«Ամեն ինչ օդում ճախրում է՝ սերը, գեղեցկությունը, կյանքը, եթե կարողանաս կանգնել ու այդ ամենը զգալ, կարող ես վերցնել ու տարածել». Ելենա Վարդանյան

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի համար թատրոնն ապրելակերպ է, գուցե և ճակատագիր, որը որոշվեց, երբ 14 տարի առաջ հայտնվեց թատրոնում։

Վերջին շրջանում Ելենա Վարդանյանը հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր, արդեն բեմադրել է երեք ներկայացում, մտքում դեռ շատ բեմադրություններ է ծրագրում, որոնք, բնականաբար, ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն ու կներկայացվեն բեմում։

168.am հետ զրույցում Ելենա Վարդանյանը նախ պարզաբանեց, թե ինչու է ռուսերեն խոսում. ռուսական արմատներ չունի, հայ է, բայց փոքր հասակում Հայաստան վերադառնալուց հետո այդպես էլ ժամանակ չի ունեցել սովորել հայերեն քերականություն։ Չնայած հայերեն շատ լավ հասկանում, շփվում է, սակայն հարցազրույցների և բեմի համար՝ լեզուն ռուսերենն է։

«Մենք գտնվում ենք իմ հարազատ թատրոնում, որին պաշտում եմ: Թատրոնն ինձ համար դարձել է ապրելակերպ, եթե մեկ վայրկյան պատկերացնեմ, որ թատրոնն իմ կյանքում կարող է չլիներ, գուցե կյանքն այլ լիներ, հուսամ, նման բան երբեք չի լինի։

Կարդացեք նաև

Չեմ կարող ասել՝ իմ մուտքն այստեղ հե՞շտ էր, թե՞ դժվար, չեմ ուզում կրկնել, բայց դա Ճակատագիր էր, երբ ինձ այստեղ հանդիպեց լուսահոգի Ալեքսանդր Գրիգորյանը՝ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը և գլխավոր ռեժիսորը, ես մնացի այս թատրոնում, արդեն չգիտեմ, 14 կամ 15 տարի է անցել»,- պատմեց Ելենա Վարդանյանը։

Դերասանուհին գոհ է իր հանդիսատեսից, ու թեև մարդիկ տարբեր են, բոլորն էլ թատրոն են գնում՝ տպավորություններ և էմոցիաներ ստանալու համար, սակայն յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ներկայացման մեջ լույս է պետք, որպեսզի հանդիսատեսն այդ լույսով տուն գնա, քանի որ յուրաքանչյուր մարդ գալով թատրոն, ուզում է հանգստանալ, ստանալ էմոցիաներ։ Ես սա հաստատ գիտեմ՝ որ մարդկանց դրականն է պետք, որ այնպես չլինի՝ ներկայացումը տեսնելուց հետո, ասի՝ գնացինք, չնայած այդպես էլ է լինում բոլոր թատրոններում ու ամբողջ աշխարհում։ Պետք է նա տուն գնա այն մտքերով, որոնք, հնարավոր է, նրան վաղն օգնեն ճիշտ ճանապարհին կանգնելու։

Ռուսական թատրոնն ունի իր հանդիսատեսը, որը մի քանի անգամ կարող է գալ և իր սիրելի ներկայացումները նայել։ Իհարկե, կան բազմաթիվ ժամանակակից թատրոններ, բայց առանց դասականի, դա հավանաբար տարօրինակ կլիներ, հետևաբար՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր թատրոնում պետք է լինի և մեկը, և մյուսը։ Խաղացանկն այստեղ այնքան հարուստ է, որ հանդիսատեսը գիտի՝ կարող է գալ այս թատրոն և տեսնել ամեն ինչ՝ սկսած Չեխովից՝ մինչև ժամանակակից հեղինակներ։ Քիչ կարևոր չէ նաև ռուս դասականների ստեղծագործությունները բեմադրել ժամանակակից ու դասական լուծումներով»,- նշեց դերասանուհին։

Դերասանուհին դժվարանում է ասել, թե ինչպես է ստացվում, որ երբ հայտնվում է բեմում՝ այն ամբողջությամբ լցվում է, մթնոլորտն էլ միանգամից փոխվում է: Նրա կարծիքով՝ դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ հավատում է իր մասնագիտությանը, հավատում է իր սիրած գործին։ Վստահ է՝ մարդն ինչով էլ զբաղվի, եթե այդ ամենն անում է ամբողջ հոգով, ապա պատասխանը չի ուշանում։

«Հանդիսատեսի էմոցիաները զգում եմ, սա ինձ համար առաջին տեղում է՝ զգալ հանդիսատեսին, բայց չեմ կարող ասել՝ ես հանդիսատեսին դո՞ւր եմ գալիս, թե՞ ոչ։ Ինձ մոտ առաջին տեղում այդ հարցը չէ, թե՛ կյանքում, թե՛ առավել ևս բեմում, դա ամենավերջին բանն է, որի մասին ես կարող եմ մտածել։ Ինքս բավականին ինքնավստահ մարդ եմ, գիտեմ ներկայացումներ, որոնք իմն են, գիտեմ նաև ներկայացումներ, որոնք իմը չեն»,- հավելեց դերասանուհին։

Ի տարբերություն շատ դերասանների, Ելենա Վարդանյանի համար չկա այնպիսի դեր, որի մասին երազում է, ասում է՝ ինքնաբավ մարդ է, գոհ իր կյանքից, իրենից, թատրոնից, ռեժիսորական գործունեությունից, գոհ է այն ամենից, ինչ ունի։ Ասում է՝ թեկուզ Հոլիվուդում էլ լիներ, կլիներ այնպիսին, ինչպիսին կա։

