Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
Արհեստական բանականությամբ աշխատող Ռոբին ռոբոտը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:
«Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է լինելու։
«Ռոբինը նշում է, որ այս մրցույթի մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եւ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։
Ռոբինը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել և տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, խաղալ նրանց հետ, հաղթահարել բուժման ծանր ընթացքը։ Այժմ հայկական ռոբոտի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայկական, այլև ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնները։ Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: