Կարեն Դեմիրճյանն ասաց՝ «Այդ ճաապարհը կանցնի միայն քո դիակի վրայով»… Փաշինյանի այս ծրագիրը Հեյդար Ալիևն էր առաջարկել. ԱՄՆ-ը թույլ չի տա նոր Օսմանյան կայսրության ձևավորումը. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Փաշինյանը կատարում է այն հանձնարարականները, որոնք ստացել է Արևմուտքից, իսկ դրանց կատարումը վերահսկում է Ադրբեջանը: Այդ մարդու բոլոր քայլերը ցույց են տալիս, որ այն, ինչի համար իրեն բերել էին, ինքը հետևողականորեն կատարում է՝ Արցախի հարց, Արցախի հայաթափում, Ցեղասպանության հարց, Արարատ սարի խորհրդանիշից հրաժարում… Թուրքիան հասավ նրան, որ Հայաստանում չընդունվի Ցեղասպանության փաստը, երբ աշխարհի շատ առաջադեմ երկրներ մինչև 2018 թվականն ընդունել են այդ փաստը: Եթե նման բան լիներ 10-20 տարի առաջ, չեմ պատկերացնում՝ ինչ կլիներ, բայց հիմա որոշ հայեր դրան հանգիստ են նայում: Փաշինյանի քայլերը բերելու են ազգային մենթալիտետի փոփոխության:

- ՀՀ գործող իշխանությունը խտացված անում է այն, ինչ տասնամյակներ շարունակ արել է Թուրքիան՝ անգամ իրենց սեփական պատմությունը կեղծելով: Չէ՞ որ, երբ Աթաթուրքը եկավ իշխանության, անգամ նա դատապարտեց Ցեղասպանության փաստը:
- Պահանջատիրությունը հող պահանջելը չէ, քո ազգային ինքնագիտակցության, պատմության, մշակույթի հարցն է: Եթե դա ջնջում ես, դու պետք է քո գրականությունը ջնջես, պատմությունը, հիշողությունը, ամեն ինչ… Մեր դասական ողջ գրականությունը Ցեղասպանության իրողության հիման վրա է: Ողջ աշխարհում դատապարտում են Ցեղասպանության ուրացումը, այստեղ դատապարտում են այն հիշողներին…
- Երբ ես դպրոցում էի սովորում, իմ համադասարանցիներից շատերը չգիտեին՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Բոլշևիկները կարողացել էին ջնջել այդ հուշը: 60-ականներից նորից այդ թեման տեղ գտավ մեզանում: Հիմա նույնն են անում, և այսպես շարունակվելու դեպքում գալու է մի պահ, որ այսօրվա սերունդը չի հիշելու Հայոց ցեղասպանության մասին: Սա այն է, ինչ ցանկանում են մեր թշնամիները:
- Որևէ մեկը փորձի Իսրայելում ջնջել Հոլոքոստի՝ հրեաների ցեղասպանության մասին հիշողությունները, դրժի կամ աղավաղի փաստերը, ինչ կանեն նրանց հետ…
- Եվրամիության ղեկավարությունը երբ փոխվեց, նրանց փոխարեն դրեցին լիբերալ-գլոբալիստների, և ԵՄ ողջ գաղափարախոսությունը փոխվեց: Նրանք դրա համար էին պատրաստվել: Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում երեկ ասել է այն, ինչ նրանք ուզում էին լսել, ոչ թե այն, ինչ պետք է Հայաստանին և հայ ժողովրդին:
- Հայ եկեղեցին՝ իր ներկայությամբ, իր սրբերով ու պատմությամբ, հակագլոբալիստական է: Դրա համար պետք է քանդուքարափ անեն եկեղեցին, ազգային ինքնագիտակցությունը, մշակույթը… Սա նոր երևույթ չէ: Ուկրաինայում Պորոշենկոն նույնն արեց:

- Ես չեմ զարմանա, որ մինչև ընտրություններ մի հատ էլ Փաշինյանը գեյ-պարադ անի, որ արտաքին որոշ կենտրոններին ասի՝ ես ձեզնից մեկն եմ, ձերն եմ… Այս ամենը վաղ թե ուշ վերանալու է, առաջ են գալու իրական պետական շահերը: Չինաստանը, Իրանը, ինչ-որ չափով՝ Ռուսաստանը պահպանում են ազգայինը:
- Հատուցման պահն անխուսափելիորեն գալու է: Կարող ես ոգևորվել, Բաբելոնյան աշտարակ կառուցել, բայց այդ աշտարակը քանդվելու է, պատժվելու ես: Ալիևի պատասխան տալու հերթն էլ է գալու:
- Համոզված եմ, որ TRIPP-ը Թրամփին հետաքրքիր էր զուտ Իրանի վրա հարձակման համատեքստում, և երբ Իրանն ԱՄՆ-ի համար դադարեր առաջնահերթություն լինել, էդ Միջանցքն այլևս իրենց չէր հետաքրքրելու ու դրա կառավարումը հանձնելու էին ուրիշին: Այդ Միջանցքն ԱՄՆ-ին չի հետաքրքրում, հետաքրքրում է Թուրքիային և Ադրբեջանին: Փաշինյանն իրականացրել է նրանց երազանքը: ԱՄՆ-ը երբեք չի ուզենա ու թույլ չեն տա, որ Իրանի հարցը լուծելուց հետո, փոխարենն այլ հրեշ գա՝ ինչ-որ թյուրքական կոնգլոմերատի տեսքով: ԱՄՆ-ը թույլ չի տա նոր Օսմանյան կայսրության ձևավորումը:
Հիշեցնենք. այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծն ԱՄՆ վարչակազմի համար այս պահին առաջնահերթությունների մեջ չէ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին.
«Տեսնում եք` ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասել է նա։
- Ալիևը հաղթել է այս պետությանը, պահանջել է ստորագրել վերջնագիր: Ալիևը կատաղած է ու ատում է ռուսներին, որովհետև նրանք կանգնեցրեցին 2020թ. պատերազմը՝ զորք մտցնելով: Նրանց ծրագիրը 2020թ. այդ Միջանցքի հարցը լուծելն էր, ու ռուսները խափանեցին Ալիևի ու Փաշինյանի միջև պայմանավորված պլանը:
- Իրանի շուրջ իրավիճակը հիմա վտանգավոր է նաև նրանով, որ վաղն Ալիևը կարող է ասել՝ Իրանը մտնում է Հայաստան, ես պետք է որպես «մեծ եղբայր»՝ զորք մտցնեմ Մեղրի, որ պաշտպանեմ, ու կմտցնի: Իսկ եթե Ադրբեջանը զորք մտցնի, այլևս չի հանի:

- Մարդկանց աչքին հումանիտար թոզ են փչում, բայց պետք է մտածել ոչ թե էմոցիաներով առաջնորդվելով, այլ քաղաքականապես. կա շահ և այդ շահի հետապնդում: Բոլոր պետությունները հետապնդում են իրենց շահը, և միայն մենք ենք, որ ասում ենք՝ ամեն ինչ տանք, մեզ բան չլինի…
- Այս իշխանությունները ոչինչ չեն որոշում, անում են այն, ինչ իրենց ասում են: Իրականանում է մեր Սյունիքը ՆԱՏՕ-ի միջանցք դարձնելու ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի հաստատման մասին ազդարարեց և խոստացավ ամեն գնով իրականություն դարձնել այն: Նա հայտարարել է.
«Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։
Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, և ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումներն այս առումով չեն հակասում իրար»։
- Փաշինյանի՝ ադրբեջանցիներին Հայաստան բերելու ավտոմոբիլային այդ նույն երթուղով ծրագիրը ժամանակին դեռևս Հեյդար Ալիևն էր նախատեսել, որքան հիշում եմ՝ 1982 թվականին: Այդ ժամանակ մեր ճանապարհաշինության համար պատասխանատու համապատասխան պաշտոնյային կանչում են Մոսկվա, որ դա իրականացնի, և երբ վերադառնում է, Կարեն Դեմիրճյանը նրան ասում է՝ «Այդ ճանապարհը կանցնի միայն քո դիակի վրայով»: Հետագայում Կարեն Դեմիրճյանն իր թիմով կարողացավ այդ հարցն օրակարգից հանել: Հիմա դա Փաշինյանը ներկայացնում է՝ որպես հումանիտար ծրագիր Ադրբեջանին օգնելու համար:

- Հարգելի քաղաքացիներ, ինչքան կարելի է թոզ փչել ձեր աչքերին, ու դուք էլ հավատաք դրան…
- Երբ մարդ գնում է զիջման, կորցնում է իր «Ես»-ը և դառնում է մատաղացու գառ: Հիմա մեր ժողովուրդը գնում է այդ ճանապարհով: Այն, ինչ հիմա անում է Իրանը, էպիկական բան է: Ես չգիտեմ այսօր մի ժողովուրդ, որը պատրաստ է տանել այն, ինչ տանում է Իրանը: Էդ տեսակ ազգերին հաղթել չի լինում: Իրանցիներն իրենց պահում են՝ որպես 3000-ամյա ազգ: Իրանը կյանքի գնով իրենը պահում է: Սա եզակի բան է: Սա էքզիստենցիալ՝ գոյաբանական կռիվ է:
- Իշխել Իրանին՝ նշանակում է իշխել էներգոհամակարգերի ենթակառուցվածքի վրա: Դա ահռելի բան է: Եթե Իրանը ջախջախվի, այն, ինչ կկորցնեն ռուսները, անհամեմատելի է այսօրվա նավթի գներից ստացած իրենց շահույթների համեմատ: Ծիծաղելի է, երբ լսում եմ որոշ ռուս վերլուծաբանների, որոնք ասում են, թե նավթի վաճառքից ինչ գերշահույթներ է ստանալու Ռուսաստանն այս պատերազմի արդյունքում… Նավթի գները վաղը կկարգավորվեն, բայց եթե Իրանի հարցը լուծեն, վաղը հերթը ռուսներինն է:

- Իրանի հարցը լուծում չունի. ԱՄՆ-ը ու Իսրայելը լուծում չունեն, չունի լուծում նաև Իրանը: Այս պատերազմում հաղթել՝ նշանակում է ոչնչացնել, որովհետև Իսրայելն այս հարցը դարձրել է գոյաբանական: Իրանի համար այս խնդիրը քաղաքակրթական է, նաև կրոնական, ինչպես կրոնական է Իսրայելի և ԱՄՆ-ի համար:
- Ամենամեծ աղանդներն ԱՄՆ-ում են: Եկե՛ք չմոռանանք նաև Էպշտեյնին. ԱՄՆ քաղաքական վերնախավում բոլորն Էպշտեյնի կադրերի բաժնից դուրս եկածներն են:
- Ցամաքային օպերացիա սկսելը նշանակում է հարյուր-հազարավոր զոհեր, և դեռ հարց է՝ ով իր վրա կվերցնի դրա պատասխանատվությունը: ԱՄՆ-ը զինվոր չի մտցնի Իրան, և, թերևս, հարցը կրկին ժամանակավոր լուծում կունենա: Ամեն դեպքում այս հարցը Կայա Կալասի ու նրա նմանների համար լուրջ հետևանքներ է ունենալու:
- Որքան ուզում ես՝ տարածքները միացրու, ԽՍՀՄ արդեն չես վերականգնի. Ժամանակն անցել է:
- Արևմուտքի համար ռուս-ուկրաինացի տարբերություն չկա. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի համար տարբերություն չկա՝ սլավոններից ով ով է, նա նույնիսկ ռուսին ու ուկրաինացուն իրարից չի տարբերում, իր համար միևնույն է, կարևորը՝ իրար կոտորեն, վերացնեն: Դրա համար նա թույլ չտվեց, որ Ուկրաինայի պատերազմը դադարեցվի, ասաց՝ մինչև վերջին ուկրաինացին պետք է կռվի, զոհվի…
Ուկրաինացի ազգը, բոլշևիկների ստեղծած պետությունն ամենահզոր հանրապետությունն էր: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի պոտենցիալն անգամ Ռուսաստանը չուներ: Սկսեցին օլիգարխների միջոցով քանդել բանակը, տնտեսությունը, հարաբերությունները վատացրեցին Ռուսաստանի հետ… այսօր արդեն 1.5 միլիոն զոհ են տվել ԱՄՆ տվյալներով:

- Փաշինյանին իշխանության բերելը հայ ժողովրդին չի բնութագրում: Այլ բան է, որ պլեբսը մեր ազգային ինքնագիտակցությունն է ուզում հանել մեր ուղեղներից: Ինչ անում են մեր կրթության ու պատմության հետ, սպիտակ գենոցիդ է: Իհարկե, այսպես չի մնա, դա էլ կանցնի, տիղմաջուրը կմաքրվի, կմնա զուլալ աղբյուրը: Ամեն ինչ անցնելու է, էս փորձանքն էլ է անցնելու, բայց ցավալին այն է, որ վերարտադրվելու համար մեր նյութը պակասելու է:
- Սահակաշվիլին, Փաշինյանը, Մոլդովայի թշվառը նույն մանկապարտեզում են դաստիարակվել:
Մանրամասները՝ տեսանյութում։