Դերասանուհին իր դրական էներգիան ստանում է Աստծուց, ընտանիքից, երեխայից, ամուսնուց, քրոջից, այն բոլոր մարդկանցից, որոնք իրեն շրջապատում են։

«Ամեն ինչ օդում ճախրում է՝ սերը, գեղեցկությունը, կյանքը, եթե կարողանաս մեկ վայրկյան կանգնել ու այդ ամենը զգալ, կարող ես վերցնել ու տարածել»,- պատկերավոր ներկայացրեց իր զգացողությունները Ելենա Վարդանյանը։

Դերասանուհին հանդես է եկել նաև Նարեկ Դուրյանի գլխավորած «Բոհեմ» թատրոնում, նա «Քաջ Նազար» ներկայացման մեջ մարմնավորել է Ուստիանի կերպարը։ Հարցին՝ կցանկանա՞ր Ուստիանի նման միանգամից փառք ու հարստություն ձեռք բերել իրական կյանքում, Ելենա Վարդանյանը նախ պատասխանեց, որ մեծ պատիվ էր հանդես գալ Նարեկ Դուրյանի հետ, հատկապես «Քաջ Նազար» պիեսում, որը համարում է գեղեցիկ ստեղծագործություն։

«Ես այնպիսի մարդ չեմ, որը կարող է նստել ու մտածել, եթե որևէ բան ուզում եմ, ապա գնում և ստանում եմ, ինձ այլ տարբերակ չկա, քան աշխատել և ստեղծագործել: Այսօր ես ունեմ ամեն ինչ՝ գեղեցիկ ընտանիք, երեխա, աշխատանք, ամուսին, ընկերներ և, փառք Աստծո, բոլորն էլ առողջ ու երջանիկ են։

Տեսեք՝ եթե ուզում եք քաղաքականությամբ զբաղվել՝ գնացեք ու զբաղվեք։ Եթե ես քաղաքականությամբ զբաղվեի, ինձ հետ այստեղ՝ թատրոնում, հարցազրույց չէիք անի։ Ես մայր եմ, կին, դերասանուհի, ռեժիսոր։ Բնականաբար, ես ունեմ երազանքներ, բայց դրանք կապված չեն փառք ու հարստություն ունենալու հետ, այլ՝ որ աշխարհը խաղաղ լինի, իմ տղան լավ ու բարի մարդ մեծանա, իմ ծնողները որքան հնարավոր է երկար իմ կողքին լինեն, որ ամուսինս ինձ սիրի այնպես, ինչպես սիրում է 11 տարի։ Իսկ մնացածի դեպքում ուղղակի աշխատում ենք։ Եթե մարդ ուղեղ ունի, ապա կարող է գտնել այն աշխատանքը, որն իրեն դուրս է գալիս, և այնտեղ հաջողի, կարծում եմ՝ ես ուղեղ ունեմ՝ դեռ»,- ժպտալով կատակեց Ե. Վարդանյանը։

Դերասանուհին տարբեր երկրներից աշխատանքի առաջարկներ է ստանում, սակայն դրանք միանգամից մերժում է, քանի որ շատ է սիրում Հայաստանը, ուզում է այստեղ ապրել և, որ որդին այստեղ մեծանա։ Իր համար կարևոր է հայ լինելը, որն առանց Հայաստանի օդի չի կարող ապրել։

«Ուզում եմ իմ երկրում ապրել, որովհետև ես այն սիրում եմ, սիրում եմ մարդկանց, ապրելակերպը, ամեն ինչ, ինչը կապված է Երևանի հետ։ Անկախ այն հանգամանքից, թե ես ինչ լեզվով եմ խոսում, երբ գնում եմ հյուրախաղերի, իմ երկիրն եմ ներկայացնում, որտեղ էլ լինում եմ՝ իմ երկրի մասին եմ պատմում։ Ուզում եմ՝ որդիս այստեղ մեծանա, չեմ ցանկանում այստեղից գնալ։ Հուսամ, Աստված մեզ ուժ կտա՝ համբերել, և երբևէ մեր երկիրը կլինի այնպիսի դրախտավայր, ինչպես եղել է»,- վստահ երազում է Ելենա Վարդանյանը։

Նա խոստովանում է, որ պատերազմից հետո ուժ է ստացել որդուց, ընտանիքից։

«Այսօր ամբողջ աշխարհն է տառապում, ես իմ մեջ ուժ եմ գտնում և միշտ ուժ կգտնեմ, քանի որ որդի ունեմ, որ նույնպես Հայաստանում է ապրում, փորձում եմ իմ 4 տարեկան տղային բացատրել, թե որն է ճիշտ, որը՝ չէ։ Որդիս թեպետ ռուսերեն է խոսում, բայց գրեթե ամեն օր հայերեն երգում է Հայաստանի հիմնը։ Յուրաքանչյուր կնոջ կյանքի իմաստը՝ նրա ընտանիքն է, ես չեմ կարող մշտապես տխրել, և որդիս, որը չգիտի՝ ինչ է կատարվում, նույնպես ինձ հետ տխրի։ Պատերազմը մեր ամբողջ ազգի դժբախտությունն է, այն միշտ եղել է, կա, սակայն, հուսամ, էլ չի լինելու։ Ես ցավակցում եմ այն բոլոր մայրերին, որ կորցրեցին իրենց որդիներին»,- եզրափակեց Ելենա Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս