![](/banners/BeFunky-design.jpg)
«Ամեն հաջորդ օր ՀՀ անապահով քաղաքացիներն ապրում են ավելի վատ, քան դրա նախորդ օրը». Թադևոս Ավետիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Tadevos-Avetisyan-2.jpg)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ աղքատացման բոլոր գործոններն ուժգնանում են, իսկ գներն աճում են ավելի արագ ու բարձր տեմպով, քան անապահով խավերի եկամուտները:
«Դա այս իշխանությանը բնութագրող սկզբունքն է. իրենց սոցիալական քաղաքականության գնահատականը հետևյալն է՝ ամեն հաջորդ օր ՀՀ անապահով քաղաքացիները ապրում են ավելի վատ, քան դրա նախորդ օրը: Դա կլինի 2020, 2021, թե՝ 2022 թ.: Նայելով պետական բյուջեն, որը շուտով կհաստատեն, վստահեցնում եմ՝ նույնն ունենալու ենք 2023 թ.-ին, եթե, Աստված չանի, այս իշխանությունն ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց պատգամավորը՝ անդրադառնալով ԱՎԾ հրապարակած աղքատության ցուցանիշներին։
Թադևոս Ավետիսյանն առկա իրավիճակի պատճառներից է համարում տնտեսական կայուն զարգացման հնարավորությունների տապալումը՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն՝ շեշտելով, որ տնտեսության իրական հատվածում հետևողականորեն կրճատվում են օտարերկրյա ներդրումները: Վերջինի առնչությամբ էլ ընդգծում է անվտանգային ռիսկերի առկայությունը:
Հիշեցնենք՝ 2018թ. Հայաստանում պաշտոնապես աղքատ էր բնակչության 23,5 տոկոսը, իսկ օրերս հրապարակված տվյալներով՝ 2021թ. աղքատ է եղել բնակչության 26,5 տոկոսը, ծայրահեղ աղքատությունը կազմել է 1,5 տոկոս։ Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 45,7 տոկոսի։
Այս համատեսքտում անդրադառնալով 2023 թվականի հունվարից 9 դրամով թանկացող ջրի սակագնին՝ տնտեսագետը հիշեցրեց. «Ասում էին՝ ձևը գիտենք, տեղը գիտենք. գանք՝ գազի սակագինն է նվազելու. ուռճացում կա, գերծախսեր կան, նույնը ջրի սակագնի առումով. այսօրվա վարչապետն էր խոստանում, թե մինչև «Քրիստոսի գալը» ջրի սակագինը չի բարձրանա: Սակայն տեսնում ենք փաստը: Ինչ ասում են, դրա ուղիղ հակառակը կարելի է պատկերացնել և ըստ այդմ դիրքավորվել»:
Թադևոս Ավետիսյանը, սակայն, կարծում է՝ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ իրականում հիմքեր ստեղծել է ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի նվազման առնչությամբ, այլև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների՝ օրինակ, դիզվառելիք, գազ, բենզին:
«Մեր գնահատմամբ՝ այսօրվա գներն ամբողջությամբ չեն արտահայտում այս դրամի արժևորումը և, ըստ էության, ավելի ցածր պետք է լինեին: Եթե հակառակը լիներ՝ դրամն արժեզրկվեր 20-25 տոկոսով, վստահաբար, մենք տեսնելու էինք լրացուցիչ գնաճ և սակագների աճ, այդ թվում՝ հանրային ծառայությունների ոլորտում:
Չենք տեսնում, որովհետև եթե նայում ես կարգավորող մարմնի հաշվետվությունները ոլորտների վերաբերյալ, դրանք, կարծես, դարձել են ոչ թե պետական շահն առաջ մղող մարմիններ, այլ այդ ոլորտների տնտեսվարողների յուրատեսակ փաստաբաններ»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ից նշել էին, որ խմելու ջրի սակագինը սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:
2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր նաև, որ վերանայվում են էլեկտրաէներգիայի սակագները
Հիշեցնենք նաև, որ 168.am-ը նոյեմբերին գրավոր հարցմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվել էր, թե հանձնաժողովում ի՞նչ ուսումնասիրություններ կան դրամի արժևորման հետևանքով էլեկտրաէներգիայի սակագնի նվազման առնչությամբ:
Ի պատասխան՝ ՀԾԿՀ-ից նշել էին՝ Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի ընկերությունների սակագների վրա ազդող գործոնները բազմազան են, և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի փոփոխությունը դրանցից միայն մեկն է:
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը տեղեկացրել էր, որ հանձնաժողովը 2022 թվականի սեպտեմբերի 15-ից սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններից առաքվող էլեկտրական էներգիայի, էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայությունների սակագների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագնային մարժայի և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման սակագների վերանայման գործընթացը, որի արդյունքներով կտեղեկացնի վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ և հարցը սահմանված կարգով ներկայացնել հանձնաժողովի նիստի քննարկմանը։