամանակ, որի առիթները տվել է այս ազգակործան պատուհասը։ Կորցրել ենք մեր տարածքները, այսօր ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 200 քառ.կմ-ը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, հայ-ադրբեջանական սահմանի բոլոր բարձրադիր դիրքերը, որոնք վերահսկում են տրանսպորտային շարժը ՀՀ տարածքում, Ադրբեջանի տիրապետության տակ են, հազարամյա եկեղեցիներ ու վանքեր են այսօր գտնվում Ադրբեջանի տիրապետության տակ, մեր եկեղեցիները, հուշարձանները, սրբավայրերը վանդալիզմի են ենթարկվում, քանդվում ու ոչնչացվում են, մարդիկ, ովքեր տուն-տեղ են դրել սերունդների ընթացքում, զրկվել են այդ ամենից, և ինքն ունի լկտիություն «պատերազմի կուսակցություն» անվանելու ուրիշների՞ն։ Նա մահ ու պատերազմ է բերել հայ ժողովրդին, և ինքն է պատերազմի կուսակցությունը»,- մեկնաբանեց Գագիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Հանրապետական գործիչը համոզված է՝ եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, «իր մահ ու պատերազմը շարունակելու է»։

«Տեղն էլ կարող եմ ասել՝ սկսելու է Սյունիքից։ 2021 թվականին այդ նույն խոսքերն էր ասում, որ չեն կրակում, խաղաղություն է սահմանին։ Հետո ի՞նչ եղավ։ Հետո եղավ այն, ինչ պիտի լիներ. երբ նահանջում ես, հակառակորդն առաջ է գալիս։

Նախընտրական ծրագրում գրել էր՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, բայց ոչ միայն Հադրութն ու Շուշին մնացին օկուպացիայի տակ, այլ ամբողջ Արցախը հայաթափվեց, հետևաբար՝ եթե իր տերերի ծրագիրը դա է, ինքն էլ իրականացնում է իր տերերի ծրագիրը, դա նշանակում է՝ իր տերերն ասում են. «Ինչ ուզում ես՝ ասա, միայն թե ընտրվիր 2026-ի ընտրություններում», հետո կլինի այն, ինչ եղավ 2021 թվականից հետո, հետևաբար՝ եթե ինքն այսօր հայտարարում է, որ Կիրանցում չեն կրակում, նշանակում է՝ ընտրություններից հետո կրակելու են ոչ միայն Կիրանցում», – հավելում է  ԱԺ նախկին պատգամավորը։

Գագիկ Մինասյանն Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ զգուշացնում է հանրությանը՝ եթե Փաշինյանի կուսակցությունը վերընտրվեց, ընտրություններից հետո կորուստներ ենք ունենալու. այսպես կոչված, «անկլավներն» են հանձնելու, Սյունիքում են պրոբլեմներ լինելու.

«Դա քողարկելու ամենալավ ձևը «չեն կրակում» ասելն է։ Չեն կրակում այսօր՝ մինչև ընտրությունները, ընտրություններից հետո դրա հետևանքով մենք կորուստներ ենք ունենալու։ Խաբել ու խաբում է հայ ժողովրդին, իր տերերի հրահանգով տանում է նորանոր փորձությունների։ «Ազգակործան պատուհաս» անունը նրան ճիշտ են տվել»։

Գագիկ Մինասյանին մտահոգում է հատկապես Իրանի դեմ մղվող պատերազմն ու հնարավոր ազդեցություններն ու հետևանքները Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների վրա։ Զրուցակցի խոսքով՝ Իրանը դա չի մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը չգնաց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում չարեց զոհերի կապակցությամբ բացված ցավակցական հուշամատյանում։

Նա կարծում է, որ Իրանը կարող է դրան պատասխանել այնպես, ինչպես վարվեց արաբական այն երկրների և հարևան այն երկրների հետ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։

«Նույնիսկ Կիպրոսը ռմբակոծեցին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռմբակոծեցին, անհասկանալի դեպք եղավ Նախիջևանում։ Ես կարծում եմ, որ այդ պատասխանը մենք կստանանք այս կամ այն կերպ, եթե այս վարչախումբը մնա իշխանության և զբաղեցնի ղեկավար պաշտոններ հունիսի 7-ից հետո։ Այո՛, անպայման։ Գիտեք, եթե սխալը չի պատժվում, դա անթույլատրելի մի բան է այն մարդու նկատմամբ, որի հետևանքով ինքը տուժել է։ Հայաստանն իսկապես արել է մի բան, որը սխալ է միջազգային հարաբերություններում բարեկամ երկրի նկատմամբ։ Ինքը պետք է այդ պատասխանը ստանա՝ բայց ոչ թե երկիրը, այլ իշխանությունը, և դրա չեզոքացման միակ ճանապարհն այս իշխանությունը փոխելն է՝ այն, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։

Եթե իր տերերը գան և պարտադրեն, որ իրենց դիրքորոշումները պետք է իրականացվի ՀՀ այս իշխանությունների կողմից, ապա մենք պիտի չզարմանանք, որ պատասխանը կլինի այնպիսին, ինչպիսին եղավ, ասենք, Նախիջևանում։ Եթե փորձեն Հայաստանից նոր ճակատ բացել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այդ մղձավանջի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել, բայց եթե այդպիսի բան լինի, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կվերաբերվի դրանց այնպես, ինչպես վերաբերվեց մեր հարևաններին, որոնք բազաներ էին ստեղծել Իրանի դեմ»,- կարծում է Գագիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում՝ խոսելով Հայաստանում խղճի ազատության ոտնահարումների, բռնապետության հաստատման, քաղբանտարկյալների առկայության հետ կապված մեղադրանքների մասին և ի պատասխան մեղադրելով, թե «հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները խախտած» որոշ հոգևորականներ Հայաստանում «ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս