Ռուբինյանի «առաջարկը»․ քաղաքական սնանկության խոստովանություն. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը «Ռուբինյանի «առաջարկը»․ քաղաքական սնանկության խոստովանություն» հրապարակման մեջ գրում է. «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում փորձել է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող առաջարկները՝ հայտարարելով, թե այդ մարդիկ չեն կարող որևէ առաջարկ ներկայացնել Հայաստանին։
Նրա ձևակերպմամբ՝ նրանք կարող են առաջարկներ անել այլ երկրներին, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։
Ռուբինյանի հայտարարությունը կարևոր բան է բացահայտում՝ իշխանության քաղաքական փաստարկների ակնհայտ սնանկությունը։ Երբ իշխանությունը չի կարողանում ընդդիմության քննադատություններին պատասխանել բովանդակային փաստարկներով, քաղաքական բանավեճը փոխարինվում է պիտակավորմամբ, իսկ քաղաքական մրցակիցները ներկայացվում են որպես օտար շահերի կրողներ։
Ռուբինյանի խոսքում հենց այս տրամաբանությունն է գերակշռում։ Փոխարենը քննարկվի ընդդիմադիր գործիչների առաջարկների բովանդակությունը, դրանց քաղաքական նպատակահարմարությունը կամ հնարավոր հետևանքները, ամբողջ ուշադրությունը տեղափոխվում է նրանց անձնական կենսագրությունների, կապերի կամ ունեցվածքի վրա։ Սա քաղաքական քննարկման մակարդակի իջեցում է ՔՊ-ական «բեսեդկի» մակարդակի:
Խայտառակություն է, երբ ընդդիմությանը «օտար ազդեցությունների» հետ կապելու փորձ է անում այն իշխանության ներկայացուցիչը, որի վարած քաղաքական գիծը վերջին տարիներին մշտապես համընկել է Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի հետ։ Այս պայմաններում ընդդիմությանը արտաքին ազդեցությունների մեջ մեղադրելը ոչ թե փաստարկված քննադատություն է, այլ ներքաղաքական էժան քարոզչական հնարք: Ալիևի «իդեալական վասալները» չեն կարող այլոց մեղադրել օտարին ծառայելու մեջ:
Ռուբինյանի հայտարարության ամենախնդրահարույց հատվածը, սակայն, նրա վերջին նախադասությունն է․ «չընդունեն էլ՝ այնպես կանենք, որ ընդունեն»։ Սա իշխանական ավտորիտար մտածողության բացահայտ դրսևորում է, ըստ որի քաղաքական հակառակորդին պետք չէ համոզել փաստարկներով, նրան կարելի է «ստիպել» ընդունել իշխանության թելադրանքը։
Երբ երկրի խորհրդարանի փոխնախագահը ընդդիմության հասցեին խոսում է սպառնալիքի լեզվով, դա ակամայից հաստատում է այն մտահոգությունը, որ իշխանությունը քաղաքական մրցակիցներին դիտում է ոչ թե որպես օրինական հակառակորդներ, այլ որպես ճնշման ենթակա թիրախ։
Միաժամանակ այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև ներիշխանական գործընթացների համատեքստում։ Այսօր ակնհայտ է, որ իշխանության ներսում աճում է մրցակցությունը քաղաքական ազդեցության և ապագա դիրքերի համար։ Նման իրավիճակներում համակարգի ներկայացուցիչները հաճախ փորձում են առավել ցինիկ և ցուցադրական հայտարարություններով ցույց տալ իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։
Սակայն քաղաքական փորձը ցույց է տալիս, որ նման մարտավարությունը հազվադեպ է երկարաժամկետ արդյունք տալիս։ Երբ իշխանության հանրային վստահությունը սկսում է նվազել, համակարգի ամենաաղմկոտ պաշտպանները հաճախ հայտնվում են ոչ թե քաղաքական վերելքի, այլ քաղաքական պատասխանատվության վտանգի առաջ՝ «ուղղիչ աշխատանքային գաղութներում»։
Ռուբինյանի «առաջարկը» հենց այդ իրավիճակի բնորոշ դրսևորումներից մեկն է։ Այն ոչ թե ուժեղ քաղաքական դիրքորոշման արտահայտություն է, այլ իշխանության նյարդային արձագանքը աճող քննադատությանը։ Իսկ քաղաքականության մեջ սպառնալիքի լեզուն սովորաբար ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փաստարկներն արդեն սպառված են»։



