Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակումից օրեր առաջ Ադրբեջանի ՀՕՊ զորքերին հանձնարարականներ են տրվել. Ո՞վ է կանգնած Նախիջևանի միջադեպի հետևում, ի՞նչ մեսիջ է այն պարունակում
Մարտի 4-ին տեղեկություն էր ստացվել, որ Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և ուղղվել է դեպի Թուրքիայի օդային տարածք, ոչնչացվել է նրա օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային ուժերի կողմից։
Այս միջադեպից հետո Թուրքիայի ղեկավար դեմքերն անմիջապես սկսեցին նախազգուշացումներ ուղղել Իրանին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել է.
«Երկրի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Թուրքիան կողմնակից է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը և ունակ է ապահովել իր տարածքի ու քաղաքացիների անվտանգությունն՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է սպառնալիքը: Մեր տարածքն ու օդային տարածությունը պաշտպանելու համար ցանկացած միջոց ձեռնարկվելու է վճռականորեն և առանց վարանման:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել մեր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողության: Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածմանը: Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»:
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին՝ հայտարարել էր, որ սեփական սահմանների և օդային տարածքի անվտանգությունը պատահականության կամքին չեն թողնում:
«Եվ ինչպես այսօրվա միջադեպի դեպքում, մենք ՆԱՏՕ–ի դաշնակիցների հետ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և անհապաղ արձագանքում ենք։ Մենք նաև մեր նախազգուշացումները հնարավորինս հստակ և վճռականորեն հասցրել ենք Իրանին, որպեսզի նմանօրինակ միջադեպեր այլևս չկրկնվեն»,- շեշտել էր նա:
Երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել Անկարայի արձագանքը Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ և նշել, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։
Ավելին, գրեթե նույն ժամանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), TRT Haber-ին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիային, նախ նշել է, որ Թուրքիան երկար տարիներ մեծ տեղ է հատկացնում հետախուզական կարողությունների զարգացմանը, և պատերազմը դիտարկում է հետախուզության տեսանկյունից՝ անվտանգության, ռազմական օպերացիայի, ռազմական օպերացիայի վարման և դրա ժամկետների, այնուհետև Իրանին հասկացրել, թե Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բախման մեջ մտնելուց առաջ պիտի լավ պատրաստվի և ուժային հաշվարկներ անի:
«Կիբեռհետախուզություն, ռադիոհետախուզություն, էլեկտրոնային հետախուզություն, կանխիչ հետախուզություն, օդային հսկողություն, արբանյակային տվյալների հիման վրա հետախուզություն… Եթե դուք չեք կատարել ձեր «տնային աշխատանքը» և չեք զարգացրել ձեր կարողություններն այս ոլորտներում, ապա չարժի անգամ բանավոր փոխհրաձգության մեջ մտնել Իսրայելի և Ամերիկայի հետ:
Եթե դուք իսկապես պատրաստվում եք նման մարտի, ապա ձեր ուժն այս ոլորտներում պետք է անթերի լինի: Բացի այս, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր օդային տարածքը, նա պետք է բարձր արդյունավետություն ապահովի ՀՕՊ, ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի ոլորտներում: Հիմա, ենթադրենք, նրանք «կոտրել» են նրանց հեռախոսները և պարզել, թե որտեղ են գտնվում:
Դա արդեն հնարավորություն է: Բայց որպեսզի նրանք կարողանան օդային հարված հասցնել, այն հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք մտնեն ձեր օդային տարածք…»,- ասել է Հաքան Ֆիդանը: Իսկ Իրանը, իհարկե, հերքել էր Թուրքիայի տարածքի թիրախավորման փաստը:
Սա երեկվա իրադարձություններն են։ Իսկ այսօր արդեն ադրբեջանական կողմը տեղեկություն է շրջանառել, որ Իրանի կողմից ԱԹՍ հարված է եղել Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, հարված է հասցվել Նախիջևանի օդանավակայանին, վիրավորվել են քաղաքացիական անձինք:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Ալիևը միջադեպի կապակցությամբ ԱԽ նիստ է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ Իրանը պետք է բացատրություն տա, մեղավորները պետք է պատժվեն:
Ավելին, Ալիևը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական ակտ, հայտնել, որ զինված ուժերին «համար 1» հրաման է տրվել, և ցանկացած գործողություն Ադրբեջանի դեմ, կհանդիպի իրենց «Երկաթե բռունցքին»:
Իրանի պաշտոնատար անձինք, սակայն, հերքել են Նախիջևանը և հարևան երկիրը թիրախավորելու փաստը, մյուս կողմից, հերթական անգամ հիշեցրել, որ իրենց հարվածների թիրախ կարող են դառնալ այն երկրները, որտեղ կան իր հակառակորդներին պատկանող ռազմական օբյեկտներ և սլաքն ուղղել հատկապես դեպի Իսրայել:
Թե ինչ և ով է կանգնած այս միջադեպի հետևում, կամ՝ ով է հիմնական պատասխանատուն, դեռ հստակությունների կարիք ունի, թեև Ալիևի ձևակերպումը կարող է ինչ-ինչ հուշումներ անել: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ Ադրբեջանի և Թուրքիայի համար Նախիջևանի կարևորությունը՝ այդտեղ թուրքական գործոնն ու «ռազմական ներկայությունը», ինքնավար համարվող հանրապետության աճող աշխարհաքաղաքական նշանակությունը ու որպես ռազմական պլացդարմ կիրառելիությունը:
Չպետք է նաև մոռանալ նաև 44-օրյա պատերազմին նախորդած ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Նախիջևանում, և նախիջևանյան զորավարժությունների ընթացքում թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ), ինչը հուշում էր պատերազմի վտանգի մասին, նպատակը զուտ վարժանքը չէ:
Ի դեպ, նշված միջադեպի համատեքստում հարկ ենք համարում մի դրվագի վրա ուշադրություն հրավիրել:
Մասնավորապես, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական հարձակումից օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ռազմաօդային ուժերի հրամանատար-պաշտպանության նախարարի տեղակալ Նամիգ Իսլամզադեն որոշել էին ստուգել ՀՕՊ զորամասերից մեկի ծառայողական-մարտական գործունեությունը։
Այցի ընթացքում Հասանովը նաև հանձնարարել էր խորությամբ ուսումնասիրել ՀՕՊ ստորաբաժանումների զինանոցը վերջերս համալրած ժամանակակից սպառազինության և սարքավորումների մարտավարատեխնիկական բնութագրերը, յուրացնել դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները մարտական պայմաններում։
Դավադրության տեսություն չենք փնտրում, բայց կարևոր փաստ է:
Իսկ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն Իրանի և Նախիջևանի շուրջ զարգացումների իր դիտարկումներն ունի, ըստ որի՝ նախիջևանյան պայթյունների «սցենարը» կռահելի էր ի սկզբանե:
«Նախիջևանի ուղղությամբ պայթյունների հնարավորության մասին ամերիկաիսրայելա-իրանական պատերազմի առաջին օրվանից էլ պարզ էր արդեն, որ այս հակամարտությունը դուրս է գալու երկկողմ ռազմական բախման շրջանակներից և աստիճանաբար ձեռք է բերելու տարածաշրջանային հակամարտության բնույթ։ Այժմ այդ պատկերի ականատեսն ենք։ Թեև սոցիալական ցանցերում և հատկապես տելեգրամյան ալիքներում շրջանառվում են բազմաթիվ տեսանյութեր պայթյունների, հրթիռային և անօդաչու հարվածների մասին, ընդհանուր ռազմավարական պատկերն իրականում մնում է բավականին փակ։ Նորմալ է, որ կողմերը գիտակցաբար սահմանափակում են տեղեկատվության հրապարակումը՝ նվազեցնելով սեփական կորուստների մասին տեղեկությունները և առավելապես ընդգծելով հակառակորդի վնասները։
Այդ պատճառով ստեղծվում է մի իրավիճակ, երբ հանրային դաշտում առկա է մեծ քանակությամբ իրարամերժ տեղեկատվություն, բայց բացակայում է ամբողջական պատկերացումն այն մասին, թե իրականում ո՞ր կողմի ռեսուրսներն են ավելի արագ սպառվում և ո՞ւմ դիմադրողականությունն է ավելի խոցելի երկարաժամկետ հեռանկարում։ Ռազմավարական մակարդակում հակամարտության կողմերը գործում են տարբեր տրամաբանություններով։
Իրանը հիմնականում փորձում է պատերազմը դարձնել երկարատև և հյուծող՝ օգտագործելով իր լայն հրթիռային և անօդաչուների զինանոցը և հարվածներ հասցնելով ոչ միայն Իսրայելին, այլ նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։
Իրանի հաշվարկը մեծապես հիմնված է այն հանգամանքի վրա, որ նա ունի տարածքային խորություն, մեծ քանակությամբ հրթիռային պաշարներ և կարող է երկար ժամանակ պահպանել հարվածների ինտենսիվությունը։
Իսրայելն ու Միացյալ Նահանգները, հակառակը, փորձում են հնարավորինս արագ թուլացնել Իրանի ռազմական ներուժը՝ թիրախավորելով հրթիռային պահեստները, անօդաչու սարքերի արտադրական ենթակառուցվածքները, հրամանատարական կենտրոնները և միջուկային ծրագրի հետ առնչվող օբյեկտները։
Նրանց հիմնական առավելությունն օդային գերակայությունն է և տեխնոլոգիական բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս իրականացնել բարձր ճշգրտության հարվածներ Իրանի խորքային տարածքներում։ Սակայն այս կողմն ունի նաև սեփական սահմանափակումները, որքան էլ այս պահին ԱՄՆ-ը ու Իսրայելը մկաններ են ցույց տալիս բոլորին, երկարատև պատերազմն այս գերտերությունների վրա նորանոր քաղաքական և տնտեսական ճնշումներ են բերելու։ Ներկա պահին առկա սահմանափակ ինֆորմացիաների պարագայում, կարելի է ասել, որ «հյուծման պատերազմի» տրամաբանությամբ են կողմերն առաջ գնում, որտեղ նրանք փորձում են ոչ թե արագ հաղթանակ ապահովել, այլ աստիճանաբար նվազեցնել հակառակորդի ռազմական և տնտեսական հնարավորությունները։ Նման իրավիճակում հակամարտության հիմնական վտանգը դրա տարածումն է դեպի ամբողջ Մերձավոր Արևելք։
Եվ տարածաշրջանային այս ընդհանուր լարվածության ֆոնին ուշադրության արժանի է նաև Նախիջևանի օդանավակայանի շուրջ առաջացած տեղեկատվությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն ենթարկվել է մի քանի հարվածի, մինչդեռ իրանական կողմը հերքել է այդ տեղեկությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ իր ռազմավարությունն ընտրողական է, և հնարավոր թիրախ կարող են դառնալ այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու կամ գործողություններ իրականացնելու համար։
Այս հայտարարությունը, ըստ էության, քաղաքական ազդակ է, քանի որ վաղուց հայտնի է Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցության մասին, որի շրջանակում ադրբեջանական ենթակառուցվածքներն իսրայելական կողմի համար կարող են օգտագործվել հետախուզական կամ լոգիստիկ նպատակներով։ Այդուհանդերձ, ներկայիս պայմաններում քիչ հավանական է, որ Իրանը շահագրգռված լինի բաց ռազմական ճակատ բացել Հարավային Կովկասում։
Նման զարգացումը կարող է անմիջապես ներգրավել Թուրքիային և էապես բարդացնել տարածաշրջանային հավասարակշռությունը։
Հետևաբար, նման հայտարարություններն ավելի շատ կարելի է դիտարկել որպես զսպման և քաղաքական ազդանշանի գործիք՝ ուղղված ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Իսրայելին, որ կովկասյան ուղղությունը նույնպես կարող է դառնալ ճնշման պոտենցիալ տարածք, եթե հակամարտությունը շարունակվի խորանալ։
Ընդհանուր առմամբ, հակամարտության ներկա փուլը բնութագրվում է բարձր անորոշությամբ և տեղեկատվական վակուումով։ Թեև ռազմական գործողությունները շարունակվում են տարբեր ուղղություններով, իրական ռազմավարական հավասարակշռությունը դեռևս դժվար է գնահատել, իսկ պատերազմի հետագա զարգացումը մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք կողմերը կկարողանան սահմանափակել հակամարտությունը ներկայիս շրջանակներում, թե այն աստիճանաբար կընդլայնվի և կներառի տարածաշրջանի նոր դերակատարների»,- մանրամասնեց փորձագետը:
Ի դեպ, ավելի ուշ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե Իրանից 4 անօդաչու թռչող սարք է ուղղվել դեպի Նախիջևան, որից մեկը հաջողվել է խոցել, մնացածը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոց, և իբր միայն, բարեբախտաբար, այն չի ընկել դպրոցի վրա:
Հետաքրքիր է՝ Իրանի Մինաբ շրջանի «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցի թիրախավորումից և ավելի քան 100 զոհերից հետո այս տեղեկության տարածումը, ինչպես ասում են՝ այս ամենը «մաքուր խաղ» չէ, և դրանից «լավ հոտ» չի գալիս, և Իրանը չպետք է հավատա Ադրբեջանի խոսքերին: Ինչևէ, դեռ շատ զարգացումներ կլինեն:
Իսկ մինչ այդ վերադառնանք Իրանի դեմ պատերազմի համատեքստում Թուրքիային ու ևս մի կարևոր դրվագի մասին նշենք: Իրանից հայտարարել են 3 երկրում AN/TPY-2 ռադիոլոկացիոն 3 կայանի ոչնչացման մասին, որոնք պատկանում են THAAD համակարգին։
Իրանի դեմ դեռ 12-օրյա պատերազմի օրերին գրել ենք, որ իրանա–իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիան թեև Իսրայելին դեմ էր արտահայտվում, սակայն Թուրքիայի տարածքում տեղադրված AN/TPY-2 ռադարը («Քյուրեջիք» ռազմակայանում տեղադրված այս կայանն իրականում հանդիսանում է ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանական համակարգի մաս), որն ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգի մաս է, և թույլ է տալիս հայտնաբերել ամեն տեսակի թռչող օբյեկտներ մեծ բարձրության վրա և մինչև 1000 կմ հեռավորության վրա:
Եվ երբ այն մոտ 10 տարի առաջ տեղադրվել է, հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն էր իրանական հրթիռներից, տեխնիկական առումով, ըստ էության, ոչինչ չի փոխվել:
Այսինքն, ոչ Թուրքիան է դադարել լինել ՆԱՏՕ անդամ և ԱՄՆ դաշնակիցն առնվազն այս համատեքստում, ոչ էլ Ադրբեջանն էլ դադարել լինել Իսրայելի ռազմավարական դաշնակիցը և Իրանի դեմ հարավկովկասյան «ներկայացուցիչը»:
Հ.Գ. Այս հոդվածի համատեքստում հիշեցինք, թե ինչպես էր 2020 թվականի նոյեմբերին 9-ին Նախիջևանի հատվածում Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցել ռուսական ուղղաթիռը, հետո հայտարարել, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:
Ի դեպ, ավելի ուշ պաշտոնական Իսրայելը և Թուրքիան դատապարտել են իրանական ԱԹՍ-ների հարձակումները Նախիջևանի ուղղությամբ, իսկ Թուրքիան շեշտել է՝ շարունակելու են աջակցել Ադրբեջանին:






