Աշտարակի պոպոքի աշխարհաքաղաքական հետևանքները՝ սմոկինգով օրանգուտանի կատարմամբ
«Եվրամիությունը 2023թ. մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանն աջակցելու նպատակով»,- նախօրեին տեղեկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակը:
Այս՝ առաջին հայացքից չոր հաղորդագրությունը մեկ նախադասության մեջ խտացնում է այն ողբերգությունը, որը վերջին տարիներին տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: 78 միլիոնն այն գինն է, որը կոնկրետ ԵՄ-ն վճարել է, որպեսզի այս նույն հաղորդագրության մեջ Ղարաբաղի կողքին բացակայեն՝ «Լեռնային», իսկ տեղահանվածի կողքին՝ «բռնի» արտահայտությունները: Երեք տարվա ընթացքում այդ գինը վճարվել է ոչ թե ուղղակի երեքհազարամյա հայկական Արցախի ադրբեջանական պատկանելությունը ճանաչելու, այլ դա այնպես ներկայացնելու համար, որ Հայաստանում ընդունվի շնորհակալությամբ ու երախտիքով:
Խնդիրն, իհարկե, ու ամենևին ԵՄ-ն չէ և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո նրա տրամադրած աջակցության համար իսկապես պետք է շնորհակալ լինել:
ԵՄ-ն ընդամենը սպասարկել է իր աշխարհաքաղաքական շահերը՝ այն պահին, երբ Հայաստանում գտնվել է մի իշխանություն, որը պատրաստ է եղել Արցախը ճանաչել ադրբեջանական և դա ներկայացնել այնպես, որ հայ ժողովուրդը պետք է հավիտյանս շնորհակալ լինի՝ «Ղարաբաղի թոկից ազատագրվելու համար»:
Այս իրողությունները կարևոր են մի քանի տարվա անցյալ ողբերգական իրադարձությունները գնահատելու ու դրանց պատճառահետևանքային կապերը հասկանալու համար: Բայց դրանք նաև սարսափելի վտանգավոր են ապագայի համար, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին ու նրա «ավտոբուսի ուղևորներին»:
Այդ մարդիկ պետությանը, հայրենիքին, ազգային պատկանելությանը վերաբերվում են նույնպիսի օգտապաշտությամբ, ինչպես ավտոբուսում իրենց սնունդ ծամելու ու հանրայնացնելու երևույթին: Այսինքն՝ եթե մի բան շահավետ է, կարող է սպասարկել իշխանությունը պահպանելու նպատակը, ուրեմն պետք է դա անել՝ առանց բարոյական, էսթետիկ կամ որևէ այլ արգելքի հետևելու:
Հայաստանն այսօր ղեկավարվում է «կարևորը՝ մեջը փող կա» սկզբունքով, որն արտահայտվում է բոլոր ոլորտներում ու ամենագռեհիկ դրսևորումներով: Ահա այդ նույն իշխանության համար Արցախի կորուստը/հանձնումն իսկապես շահավետ գործարք է, որը թույլ է տվել ոչ միայն պահպանել իշխանությունը, այլ նաև տասնյակ-միլիոնավոր, գուցե հարյուրավոր միլիոն եվրոյի գումարներ ստանալ արտերկրից՝ «Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության» անվան տակ՝ նաև այդ գումարները ծառայեցնելով սեփական պարգևավճարների աճին:
Այս մտածողությամբ ու աշխարհայացքով իշխանությունն իսկական աղետ է ցանկացած պետության համար, քանի որ դա նշանակում է՝ այդ երկրի ամենայնը ենթակա է վաճառքի՝ «լավ գին» վճարելու դեպքում: Այսինքն, եթե վաղը նույն ԵՄ-ի շահերից բխի Հայաստանի որևէ ինքնիշխան տարածքի հանձնումը՝ պայմանով, որ մեծ աջակցություն կվճարվի դրա դիմաց, գործող իշխանությունը ոչ միայն չի դիմադրելու, այլ ամեն ինչ անելու է՝ դա կյանքի կոչելու համար, քանի որ… մեջը փող կա:
Հատկապես ընտրություններից առաջ հաճախ հնչող հարցը՝ ում է ձեռնտու Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը, ունի պարզ պատասխան՝ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են վճարել՝ Հայաստանից իրենց ցանկալին ստանալու համար: Իսկ կոնկրետ ԵՄ-ի համար Հայաստանը նույնանում է ոչ թե հազարամյա մշակույթի, այլ գագաթնաժողովի միջացքում խնձորի վրա հարձակված Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա ցույց է տալիս, թե ինչ է լինում երկրների հետ, երբ մեր հայրենակից Աճեմօղլուի կողմից ուսումնասիրած «Սմոկինգով օրանգուտանի» համախտանիշը դառնում է պետության կառավարման կոնցեպտ: Միակ կոնցեպտ:
Հարություն Ավետիսյան



