Սակագների վերանայման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. ՀԾԿՀ անդամ
Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագնի վրա. դրամի արժևորման հետևանքներն ու հնարավոր էֆեկտները ներկայացնելիս նշում են մասնագիտական շրջանակները:
Ի դեպ, Կենտրոնական բանկը ևս նման ակնկալիքներ ունի. ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արձանագրել էր, թե գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական կոմպոնենտ է արժութային փոխարժեքը, և որոշակի ժամանակ անց ակնկալում են սակագների իջեցում:
168.am-ը գրավոր հարցմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվել էր, թե հանձնաժողովում ի՞նչ ուսումնասիրություններ կան այս առնչությամբ, և եթե կան, ապա՝ ե՞րբ են ակնկալում սակագնի իջեցում և մինչև քանի՞ տոկոս:
Ի պատասխան՝ ՀԾԿՀ-ից նշել էին՝ Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի ընկերությունների սակագների վրա ազդող գործոնները բազմազան են, և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի փոփոխությունը դրանցից միայն մեկն է։
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը մանրամասնել էր. «Մասնավորապես, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնները կարող ենք դասակարգել հետևյալ հիմնական խմբերում՝ էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի փոփոխություն, կուտակված մաշվածության արդյունքում շահույթի նվազում, իրականացված կապիտալ ներդրումների արդյունքում մաշվածության և շահույթի փոփոխություն, ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մայր գումարների մարման և սպասարկման ծախսերի փոփոխություն, վառելիքային ծախսի փոփոխություն, արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի փոփոխություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով գործող էլեկտրաէներգիա արտադրող կայանների սակագների փոփոխություն, այլ ծախսային հոդվածների փոփոխություն։
Ինչ վերաբերում է վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագներին, ապա դրանց վրա ազդող հիմնական գործոնը ՀՀ ներկրվող բնական գազի գինն է, ինչպես նաև՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի փոփոխությունը, հաշվետու տարվան նախորդող տարում բնական գազի փաստացի ջերմատվությունը, բնական գազի ներկրման և սպառման ծավալների, շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունները, իրականացված կապիտալ ներդրումների արդյունքում մաշվածության և շահույթի փոփոխությունը և այլ ցուցանիշներ:
Այսինքն՝ միայն ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի փոփոխությունը չի կարող ամբողջական պատկերացում տալ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագների փոփոխության մասին, ուստի անհրաժեշտ է դիտարկել վերը նշված բոլոր գործոնների հանրագումարը»:
Այդուհանդերձ, ՀԾԿՀ անդամը հիշեցրել էր, որ հանձնաժողովը 2022 թվականի սեպտեմբերի 15-ից սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններից առաքվող էլեկտրական էներգիայի, էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայությունների սակագների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագնային մարժայի և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման սակագների վերանայման գործընթացը, որի արդյունքներով կտեղեկացնի վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ և հարցը սահմանված կարգով ներկայացնել հանձնաժողովի նիստի քննարկմանը։
«Սպառողներին վաճառվող բնական գազի սակագների մասով տեղեկացնում եմ, որ ներկայումս սակագների վերանայման հայտ ընկերությունը չի ներկայացրել, ինչպես նաև նման գործընթաց սեփական նախաձեռնությամբ հանձնաժողովը չի սկսել, քանի որ ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ՀԲԸ-ի միջև 18.07.2022թ. ստորագրված համապատասխան արձանագրության և հանձնաժողովում գրանցված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի միջև 29.12.2021թ. ստորագրված ՀՀ բնական գազի առաքման 02.12.2013թ. №02-13-04 պայմանագրի №105 լրացուցիչ համաձայնագրի համաձայն բնական գազի ներկրման ներկայիս գինը գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ուստի, հանձնաժողովը բնական գազի սակագների վերանայման հարցին կարող է անդրադառնալ վերջիններիս վրա ազդող հիմնական գործոնի՝ ՀՀ ներկրվող բնական գազի գնի 2023թ. հունվարի 1-ից հետո գործող մեծության մասին տեղեկատվություն ստանալուց հետո միայն,- հավելել է Սերգեյ Աղինյանը՝ տեղեկացնելով նաև, որ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավել սպառման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար բնական գազի սակագները սահմանված են հաշվարկային բանաձևի տեսքով՝ կախված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքից, համաձայն որի վերջիններիս սակագինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը,- Հետևաբար, բնական գազի նշված սպառողներն արդեն իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժևորմամբ պայմանավորված բնական գազի համար դրամական արտահայտությամբ վճարում են ավելի ցածր գին»: